ԲԴԽ-ն՝ կառափնարան դատավորների համար. ինչպե՞ս կասեցնել գիլիոտինի գործողությունը

Նոյեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ որոշում հրապարակեց, ըստ որի՝ կազմում և հաստատում են Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները՝ համաձայն հավելվածի, և Ազգային ժողովին առաջարկում սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն պալատների դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:

Առհասարակ առաջխաղացման ցուցակները բավականին կարևոր են ցանկացած դատավորի աշխատանքային ու մասնագիտական կենսագրության մեջ, և ինքնին այդ ցուցակների մեջ ոչ մի արգահատելի բան չկա: Մարդիկ աշխատում են, ու առաջխաղացման հնարավորություն պիտի ունենան: Բայց հատկանշական է, որ այդ ցուցակներում հանգրվանած անուններն այնքան կանխատեսելի են, ու ընտրությունը՝ այնքան պարզ, որ դեռ ցուցակները չկազմած՝ թե լրատվամիջոցները, և թե համակարգը հիմնականում գիտի՝ ովքեր են հայտնվելու այնտեղ, ու առավել ևս՝ ովքեր են անցնելու:

Այս համատեքստում ուշագրավ է ԲԴԽ անդամների առաջխաղացումը, ինչի հեռանկարով էլ հենց պայմանավորված է նրանց՝ ԲԴԽ յուրաքանչյուր նախագահի հլու-հնազանդ ծառայելու պատրաստակամությունն ու ցանկալի որոշումները դակելով՝ իրենց հարցերը լուծելը:

Մոտ 1.5 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ ԲԴԽ անդամ, Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը դարձել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Կարդացեք նաև

Ավելի վաղ էլ իջևանցի Լիպարիտ Մելիքջանյանն էր դարձել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր: Ի դեպ, Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ անդամ էր դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավոր «Ելք» դաշինքի քվոտայով:

Ամռան սկզբին էլ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:

Իսկ հիմա արդեն ԲԴԽ երբեմնի ամենասկզբունքային անդամի համարում ունեցող Անի Մխիթարյանը, ըստ ամենայնի, կդառնա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը ԲԴԽ-ում լրանում է 2023թ., այսինքն՝ մի քանի ամսից, և ուրեմն ինչո՞ւ չլուծել ապագայի հետ կապված հարցերը, չլռել, համաձայնել Կարեն Անդրեասյանի բոլոր որոշումների հետ ու ունենալ երաշխավորված տեղ Վճռաբեկ դատարանում:

Ստացվում է, որ ԲԴԽ-ում հայտնված ցանկացած ոք ի սկզբանե գիտի, որ ճիշտ պահին ճիշտ դիրքավորվելու պարագայում իր ձայնի դիմաց կարող է ստանալ ցանկալի պաշտոնը:

Սրա լուծումը մեկն է. նվազ գայթակղիչ ու կանխատեսելի դարձնել ԲԴԽ անդամի պաշտոնը, իսկ դրա համար ընդամենն անհրաժեշտ է  օրենքով արգելել ԲԴԽ անդամի առաջխաղացումը պաշտոնավարման ողջ 5-ամյա ժամկետի ընթացքում, որ, ասենք, Արթուր Ստեփանյանի դեմ որոշման ձայնն Անի Մխիթարյանի համար չունենա Վճռաբեկ դատարանում նշանակվելու գին:

Հատկանշական է, որ ԲԴԽ բոլոր դատավոր անդամները, առանց բացառության, իրենց՝ ԲԴԽ-ում հայտնվելուց հետո թռիչքաձև առաջխաղացում են ունեցել կարճ ժամանակում, բնականաբար, Նաիրա Հովսեփյանին նկատի չունենք, ով դեռ բոլորովին նոր է պաշտոնավարում Խորհրդում:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրությանը, ապա այստեղ էլ կա հնարավոր ֆավորիտ:

Եթե ուշադրություն դարձնենք այն անուններին, ովքեր անցել են Ռուբիկ Մխիթարյանի «թրի տակով», կհասկանանք, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ այս եռյակից կդառնա Վճռաբեկ դատարանի դատավոր… Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան… Այս անձինք ազատազրկված են մնացել հենց Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ:

Կանխատեսելի թեկնածուի անուն կա նաև Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմը հնարավոր համալրողների մեջ:

Այս եռյակում, ըստ էության, ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացի Արման Կուրեխյանն է, ով երկու տարի առաջ, երբ սկսվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) գլխատումը, նաև ՍԴ դատավորի թեկնածու էր: Այդ ժամանակ, սակայն, նրա փոխարեն ՍԴ անդամ դարձավ Երվանդ Խունդկարյանը:

Չի բացառվում, որ հիմա կփորձեն «շտկել» թյուրիմացությունը:

Ինչևէ, երեք եռյակների բոլոր թեկնածուները հանդես են գալու ԱԺ-ում, և մենք հնարավորություն կունենանք թե տեսնելու մեր կանխատեսումների արդյունքները, թե ծանոթանալու նրանց հրապարակային ելույթներին, թե հարցերին պատասխանելու կարողություններին, թեպետ անհարմար հարցեր, եթե ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեն ընտրությանը, իհարկե, չեն հնչի:

Տեսանյութեր

Լրահոս