ԲԴԽ դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի լռության ու հնազանդության գինը

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) արդեն իսկ նոր նախագահ ունի՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, ով Ազգային ժողովում նախ միայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից ընտրվեց որպես «իրավաբան-գիտնական» անդամ, ապա հաջորդ օրն իսկ արագացված տեմպերով՝ նաև ԲԴԽ նախագահ:

Այն ԲԴԽ-ն, որն ամիսներ առաջ՝ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո, չընտրեց նախագահ, ու Խորհուրդը Սերգեյ Չիչոյանը ղեկավարում էր միայն ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, մի քանի րոպեում ԲԴԽ նախագահ ընտրեց Կարեն Անդրեասյանին, այն Կարեն Անդրեասյանին, ով դատավորների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունի, ով համարում է, որ համակարգում մի քանի տասնյակ կաշառակեր ու պատվեր կատարող դատավորներ կան, բայց դրանց թվում չի նշում, օրինակ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին, ում անունը՝ որպես կաշառակեր դատավորի, Կարեն Անդրեասյանը նշել էր 2013թ. ՄԻՊ պաշտոնում իր գրած հայտնի սկանդալային զեկույցի մեջ:

«2013 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակվեց ՄԻՊ-ի կողմից արդար դատաքննության վերաբերյալ զեկույցը: Այդ զեկույցի մասին շատերն են խոսել, այսօրվա իշխանություններն առավել հաճախ են խոսում, չնայած վստահ եմ՝ չեն էլ կարդացել: Շատերը նկատել էին միայն զեկույցում առկա «կոռուպցիոն մեխանիզմներ» բաժինը, սակայն մյուս բաժիններում շատ ավելի կարևոր հանգամանք կա: Զեկույցում վերլուծվել էին կոնկրետ կարգապահական խախտումներ թույլ տրված դատավորներ և իրենց նկատմամբ երկակի ստանդարտի խնդիրը: Ըստ զեկույցի՝ Արդարադատության խորհուրդը (ներկայիս Բարձրագույն դատական խորհուրդ) հաստատել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, ով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱՆՀԻՄՆ որոշում էր կայացրել և արդյունքում կոնկրետ անձ 2 ամսից ավելի կալանավորված էր եղել, որոշել էր այդ ԴԱՏԱՎՈՐԻՆ հայտարարել «նկատողություն՝ 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով»,- այդ առնչությամբ գրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ զեկույցում հստակ նշված է դատավորի անունը՝ Մհեր Արղամանյան:

Թե ինչ կատարվեց մի գիշերում, որ հաջորդ օրը ԲԴԽ անդամները գլխիկոր հնազանդությամբ նախագահ ընտրեցին Կարեն Անդրեասյանին, դժվար է ասել, հատկապես դժվար է հասկանալ ԲԴԽ՝ հատկապես դատավոր-անդամներին:

Կարդացեք նաև

Շատերն են նշում, որ նախկինում, երբ նախագահի ժ/պ էր Գագիկ Ջհանգիրյանը, հարցերը դատավորների հետ լուծվում էին «փափուկ ուժի» կիրառման սկզբունքով՝ տարատեսակ խոստումների միջոցով, որոնք, հանուն արդարության պետք է ասել, որ հիմնականում կատարվում էին.  դա էր ԲԴԽ դատավոր-անդամների լռության ու հնազանդության գինը:

Ուշագրավ է, որ երբ առգրավվեց, ապա գրեթե մեկ տարի չգործեց գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, և բոլորը հասկանում էին՝ ինչու, դատավոր-անդամներն առանձնապես չէին անհանգստանում, բացառությամբ թերևս Անի Մխիթարյանի, ով իրավաբան-գիտնական արդեն նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ միասին փորձում էր օր առաջ հասնել համակարգի վերագործարկմանը:

Ի դեպ, Գրիգոր Բեքմեզյանը միակն էր ԲԴԽ անդամներից, ով իր հնարավորությունների սահմաններում թե՛ հրապարակային դաշտում, թե՛ ԲԴԽ ներսում փորձում էր իրավիճակ փոխել, և, ի վերջո, տեղի տվեց համատարած անտարբերությանն ու հրաժարականի դիմում ներկայացրեց:

«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։ Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ»,- իր հրաժարականի տեքստում գրել էր Գրիգոր Բեքմեզյանը:

Կարեն Անդրեասյանի դեպքում, բնականաբար, չի լինի այն իրավիճակը, ինչ Գագիկ Ջհանգիրյանի դեպքում էր, բայց դա արդեն էական էլ չէ. ԲԴԽ անդամներն իրենց ընտրությունը կատարել են, իսկ 168.am-ը հերթով կներկայացնի նրանց լռության գնի մասին տեղեկություն:

Օրինակ, ԲԴԽ դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանը, ով հանրությանը հայտնի է «Սասնա ծռերի» և «Նորք-Մարաշի զինված խմբի» աղմկահարույց դատավարություններով, մինչ ԲԴԽ-ում հայտնվելն ուներ սկզբունքային դատավորի համարում: Միգուցե հիմա էլ ունի: Միայն թե այդ սկզբունքային դատավորը «երջանիկ պատահականությամբ» դառնում է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղի թեկնածու՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

Թեպետ նախագահին նրա թեկնածությունը ներկայացնելու որոշումը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, սակայն առաջխաղացման ցուցակում Մեսրոպ Մակյանի անունը շատ ավելի վաղ է հայտնվել, և դժվար չէ գուշակել՝ երբ:

Մեսրոպ Մակյանի մինչանդրեասյանական ԲԴԽ-ական ներքին շարժերի մասին, ընտանիքի անդամներին ԲԴԽ-ում փոխադարձաբար տաքուկ տեղավորելու մասին՝ այլ առիթով:

Տեսանյութեր

Լրահոս