«Թուրքիայի օպերացիան ունի երեք հիմնական նպատակ. նման գործողություններն անհանգստացնում են տարածաշրջանային երկրներին». Թուրքագետ
Նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքի ու Սիրիայի քրդաբնակ շրջանների նկատմամբ։ Այս գործողությունների մասին Թուրքիայի նախագահն այս տարվա գարնանը հայտարարել էր, վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի հաճախ էր կրկնում նման գործողություններ սկսելու մասին։
Ի վերջո, այս փուլում Թուրքիան ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել, ռազմական գործողություններն ինչպե՞ս կանդրադառնան Մերձավոր Արևելքի երկրների ու առհասարակ տարածաշրջանի վրա։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ նախ հիշատակեց Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, ընդգծելով՝ երբ այս գարնան վերջերին Էրդողանը հայտարարել է ռազմական գործողություններ սկսելու մասին, դա միայն ժամանակի խնդիր էր։ Բացի այդ, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո օդային ռմբակոծությունները Սիրիայի ու Իրաքի քրդաբնակ շրջաններում սպասելի էին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան։
«Բացի այս օդային հարձակումներից, Թուրքիան նաև հայտարարում էր, որ պետք է տեղի ունենա անդրսահմանային՝ ցամաքային զինված օպերացիա։ Թուրքիան սիրում է այդ օպերացիաները տարբեր հնչեղ անուններով կոչել, «Եփրատ», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր», իսկ այժմ էլ այս օպերացիան, որը վաղուց էր մշակվում, անվանել է «Ճանկով սուր»։ Օդային հարձակումներից հետո Թուրքիան հայտարարեց, թե 184 ահաբեկիչ է ոչնչացվել, սակայն այդ տվյալները որևէ մեկը չի կարող ստուգել։
Ըստ Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների, մասնավորապես՝ Էրդողանի օգնական Իբրահիմ Քալընի, այս օպերացիան ունի երեք հիմնական նպատակ։ Առաջինը՝ ոչնչացնել, այսպես կոչված, քրդական ահաբեկչական միավորները, որոնք կապված են քրդական բանվորական կուսակցության հետ։
Երկրորդը՝ կանխարգելել քրդական այդ միավորումների կողմից վերահսկվող տարածքներում ահաբեկչական պետականության ստեղծումը։ Գիտենք, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվել է մի տարածք, որը պարունակում է պետականության ձևավորման սկզբնական սաղմերը, որը քրդերը «Ռոժավա» են անվանում։ Հետևաբար՝ թուրքերի նպատակն է՝ կանխել Սիրիայի կազմում ինքնավար որևէ միավորի ձևավորումը։
Երրորդը՝ տարածքն ազատեն, որպեսզի, իրենց իսկ հիմնավորմամբ, Թուրքիայում գտնվող 2,5 մլն սիրիացի փախստականներին վերադարձնեն այդ տարածքներ»,- նշեց Անուշ Հովհաննիսյան։
Ըստ նրա, կարծիքներ են հնչում, որ Թուրքիայի կողմից այժմ սկսված գործողությունները պատասխան են Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությանը, ինչը տեղի հատուկ ծառայություններն անմիջապես կապեցին քրդական ահաբեկչական շարժման հետ։ Սակայն այդ շարժումն այս անգամ որևէ հայտարարություն չտարածեց և չստանձնեց ահաբկչության պատասխանատվությունը։ Այս ամենից զատ, Թուրքիայի որոշ պաշտոնատար անձինք մեղադրել են Ռուսաստանին, թե ՌԴ-ն չի կատարել Սոչիում իր ստանձնած պարտավորությունները, այն է՝ ազատել Մ-4 մայրուղին՝ միջանցքը։
«Հաշվի առնելով Ռուսաստանի թուլացումը տարբեր տարածքներում, որոնք նրա հսկողության տակ էին գտնվում, օրինակ, Հարավային Կովկասը, որտեղ Մոսկվան բավականին թուլացրել է իր դիրքերը, նաև Սիրիայում է իր դիրքերը թուլացրել, ուստի Թուրքիան օգտվելով առիթից, ինչը նրան բնորոշ է, փորձում է իր նպատակներն իրականացնել։ Սիրիայում նրա հեռահար նպատակը 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումն է՝ ըստ էության Սիրիայի սուվերեն տարածքում, այսինքն՝ այլ երկրի սուվերեն տարածքն ամբողջովին վերցնել հսկողության տակ»,- շեշտեց Անուշ Հովհաննիսյանը։
Միաժամանակ թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիայի սկսած գործողությունները պետք է դիտարկել հաջորդ տարի երկրում սպասվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների տեսանկյունից։ Եվ քանի որ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժի վարկանիշը, բոլոր հարցումների համաձայն՝ աստիճանաբար անկում է ապրում, ինչը հիմնականում պայմանավորված է Թուրքիայի տնտեսության վատթարացմամբ, ուստի պետք է շեղեն բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից։ Տվյալ պարագայում բոլոր պետություններին օգնության է հասնում «փոքրիկ հաղթանակած պատերազմը», որը բարձրացնում է ազգայնական ալիքը, և տվյալ պարագայում, նույնիսկ Էրդողանի ընդդիմադիր ուժերը հավանություն են տվել քրդական շրջանների ռազմական օպերացիային։
«Իհարկե, նման գործողություններն անհանգստացնում են տարածաշրջանային երկրներին՝ Իրաքին, Իրանին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին։ Պետք է նկատի ունենանք, որ մինչև այս գործողությունները սկսելը Թուրքիան մեծ դիվանագիտական արշավ էր սկսել՝ կարգավորելու իր վատ հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի հետ, որը համաձայնել է բավականին մեծ գումար պահ տալ թուրքական բանկերին, որը կօգնի կարգավորել Թուրքիայի տնտեսական վիճակը։ Այո, չի բացառվում, որ այս գործողությունները կարող են ապակայունացնել տարածաշրջանի վիճակը։
Թուրքիան հարվածները հասցնում է ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև խաղաղ բնակչությանը, այսինքն՝ Թուրքիան գնում է ժողովրդական ընդվզումը խեղդելու, որպեսզի ժողովուրդը դադարի պայքարել քրդական ինքնավարության համար։
Շատ կարևոր է նաև, որ Թուրքիան տարածաշրջանի երկրների հետ պայմանավորվելու գործընթացում չի բացառում հանդիպում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Եթե մինչ այս նա համարում էր, որ Ասադը բռնակալ է և այլն, ապա հիմա չի բացառում հանդիպումը։ Ըստ էության հիմա Սիրիայի նախագահը մնացել է առանց ուժեղ հովանավորների՝ Մոսկվայի ու Իրանի, որոնք այս պահին զբաղված են իրենց խնդիրներով։ Ոստի Թուրքիան կարծում է, որ այս պահին նրա հետ հանդիպելիս կարող է «առևտուր» անել և համաձայնության գալ, մտածելով, որ Ասադը մնալով առանց հովանավորների՝ կարող է, ի վերջո, իր երկրի տարածքը կիսել Թուրքիայի հետ»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։