Պետբյուջեից հավելյալ գումար կտրվի ՏՏ ոլորտին՝ որպես աջակցություն
Կառավարությունը կշարունակի հարկային արտոնություններ տալ ՏՏ ոլորտի կազմակերպություններին. ավելին՝ այս ոլորտի ընկերությունները հարկային արտոնություններից զատ՝ կստանան նաև այլ տեսակի աջակցություն պետբյուջեի հաշվին։
Նշենք, որ ՏՏ ոլորտի կազմակերպություններն առանց այն էլ գործում են արտոնյալ պայմաններում. այդ ընկերությունները պետական բյուջե չեն վճարում շահութահարկ, իսկ եկամտահարկի դրույքաչափը սահմանված է 10 %. համեմատության համար նշենք, որ ի տարբերություն ՏՏ ոլորտի ընկերությունների, այլ ոլորտում ներկայացված ընկերությունները վճարում են և շահութահարկ, և կրկնակիից ավելի չափով եկամտահարկ։
Հիմա Կառավարությունը որոշել է նախ ՏՏ ոլորտին տրված այս արտոնությունների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, դրանից բացի, հատկացնել նաև պետական աջակցություն։
Նշենք, որ 2015 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: Մասնավորապես՝
2015 թվականին հավաստագրվել է 65 ընկերություն,
2016 թվականին հավաստագրվել է 103 ընկերություն,
2017 թվականին հավաստագրվել է 270 ընկերություն,
2019 թվականի հավաստագրվել է 230 ընկերություն,
2020 թվականին հավաստագրվել է 192 ընկերություն,
2021 թվականին հավաստագրվել է 210 ընկերություն:
Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրներն այլ երկրների քաղաքացիներ են։