Բաժիններ՝

Մանդարին, արքայախնձոր, բանան և ձմեռային այլ սուպերմթերքներ՝ առույգության և լավ տրամադրության համար

Ցուրտ սեզոնին արևի ջերմությունը նվազում է մեր օրակարգից, այնքան ակտիվ չենք շարժվում, որքան ամռանը, բավարար քանակությամբ վիտամիններ չենք ստանում, իսկ տոների նախօրեին աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Զարմանալի չէ, որ օրգանիզմի էներգետիկ ներուժը զգալիորեն կրճատվում է, ինչի պատճառով շատերը զգում են հոգնածություն, տրամադրությունն ընկնում է, առաջանում է ապատիա, ուշադրությունը ցրվում է, կատարողականությունը վատանում է, վիրուսներից պաշտպանությունը թուլանում է: Ինչպե՞ս վարվել:

Առավոտյան մարզվեք, ավելի շատ քայլեք, ճիշտ բաշխեք ծանրաբեռնվածությունը, ձերբազատվեք վատ սովորություններից (եթե այդպիսիք կան), ինչպես նաև ուշադրություն դարձրեք «լավ տրամադրության» մթերքներին կամ, ինչպես այժմ նորաձև է ասել, սուպերմթերքներին (անգլերենից՝ superfood): Դրանք հարուստ են տարբեր օգտակար նյութերով և երբեմն գործում են ոչ ավելի վատ, քան հակադեպրեսանտները։

Մանդարին

Հնարավոր չէ պատկերացնել Նոր տարին առանց մանդարինի։ Չինաստանում, տոնական գիշերվա նախօրեին, ընդունված է երկու մանդարին նվիրել հարազատներին և ընկերներին. դրանք Միջին Թագավորությունում ասոցիացվում են բարգավաճման և հաջողության հետ: Այն նաև հիանալի միջոց է ձմեռային սթրեսի դեմ, քանի որ այժմ այնքան են պակասում կյանքը հարստացնող դեղին և նարնջագույն գույները: Բավական է միայն նայել արևոտ ցիտրուսներին, որպեսզի վատ տրամադրության հետք անգամ չմնա։ Կարող եք նաև արոմաթերապիայի սեանս կազմակերպել մանդարինի եթերայուղով. դրա նուրբ բույրը հանում է սթրեսը, վերացնում է անհանգստությունը և վերականգնում օրգանիզմի էներգիայի պաշարները: Բայց սա դեռ ամենը չէ։ Վիտամին C-ի շնորհիվ քաղցր և թթու շերտերն ունեն ունիվերսալ իմունոստիմուլյատորների հատկություններ։ Սեզոնային վարակներից պաշտպանվելու համար բավական է օրական 1-2 մանդարին ուտել (եթե ալերգիա չունեք)։

Արքայախնձոր

Տոնական կորպորատիվ երեկույթից հետո ստամոքսում անհարմարություն զգո՞ւմ եք: Կերեք մեկ կտոր թարմ արքայախնձոր կամ խմեք մի բաժակ դրա հյութից (ցանկալի է՝ կիսով չափ եռացրած ջրով): Այս միրգը պարունակում է նյութեր, որոնք խթանում են ստամոքսի և աղիների աշխատանքը: Բացի այդ, արքայախնձորը պարունակում է «կենդանի» վիտամինների մի ամբողջ համալիր՝ A, C, B1, B2, B9, B12, PP, ինչպես նաև կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, պղինձ, մանգան, ֆոսֆոր, երկաթ, յոդ… մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամուր իմունիտետի, առողջ սրտի ու կենսուրախ ոգու համար։ Մեկ դար առաջ մրսածության, բրոնխիտի, սթրեսի և նույնիսկ հիպերտոնիայի դեպքում բժիշկները հարուստ հիվանդներին խորհուրդ էին տալիս ժամանակ առ ժամանակ արքայախնձոր ուտել:

Բանան

Ամանորյա գնումների պատճառած սթրեսն իջեցնո՞մ է զարկերակային ճնշումը: Կերե՛ք բանան։ Այն կապահովի անհրաժեշտ էներգիայով, կվերականգնի օրգանիզմում կալիումի հավասարակշռությունը և կհանգստացնի արագ սրտի աշխատանքը։ Բանանը պարունակում է նաև 5-հիդրօքսիտրիպտամին, որը սերոտոնինի նախադրյալներից է: Այն դրական է ազդում ուղեղի գործունեության վրա, մեզ լիցքավորում է լավատեսությամբ և տոնուսային հատկություն ունի։ Բանանի միակ բացասական կողմը դրա բարձր կալորիականությունն է. մեկ բանանը պարունակում է մինչև 140 կկալ, ուստի կերեք այն առանց ֆանատիզմի:

Շոկոլադ

Մուգ շոկոլադի սիրահարները (այն պետք է պարունակի առնվազն 70% կակաո), ավելի քիչ հավանական է, որ դժգոհեն վատ տրամադրությունից։ Շոկոլադը պարունակում է մի շարք հոգեակտիվ նյութեր, այդ թվում՝ ֆենիլէթիլամին՝ «երջանկության նյութ», որն օգնում է կարգավորել մեր զգացմունքները: Բացի այդ, կակաոյի հատիկները, որոնցից պատրաստվում է շոկոլադը, հարուստ են ֆլավոնոիդներով՝ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել դեպրեսիան։ Մուգ շոկոլադը նվազեցնում է նաև ինսուլտի հավանականությունը 8%-ով, իսկ սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը՝ 5%-ով։

Կանաչ թեյ

Զարմանալի չէ, որ այս ըմպելիքը մեծ ժողովրդականություն էր վայելում «հիփսթերների սերնդի» շրջանում։ Դրա մեջ ոչ պակաս կոֆեին կա, քան սուրճի մեջ, բայց այն շատ ավելի մեղմ է: Կանաչ թեյը բարելավում է հիշողությունը (հատկապես կարճաժամկետ հիշողությունը) և ընդհանուր առմամբ օգնում է ուղեղի գորշ բջիջներին ավելի լավ մտածել։ Օրական այս ըմպելիքի ընդամենը 1 բաժակը նվազեցնում է տարիքային ճանաչողական խնդիրների, օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը։ Կանաչ թեյի սովորական համը կարելի է դիվերսիֆիկացնել՝ եփել այն կոճապղպեղով, նարնջի կեղևով:

Կեֆիր

Մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով կեֆիր են խմում, ուտում կաթնաշոռ կամ մածուն, նույնպես ավելի երջանիկ են, քանի որ բնական ֆերմենտացված կաթնամթերքը հոգեբիոտիկ հատկություններ ունի: Բնական ֆերմենտացված կաթնամթերքը թեթևացնում է նյարդային լարվածությունը, նվազեցնում անհանգստությունը և կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը, միևնույն ժամանակ բարձրացնում է սերոտոնինի մակարդակը (երջանկության հորմոն):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս