Կառավարությունը ֆինանսական աճպարարություններ անելու հող է նախապատրաստում
Տարին մոտենում է ավարտին, իսկ Հայաստանի կառավարությունը հապշտապ ընդունում է ֆինանսական տարակուսելի շարժեր ու հավելյալ ծախսեր ենթադրող նախագծեր։ Տպավորություն է, թե նման գործելաոճը միտումնավոր է, որպեսզի տարեվերջյան թոհուբոհի մեջ կառավարության գործունեությունը վրիպի քաղաքացիների ուշադրությունից և մնա աննկատ, հետևաբար նաև՝ զերծ քննադատությունից ու դժգոհության ալիքից։
Դեկտեմբեր ամսվա կառավարության առաջին նիստին կառավարությունը հանդես եկավ այս տարվա պետական բյուջեի մասին օրենքով ինքն իրեն բացառություն սահմանելու հնարավորություն տալու նախաձեռնությամբ, որի մասին այժմ առավել մանրամասն կխոսենք։
Այսպես, կառավարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով նախատեսվում է 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծրագրերին կամ ծրագրերի մեջ ներառված միջոցառումներին հատկացված ընդհանուր գումարը վերաբաշխել 5%-ի սահմաններում այլ ծրագրերի կամ միջոցառումների միջև։ Գործող օրենքը կառավարությանը թույլատրում է առանց Ազգային ժողովի վերաբաշխում անել միայն հաստատված հատկացումների 3%-ի սահմաններում։ Իսկ առաջարկվող նախագծով նախատեսվում է կառավարությանը տալ այդ սահմանաչափը գերազանցող վերաբաշխումներ անելու հնարավորություն։
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական այս փոփոխությունը, քանի որ արդեն իսկ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3%-ի սահմաններում վերաբաշխել է նույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները, մինչդեռ մինչև տարեվերջ առկա են մի շարք կարևորագույն ուղղություններով վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտության ռիսկեր։
Հարկ է հիշել, որ ներկայիս իշխանությունների պրակտիկայում սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը դիմում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով բացառություն սահմանելու հնարավորությանը։ Այսպես, 2020 թվականի ապրիլին պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կառավարությունը հանդես եկավ նմանօրինակ նախաձեռնությամբ՝ նպատակահարմարությունը բացատրելով, թե ստեղծված իրավիճակից ելնելով ակնկալվող եկամուտները չեն ստացվելու, իսկ կառավարության հիմնական ծախսերը պահպանվելու են և արտակարգ դրության պայմաններում Կառավարությունը ճկունության կարիք ունի։ 2020-ին այս նախաձեռնությունը բուռն քննարկման արժանացավ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների շրջանում։
Մասնավորապես նշվում էր, որ այդպես պակասում է խորհրդարանի վերահսկողական գործառույթը, քանի որ բյուջեի ներսում համապատասխան տոկոսից դուրս արված յուրաքանչյուր շարժի համար Կառավարությունը պարտավոր է գալ խորհրադարան, իսկ տվյալ փաթեթի ընդունմամբ մինչև տարեվերջ Կառավարությունը կարելի է ասել «ազատ» է կատարել ցանկացած ֆինանսական շարժ։
Եթե 2020 թվականի դեպքում Կառավարությանը նման ճկունություն ընձեռելու դրդապատճառները ինչ-որ չափով ընկալելի էին, ապա այդպիսիք հիմա ի սպառ բացակայում են։ Բացի այդ, կառավարությունը ցանկացած պահի կարող է դիմել Ազգային ժողով՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցով և արդյունքում ստանալ համապատասխան վերաբաշխում կատարելու համաձայնությունը՝ այն էլ, երբ Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում։
Տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը ոչ թե ճկունությունն ու ժամանակի խնայումն է ու այս կամ այն հարցի հրատապությունը, այլ այս գործիքով կատարվելիք վերաբաշխումների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը կոծկելը։ Բոլորս դեռ վառ հիշում ենք 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքագրված 52 մլրդ 703 մլն դրամ գումարի մի զգալի մասի ճակատագիրը, որը փոխանցվել էր կառավարությանը և որի տնօրինումը կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել, վատնումը մինչ օրս քննության առարկա է։
Մեկ այլ դրվագ. 2021թ. հունվարի 14-ի կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացվեց ավելի քան 2.5 միլիարդ դրամ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որից ծախսերը, ըստ որոշմանը կից առկա փաստաթղթերի` իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով։
Հասարակության մոտ այս որոշումը միանգամից կասկած առաջացրեց, որ վերաբաշխումը կատարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքագրված և կառավարությանը փոխանցված գումարներից, և որ մասնավորապես քարտի միջոցով կատարված կանխիկ գործարքները լինելու են անվերահսկելի։
Եվ որքան էլ որ կառավարությունը խոսեց կատարված ծախսերի նպատակահարմարության մասին, իսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ որքան ինքն է տեղյակ տվյալ բանկային քարտերից կանխիկ որևէ գումար չի ծախսվել, միևնույն է ասածները ապացուցող հիմնավոր փաստարկներ այդպես էլ չներկայացվեցին։
Հիմնավոր կասկածները տեղիք են տալիս մտածելու, որ կառավարությունը տարեվերջին այսպես «կքամի» բյուջեն՝ գումարները բաշխելով յուրային ՀԿ-ների, ՊՈԱԿ-ների և փոխշահավետ գնման գործընթացների միջև։
Կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը մոտակա ժամանակահատվածում՝ ենթադրաբար արտահերթ նիստի օրակարգով կներկայացվի Ազգային ժողով։