Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Իրանն ունի նյութեր մեկից ավելի միջուկային ռումբի ստեղծման համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հիասթափություն և ափսոսանք է հատնել, որ իր կազմակերպությունը գրեթե երկու տարվա ընթացքում չի կարողանում հսկողություն իրականացնել Իրանի միջուկային ծրագրի կատարման նկատմամբ: Ինչպես նա հայտարարել է Միլանի Պոլիտեխնիկական համալսարանում, Իրանը բավականաչափ նյութեր ունի մեկից ավելի միջուկային ռումբի ստեղծման համար: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Իրանն այսօր ունի բավականաչափ միջուկային նյութ՝ ոչ մեկ ռումբ արտադրելու համար: Դա չի նշանակում, թե նրանք ռումբ են պատրաստում, բայց այդ հարցում լիակատար թափանցիկություն է անհրաժեշտ», – ասել է  Գրոսին:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ Իրանն ունի հնարավորություն՝ պարզաբանելու առաջացած կասկածները: «ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանի կողմից ատոմի կիրառման վերահսկման ուղղությամբ: Մենք երկրին տալիս ենք ցանկացած հնարավորություն մեզ մոտ ծագած կասկածները և անհանգստությունները պարզաբանելու և պակասող տեղեկատվությունը տրամադրելու համար: Դժբախտաբար, 2021 թվականի փետրվարի 23-ից Իրանը չի կատարում իր պատավորությունները, ուստի գրեթե երկու տարի ՄԱԳԱՏԷ-ն չի կարողացել իրականացնել ուրանի հարստացման աշխատանքների ստուգումներ և մոնիթորինգ»,- հավելել է նա:

Դեկտեմբերի 2-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ «Իրանի հետ այժմ բարդ պահ է»: «Մենք այց էինք պլանավորել նոյեմբերի վերջին՝ այդ օբյեկտներն ստուգելու համար, բայց Թեհրանն առաքելությունը դադարեցրեց: Իրադրությունը լճացման վիճակում է, Իրանը հայտարարել է հարստացված ուրանի արտադրությունը եռապատիկ ավելացնելու մասին», – ասել է Գրոսին:

Նոյեմբերին Իրանը հայտարարել է, որ կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համաձայնությունները գործակալության կողմից ընդունված վերջին բանաձևի պատճառով: Բանաձևով գործակալությունը Թեհրանին կոչ է արել արագ կարգով պարզաբանել միջուկային օբյեկտներում հայտնաբերված միջուկային նյութերի ծագումը, տրամադրել փաստաթղթեր և մուտքի հնարավորություն այդ օբյեկտներ:

Բանաձևի նախագիծը, որը ներկայացվել էր ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին, մշակվել Միացյալ Նահանգների և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից: Իրանում բանաձևը համարում են Իսլամական Հանրապետության վրա քաղաքական ճնշում գործադելու միջոց: Այս ամենից հետո Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս: 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ)՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման նպատակով:

2018 թվականին այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս