Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։