Կառավարությունը ծուղակ է լարել. քաղաքացիներին սպասվում է հարկային նոր բեռ

Շատերը հավանաբար գիտեն, որ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում միայն այն գույքը, որի համար կա տրամադրված սեփականություն իրավունք, այլ դեպքերում՝ այսպես ասած ինքնակամ շինությունների դեպքում անշարժ գույքի հարկ չի գանձնվում, քանի որ վերջինս չի համարվում հարկման օբյեկտ։ Ինչ վերաբերում է անավարտ շինությունների մասով անշարժ գույքի հարկի հաշվարկմանը, ապա այստեղ սահմանված է ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակից, որի կիրառությունը կախված չէ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգումներից։

Բանն այն է, որ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի նախատեսվում է այսուհետ անշարժ գույքի հարկով հարկել նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինու­թյուն­ները, ավելացնել անա­վարտ շինու­­թյունների գծով քաղաքացիների հարկային բեռը և շինարարության թույլտվությունների երկարա­ձգ­ման համա­ր նախատեսել բավական բարձր տեղական տուրքեր: Նախաձեռնության էությունն առավել պարզ հասկանելու համար ներկայացնում ենք ս.թ. դեկտեմբերի 1-ի կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքը։

«Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շենքի համար:

Հաջորդը, անավարտ շինություններն ավարտին չհասցնելու պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են: Օրինակ, Երևանում, ցանկացած գոտում, օրինակ 5000 քմ շինարարության համար տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500.000 դրամ: Մենք առաջարկում ենք այդ դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության: Այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Մասնավորապես, Երևանում 5000 քմ տարածքի համար շինթույլտվության տուրքը կկազմի ոչ թե 500․000, այլ 5․000․000 դրամ:

Նախատեսում ենք նաև, որ երկրորդ, երրորդ անգամ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար պետք է վճարվի ավելի բարձր դրույքաչափով տուրք, քան առաջին անգամ էր վճարել:

Երևանում սա վերաբերելու է բոլոր շենք-շինություններին, Երևանից դուրս չի վերաբերելու բնակելի տներին, իսկ սահմանամերձ բնակավայրերում որևէ փոփոխություն չի լինի»:

Ստացվում է, որ այս նոր նախագծի ընդունման արդյունքում, ըստ փաթեթին կցված հիմնավորման` ակնկալվում է վերանայել պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների հարկման ընթացակարգերը, ինչպես նաև վերանայելով անավարտ շինությունների գծով հարկային բեռը և շինարարության թույլտվությունների երկարաձգման համար նախատեսելով բավական բարձր տեղական տուրքեր՝ նախատեսել խթաններ անավարտ շինությունների քանակը կրճատելու համար:

Սակայն ներկայացված այս հիմնավորման և ընդհանուր նախագծի մեջ կա թաքնված մեկ կետ, որն իրական հարկային թակարդ է մեր քաղաքացիների համար։

Հետաքրքրական է, որ մինչև այս նախագծի շրջանառության մեջ դրվելը 2022թ.-ի տարեսկզբին կառավարությունը ընդունեց ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգը։ Որոշումն առավել հետաքրքրել էր չգրանցված ավտոտնակներ ունեցող քաղաքացիներին, ովքեր սեփական միջոցներով ապահովեցին չափագրումների իրականացումը, հաշվառման համար բոլոր անհրաժեշտ տվյալները մուտքագրեցին Կադաստրի կոմիտե՝ փաստացի հաշվառելով գույքը, սակայն դրա դիմաց տվյալ գույքի սեփականության վկայական չստանալով։

Ըստ այդ որոշման ու ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից տարածած հայտարարության՝ հետագայում օրինականացման դիմելու համար ինքնակամ շինությունները պետք է հաշվառված լինեն Կադաստրի կոմիտեում և դրա համար Երևան քաղաքում մինչև 2021թ. հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար նշանակվել է վերջնաժամկետ՝ մինչև 2023թ. հունվարի 1-ը, մյուս քաղաքային բնակավայրեր ունեցող համայնքներում՝ մինչև 2024թ. հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերի համար ինքնակամ կառուցների հաշվառման ժամկետ է սահմանված մինչև 2025թ. հունվարի 1-ը։

Կարելի է արդեն ենթադրել, թե ինչով է պայմանավորված անշարժ գույքի հարկման այս նոր նախագծի արագ շրջանառության մեջ դրվելը։ Փաստացի, այս քայլով ապահովվեց ինքնակամ կառույցներ ունեցողների տվյալների բազայի առկայությունը, որի հիման վրա էլ հետագայում անշարժ գույքի հարկման այս նոր նախագծով հաշվառված ինքնակամ կառույցները նույնպես կենթարկվեն հարկման։

Հաշվի առնելով, որ տվյալ կառույցների օրինականացման գործընթացի՝ ասել է թե սեփականության վկայականների տրամադրման համար որևէ հստակ ժամկետ սահմաված չէ, քաղաքացիները կարող են տարիներ շարունակ հարկվել մի գույքի համար, որը շահագործում են, սակայն որպես սեփականություն իրենց չի պատկանում: Անգամ հնարավոր է, որ օրերից մի օր սեփականություն իրավունքի տրման մասով կառավարության մերժման հիմքով նշված գույքը պատկան մարմինների կողմից քանդվի կամ ապամոնտաժվի։ Ի դեպ, ՀՀ կառավարությունն օրենսդրական այս նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և պատրաստվում է սահմանված կարգով այն ներկայացնել Ազգային ժողով։

Կառավարության վարքագիծը հուշում է, որ հրատապությունն ամբողջությամբ պայմանավորված է հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ մտցնելու հարցով և այդ միջոցով տարվա կտրվածքով քաղաքացիների հաշվին հարկային հավելյալ եկամուտներով պետական բյուջեի բացերը լցնելու խնդրով։

Տեսանյութեր

Լրահոս