Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվեցին EU4Sevan ծրագրի 2022 թվականի ձեռքբերումները
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի այս տարվա ձեռքբերումների ամփոփմանը եւ քննարկմանը նվիրված հանդիպում:
Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, EU4Sevan ծրագրային թիմը, ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա միջավայրի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սեւան խոշորացված համայնքների ղեկավարների տեղակալներ եւ աշխատակիցներ:
Ողջունելով հյուրերին՝ Քրիստիան Հենշելը նշեց, որ Սեւանա լիճը Հայաստանի համար ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակություն, ուստի լճի էկոհամակարգի պահպանումը կարեւորագույն բնապահպանական խնդիրներից է եւ ծրագրի առաջնահերթ նպատակներից: «EU4Sevan ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք միավորել հանրության տարբեր շերտեր ու տարբեր կառույցներ, որպեսզի վերջիններս համատեղ աշխատեն խնդիրների վեր հանման եւ դրանց լուծումների բացահայտման համար, ինչպես նաեւ՝ Սեւանա լճի շրջակա միջավայրի ճիշտ կառավարման համար: Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը մեր նպատակի կարեւորագույն մասն են կազմում»,-ներկայացրեց Քրիստիան Հենշելը:
Մարզի խոշորացված համայնքների ղեկավարներին ներկայացվեցին EU4Sevan ծրագրի 5 բաղադրիչների շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքներն ու արդեն իսկ գրանցած արդյունքները: Քննարկվեցին եւ բացահայտվեցին փոխադարձ շահերը, ինչպես նաեւ հետագա շարունակական համագործակցության եզրերը:
Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար եւ հավաստիացրեց, որ մարզպետարանի և ՏԻՄ-երի կողմից կարվի հնարավորը՝ ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը (բազմադոնորային գործողություն) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Խոսրով Խլղաթյան