Բաժիններ՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը տոնում է հիմնադրման 30-ամյակը

1992 թվականից ի վեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որի հիմնադիրն ու խմբավարը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Հեքեքյանն է, յուրահատուկ կատարողականությամբ նվաճում է աշխարհը՝ հանրահռչակելով Հայաստանն ու հայկական երաժշտությունը:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին արժանացած երգչախումբը 2022-ին տոնում է հիմնադրման 30-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Հեքեքյանը պատմել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ստեղծման, նվաճումների և ապագա ծրագրերի մասին:

-Պարոն Հեքեքյան, երգչախումբը հիմնադրեցիք 1992-ին, երբ երկիրը ծանր վիճակում էր, փորձում էր ոտքի կանգնել, առաջ նայել: Ի՞նչ առաքելություն կարող էր այն իրականացնել այդ տարիներին, որո՞նք էին Հայաստանի փոքրիկ երգիչների առաջնահերթությունները:

-1992 թվականին, երբ մեր հայրենակիցներն ընտանիքներով լքում էին Հայաստանը, հասկացա, որ պետք է ստեղծել մի միջավայր, որտեղ երկրում մնացած ընտանիքները իրենց զգան երջանիկ, լույսի, ջերմության մեջ, որտեղ կլինի անաչառ մթնոլորտ, որտեղ երեխաներն իրենց տեր կզգան:

Երբ ես փոքր էի, երազում էի ստեղծել պարսպապատ մանկական քաղաք, որպեսզի մեծերի վատ բարքերը չթափանցեն այնտեղ, և այն փոքրիկ ընտանիքը, քաղաքը, որն ստեղծել ենք, ունի իր օրենքները. մեզ մոտ ավագներն ընտրվում են, գլխավոր ավագն ընտրվում է, նրանք ունեն ձայնի իրավունք, առաջարկներ, խնդիրները լուծելու հնարավորություններ ու կարողություններ: Շատ հարցերում ինքնակառավարվող մեխանիզմ է: Դեռ այն ժամանակ գիտեի, որ երգչախումբը պետք է ունենա համաշխարհային ճանաչում և այն անվանեցի «Հայաստանի փոքրիկ երգիչներ», որպեսզի ուր էլ գնանք, Հայաստանի անունը հնչի: Այսօր էլ դա նույնքան արդիական է, քանի որ մեր պետության մասին շատերը չգիտեն:

Երկուսուկես տարեկան երգչախումբը մեկնեց առաջին միջազգային շրջագայությանը. դա մեր կյանքում առաջին ու ամենաերկար ուղևորությունն էր: Եղել ենք 7 եվրոպական երկրում և ԱՄՆ-ի 15 նահանգում: Ավտոբուսով քաղաքից քաղաք էինք գնում, ելույթներ ունենում ու միանգամից մեծ ճանաչում ստացանք: Մեզ անվանում էին Հայաստանի փոքրիկ դեսպաններ, և մենք զգում էինք հայրենիքին ճանաչում բերելու, երկրի վարկանիշը բարձրացնելու առաքելությունը: Հպարտ էինք և՛ ես, և՛ փոքրիկները:

-Կարո՞ղ ենք ասել, որ ձեր առաքելությունը նաև հայկական երաժշտությունը տարածելն է:

-Մեր երգացանկում զգալի տեղ են զբաղեցնում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Շատ ենք հնչեցնում նաև արևմտաեվրոպական հեղինակների գործեր: Մենք ունենք 21 լեզվով կատարումներ: Ճապոնական 20 գործ, չինական մի քանի գործ. երգում ենք ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի գործ, սակայն արտերկրում նախընտրում ենք կատարել հայկական երաժշտություն ոչ թե այն պատճառով, որ Գերմանիայում գերմանացիներն ավելի լավ են կատարում օրինակ՝ Բախի գործերը, այլ որովհետև ցանկանում ենք մերը ճանաչելի դարձնել:

Տարիներ առաջ, երբ Իսրայելում եբրայերեն ստեղծագործություն կատարեցինք, երկրի ԱԳՆ-ի մշակույթի բաժնի պատասխանատուն հրեա խմբավարների ներկայությամբ ասաց, որ Իսրայելի երգչախմբերն այնքան լավ չեն կարողանում եբրայերեն երգել, և բոլորը համաձայնվեցին նրա հետ: Ճապոնիայից Հայաստան եկավ JVC ընկերության ներկայացուցիչը, որպեսզի այստեղ մենք տասը ճապոնական երգ ձայնագրենք խտասալիկի համար: Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ 5 մլն մանկական երգչախումբ ունեն, սակայն չեն գտել ճապոնական որևէ երգչախումբ, որն ավելի հոգեթով, ավելի գեղեցիկ կարողանա երգել ճապոնական երգեր, քան «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը:

Մեր համերգային ծրագրի առնվազն կեսն օտար լեզվով է, բայց, երբ երգում ենք Խորենացի, Մաշտոց, Շնորհալի, Օձնեցի, Նարեկացի ու հայտարարում ենք 5-րդ դար, լրիվ այլ տպավորություն է ստեղծվում: Հետո ասում ենք Կոմիտաս, անդրադառնում ենք Արթուր Արամյանին, Դավիթ Հալաջյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Ռոբերտ Պետրոսյանին, Երվանդ Երկանյանին, Շաքարյանին, Արզաս Ոսկանյանին և այլ հեղինակների: Դա մեր զենքն է, մեր ուժն է, մեր հպարտությունն է:

-Մի առիթով նշել եք, որ երգելու հնարավորություն եք տվել ոչ միայն շնորհաշատ երեխաներին, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են երգել: Մտավախություն չկա՞ր, որ այդ դեպքում կձախողեք:

-Մինչև 2002 թվականը ուղիղ տասը տարի ես ընտրում էի երեխաներին, ընտրում էի ոչ միայն ձայնով, լսողությամբ, այլև՝ տեսքով: 2002-ին, երբ մեզ ճանաչեցին աշխարհի լավագույն երգչախումբ, իսկ մինչ այդ արժանացանք «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, հասկացա, որ ավելին հնարավոր չէ անել. չենք կարող գնալ ու կրկին միջազգային մրցույթների մասնակցել, իսկ ես նախընտրում եմ անընդհատ բարձրանալ փոքրիկ սարեր, քան մեծ սարի գագաթը նվաճել ու մնալ այնտեղ: Ուստի ամենաբարձր գագաթից բացեցի դռներն ու հնարավորություն տվեցի բոլոր ցանկացողներին միանալ երգչախմբին:

Առաջին մի քանի տարին հազիվ էինք պահում մեր որակը, անգամ զգում էի, թե ինչպես ենք անկում ապրում: Այդ ընթացքում արտերկիր չենք գնացել. մի քանի տարի անց բարձրացանք ու առ այսօր գնում ենք առաջ: Այն գործերը, որոնք տարիներ առաջ դժվարությամբ էին երգում, այսօր հեշտությամբ են կատարում, որովհետև անդադար աշխատանքը բերում է տեխնիկական ու որակական հատկանիշների բարձրացմանը, սակայն հուզականը միշտ եղել է մեր ամենակարևոր խաղաքարտը:

-Գիտեմ, որ երգչախմբի անդամներին ոչ միայն բարձր արվեստին եք ծանոթացնում, ոչ միայն սովորեցնում եք սիրել երգարվեստը, այլև փորձում եք սովորեցնել սիրել աշխարհը: Ի՞նչ այլ արժեքներ եք ձգտում փոխանցել նրանց:

-Կարևոր է սերը միմյանց նկատմամբ: Եթե մարդիկ իրար չսիրեն, չեն կարող ուրիշին սիրել: Ես պաշտում եմ երգչախմբի երգիչներին՝ անկախ նրանից, որ խիստ եմ նրանց հետ: Խնդիր եմ դնում սիրել իրենց բակը, քաղաքը, իրենց գյուղը, երկիրը և մոլորակը, որն այնքան է փոքրացել, ու մենք հասկանում ենք, որ բոլորս ենք նրա համար պատասխանատու: Նրանք հոգատար են դիմացինի հանդեպ, փորձում են մեր քաղաքը մաքուր պահել: Մասնակցում ենք տարբեր միջոցառումների. մենք հաճախ ծառատունկ ենք իրականացնում: Վերջերս Մաշտոցի պողոտայում տնկեցինք վեց արևելյան սոսիներ, որոնք ապրում են մինչև 800 տարի: Փայփայում ենք այդ ծառերը. ամեն շաբաթ գնում ու ջրում ենք: Դա հողին, երկրին կապելու միջոց է: Ծառեր ենք տնկել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքում, Սրտաբանական ինստիտուտի տարածքում:

-Հոբելյանի առթիվ համերգային գեղեցիկ ծրագրով ներկայացաք, որին մասնակցեցին երգչախմբի տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ օրը: Եթե ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն լիներ, ինչ-որ բան կփոխեի՞ք:

-Բեմ բարձրացանք 60 հոգուց բաղկացած երգչախմբով. ամենափոքրը 20 տարեկան, ամենաավագը՝ 46: Միասին երգեցին մի քանի ստեղծագործություն: Երբ տարբեր սերունդներ բեմ բարձրացան, տեսնեիք, թե ինչպես էր նրանց դիմավորում դահլիճը: Շատ հուզիչ պահ էր:

Իմ կյանքում շատ բան կփոխեի, բայց երգչախումբը ճիշտ ճանապարհով է գնացել: Համերգին ոչ մի բան չէի զգում. երբ աշխատում եմ, զգալու ժամանակ չունեմ: Հետո հաճելի էր, սակայն այդ հաճույքն էլ այն բերկրանքը չի բերում, քանի որ լարումը բեմում ու մինչև բեմն այնքան էներգիա է տանում, որ քեզ թվում է՝ պարպվեցիր: Այժմ պատրաստվում ենք դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Դուրյանը մեր երգչախմբի լավագույն բարեկամն էր, մենք էլ՝ նրա: Տարվա վերջում համերգով նշելու ենք Վահագն Դավթյանի 100-ամյակը: Նա 20-րդ դարի մեր վերջին մեծ պոետն էր: Ռազմիկ Դավոյանը կանգնած է 20-21-րդ դարերի կենտրոնում, իսկ Վահագն Դավթյանը փաստորեն 20-րդ դարի վերջին պոետն էր և չնշել նրա հոբելյանն ուղղակի մեղք է, և ես բարոյական պարտականություն ունեմ երեխաներին փորձելու մոտեցնել Վահագն Դավթյանին: Պետք է մեծացնել նրա անվան ու ստեղծագործության հանդեպ հետաքրքրությունը:

-Մաեստրո, երգչախմբում սերնդափոխություն կա, երգչախմբային արվեստի պահանջները ևս փոխվում են, բայց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շարունակում է լինել ինքնատիպ ու սպասված …

-«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ունի յուրահատուկ հնչողություն, որը չես կարող շփոթել աշխարհի որևէ մանկական երգչախմբի հնչողության հետ, ունի ձեռագիր, երգելաձև: Կոմպոզիտոր Արմինե Կարապետյանը մի անգամ գրել էր՝ իրեն չի զարմացնում, որ երգչախումբը հասել է այդպիսի բարձունքների, իրեն զարմացնում է, թե ինչպես ենք տասնամյակներ մնում այդ բարձունքում: Կարծում եմ՝ միայն տաղանդը չէ. դա համալիր աշխատանք է:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս