Բաժիններ՝

Մունդիալ-2022. Ֆրանսիան պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մունդիալի գործող չեմպիոն Ֆրանսիան մրցեց Լեհաստանի ընտրանու հետ:  Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թե Ֆրանսիայի, թե Լեհաստանի ընտրանիները փոխադարձ սուր գրոհներ էին կազմակերպում:

Աշխարհի գործող չենպիոնները իրար հաջորդող մի քանի լուրջ հնարավորություններ ունեին, որտեղ իրենց հնարավորությունները չօգտագործեցին «կապույտների» առաջատարները: Լեհաստանի ընտրանին իր հերթին կարողանում էր արագ հակագրոհել: Դրվագներից մեկում Լեհերի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին հեռահար հարվածով անհանգստացրեց Լյորիսին, սակայն հարվածն արդյունավետ չէր: Ֆրանսիան խաղակեսի միջնամասում շատ մոտ էր հաշիվը բացելուն, սակայն Ժիրուն չկարողացավ արագ գործել, իսկ խաղակեսի վերջնամասում խաղը դրամատիկ ընթացք ստացավ: Լեհերը տիրել էին նախաձեռնությանը, բայց Ֆրանսիան ամուր էր պաշտպանությունում: Խաղակեսի վերջնամասում, ստանալով Մբապեի փոխանցումը, Օլիվիե Ժիրուն բացեց խաղի հաշիվը: Այս գոլով Ժիրուն դարձավ Ֆրանսիայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (52 գնդակ)՝ շրջանցելով Տիերի Անրիին:

Թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունը, լեհերն էլ հիմնականում սեփական տուգանային հրապարակում էին: Կիլիան Մբապեն, ով շարունակաբար կորցնում էր գոլային պահերը, խաղի 73-րդ րոպեին ի վերջո խփեց իր 8-րդ գնդակն աշխարհի առաջնություններում: Խաղի ավելացված ժամանակում Մբապեն ևս մեկ գոլ հեղինակեց՝ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցնելով 9-ի: Լեհաստանի ընտրանին հեղինակության գնդակը խփեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ, որը երկրորդ փորձից իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին: Ֆրանսիա-Լեհաստան՝ 3:1:

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանին կմրցի Անգլիա-Սենեգալ զույգի հաղթողի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս