Մինչ մենք զբաղված ենք խաղաղություն մուրալով, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և պատրաստվում նոր պատերազմի․ Կարեն Հովհաննիսյան
Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային նոր պատերազմի, ընդ որում՝ այն չի լինելու 44-օրյայի մասշտաբի, ոչ էլ անգամ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ռազմագործողությունների պես, այլ ծավալվելու է Հայաստանի խոր թիկունքում։ Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Բաքվի բռնապետն անընդհատ հոխորտում է, որ հարցը կլուծի ռազմական ճանապարհով, իսկ այս պահին այդ հարցը նույնիսկ ոչ թե Արցախն է, այլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որի մասին Ալիևը խոսում է դեռևս 2020-ի դեկտեմբերից։ Այս ընթացքում Հայաստանը բավական մեծ պոտենցիալ ուներ նախապատրաստվելու, ի մի բերելու ներքին և արտաքին քաղաքական ուժերը, ռազմաքաղաքական արենայում էլ պատրաստվելու նրան, ինչին պատրաստվում է Ադրբեջանը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Եթե մենք Ադրբեջանի հետ հավասարապես պատրաստվենք պատերազմի, միանշանակ է, որ պատերազմ չի լինի։ Բայց եթե խաղաղության մեր ձգտումն Ադրբեջանն ընկալում է որպես թուլություն, տեսնում է, որ ՀՀ-ն ոչինչ չի ձեռնարկում, մեր քայլերն էլ ուղղված են խաղաղության պայմանագրի կնքմանը, ինքը պատրաստվում է պատերազմի։ Իսկ եթե մենք էլ պատրաստվեինք, զենք-զինամթերքի և սպառազինության հետևից գնայինք, վստահորեն կարելի է պնդել, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվեր։ Նոր ձևավորված պաշտպանական գիծը գտնվում է այնպիսի տեղանքում, որտեղ հնարավոր է ամրաշինական աշխատանքներ իրականացնել միայն որոշակի ամիսների՝ ելնելով եղանակային պայմաններից։ Բացի այդ, մինչև սեպտեմբերի 13-ն իրականացված ինժեներական աշխատանքներն այլևս չկան, և մենք կրկին կանգնել ենք 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի առաջ, այսինքն՝ չունենք ոչինչ, և նոր բնագիծ է պետք ձևավորել»,- ասաց փորձագետը:
«Ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ առաջնագծում մեկ անգամ ներդրում կատարելով՝ հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել, այնտեղ անհրաժեշտ է անընդհատ ներդրումներ կատարել։ Հնարավոր է՝ որևէ բան ֆիզիկապես նոր է, սակայն բարոյապես մաշված է և այլևս անհրաժեշտ չէ առաջնագծին։ Մեր ժամանակներում դա ամիսների հարց է, և այն, ինչը տարեսկզբին պետք էր, տարեվերջին կարող է բարոյապես մաշվել։ Ինչպես պետությունը, այնպես էլ հասարակությունը պետք է այս ոլորտում անընդհատ ներդրումներ անեն։ Երկու տարում հսկայածավալ աշխատանք է կատարվել, բայց տեղի ունեցածով պայմանավորված՝ բնագծերն անընդհատ փոփոխվում են, և մեր ամրաշինական կառույցներն ու ճանապարհները գտնվում են թշնամու վերահսկողության ներքո»,- նշեց Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ 2020-ի դեկտեմբերից սկսած՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը միտված է խաղաղության պայմանագրի կնքմանը, մինչդեռ հնարավոր չէ միակողմանի խաղաղություն հաստատել. «Երբ մենք զբաղված էինք խաղաղություն մուրալով, Ադրբեջանն ամրապնդում էր իր դիրքերը։ Այստեղ-այնտեղ գլուխ էինք գովում, թե մենք խաղաղության ենք ձգտում, իսկ Ադրբեջանը զբաղված էր ամրաշինական աշխատանքներով։ Հետո կարծես մեզ համար էլ հասկանալի դարձավ, որ Բաքուն այդքան էլ հակված չէ խաղաղության, քանի որ նրա նկրտումները Հայաստանի ոչ միայն տարածքների՝ լեռների, ձորերի, լճերի, այլև կոնկրետ բնակավայրերի նկատմամբ են։ Որոշ ժամանակ անց մեզ մոտ լուրջ ներդրումներ սկսեցին անել առաջնագծում, կառուցվեցին նոր ճանապարհներ և ամրաշինական կառույցներ, բայց մենք ուշացել էինք։ Հենց այդ պատճառով էլ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-14-ի հարձակումը»:
«Սեպտեմբերյան հարձակմանն Ադրբեջանը հետաքրքրական ռազմական քաղաքականություն բանեցրեց՝ փորձելով հայտնաբերել ՀՀ հակաօդային պաշտպանության միջոցները՝ տեղակայված անգամ խոր թիկունքում։ Մարտունու թիրախավորումը դա էր վկայում, երբ հարվածային ԱԹՍ-ներով փորձում էին հայտնաբերել ՀՕՊ միջոցները։ Այդ ժամանակ մենք ամբողջությամբ գործի չդրինք մեր հակաօդային պաշտպանությունը, քանի որ չգիտեինք՝ ինչ է լինելու հաջորդ պահին։ Եթե նրանք հայտնաբերեին և խոցեին մեր ՀՕՊ միջոցները, ընդհուպ մինչև Երևանի օդը կարող էր անպաշտպան մնալ։ Ժամանակակից աշխարհում և մեր տարածաշրջանում, ելնելով առկա սպառազինություններից, անխոցելի բնակավայրեր չկան։ Հարցը, սակայն, ոչ թե խոցելիությունն է, այլ պաշտպանվածությունը։ Այսինքն՝ պետք է երաշխավորենք, որ մի քանի հարյուր կմ հեռահարության հրթիռը մեր տարածքում չպետք է հասնի իր նպատակակետին»,- ամփոփեց Կարեն Հովհաննիսյանը: