Բաժիններ՝

Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv

Եվրոպական մի շարք երկրներ պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ նյութերի պակաս ունեն: Նյութերի, էներգիայի գնի թանկացումը և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից կախվածությունը կարող են սահմանափակել եվրոպական պաշտպանական արդյունաբերության վերածնունդը, զգուշացնում են ոլորտի ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է  Euractiv հրատարակությունը:

ԵՄ անդամ երկրները խոշոր ներդրումներ են անում իրենց պաշտպանական արդյունաբերություններում՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների: Այնուամենայնիվ, որոշ կարևորագույն նյութերի գները և հասանելիությունը բարդացնում են այդ գործընթացը:

«Հումքի մեծ մասը, որն անհրաժեշտ է ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար, ԵՄ-ի երկրներում չեն արդյունահանում կամ արդյունահանում են նվազագույն չափով»,-հրատարակությունը մեջբերում է Չեխիայի զենքի և պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Իրժի Հինեկի խոսքը: Հինեկը նաև նշել է փաթեթավորման նյութերի, քիմիկատների, ցելյուլոզայի և սինթետիկ կաուչուկի անբավարարության մասին: «Այդքան պահանջված զրահաբաճկոնները չէին կարող արտադրվել այստեղ, եթե նյութերը չներմուծվեին Ասիայից, հիմնականում՝ Չինաստանից: Որոշ արտադրողներ արտադրությունը տեղափոխել են հենց այնտեղ», – ասել է Հինեկը՝ հավելելով, որ իրավիճակին լուծում գտնելու համար որևէ ջանք չի տեսնում:

Ինչպես նշում է հրատարակությունը, խնդիրը խորացնում է նյութերի արժեքի աճը: Նշվում է, որ պաշտպանության ոլորտի եվրոպական առաջատարներից մեկը՝ Իտալիան, արդեն բախվել է բարձր գների ցավալի հետևանքներին: Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել:

Euractiv-ի տեղեկատվության համաձայն, դեռ մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների սկսվելը Ֆրանսիան բախվում էր միկրոսխեմաների և կիսահաղորդիչների անբավարարության խնդրին, ինչը խանգարում է սպառազինությունների արտադրությանը: Հունաստանն իր հերթին հազվագյուտ հողային տարրերի կարիք ունի, գրում է հրատարակությունը: Մյուս կողմից, Բուլղարիան և Իսպանիան այս առումով խնդիրների չեն բախվում:

Գերմանական խոշորագույն զենք արտադրող Rheinmetall ընկերության խոսնակը Euroactiv-ին հայտնել է, որ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել և ձեռք է բերել ալյումինի, պլաստիկի մեծ պաշար, ինչպես նաև կիսահաղորդիչներ և էլեկտրոնային բաղադրամասեր, հետևաբար իրենց մոտ մատակարարումների հետ կապված խնդիրներ կառաջանան միջնաժամկետ հեռանկարում: Հրատարակությունը նշում է, որ ռազմավարական և անվտանգության նկատառումներից ելնելով՝ եվրոպական պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ նյութերի դեֆիցիտի և այլ մանրամասների մասին այլևս ոչ մի մանրամասն չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս