«Ինչո՞ւ եք 2019թ. մարտին ներկայացրել դիմումը, երբ իրադարձությունները տեղի են ունեցել 2013թ․». Ամրամ Մակինյանը՝ գործով վկա Սևան Քոչարյանին
«Ինչո՞ւ եք որոշել 2019 թվականի մարտին ներկայացնել դիմումը, երբ առերևույթ ձեր ներկայացրած իրադարձությունները տեղի են ունեցել 2013 թվականին»,- այսպես կոչված՝ «Դիզվառելիքի գործով» դատական նիստի ընթացքում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հարց ուղղեց այս գործով առանցքային վկա Սևան Քոչարյանին:
«Ես այդ ժամանակ եմ հարմար գտել, այդ ժամանակ եմ հանդես եկել հայտարարությամբ»,- պատասխանեց վկան՝ չպատասխանելով հարցին նաև, թե այդ հարմարությունն ինչո՞վ էր պայմանավորված:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափըկազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով հիմնական վկան թեև վերջապես ներկայացել էր դատարան, սակայն հիմա էլ լսողական սարքի հետ կապված խնդիրն էր առաջ քաշել:
Ընդ որում, առանցքային վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել նրա հարցաքննությունը: Հենց Սևան Քոչարյանն է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը: Տևական ժամանակ Սևան Քոչարյանը չէր ներկայանում դատական նիստերին, և հայտնի չէ, թե ինչո՞ւ ոստիկանությունը չէր կարողանում ապահովել վկայի ներկայությունը դատական նիստերին:
Նշենք, որ վերջին անգամ Սևան Քոչարյանն իր բնակարան այցելած ոստիկանության աշխատակիցներին ասել էր, թե հիվանդ է կորոնավիրուսով:
Դատավորը այսօր հարցրեց՝ ինչո՞ւ վկան համառորեն չէր ներկայանում դատարան: Սևան Քոչարյանը պատասխանեց՝ խնդիր չկա, ինքը չի ծանուցվել: Դատախազն առարկեց ու վկային բավականին հանգամանորեն բացատրեց ու տեղեկացրեց՝ վկան պատշաճ ծանուցվել է: Դատավորը վկայից պահանջեց պատասխանել դատախազի հարցադրմանը:
«Եղե՞լ են պատճառներ կամ խոչընդոտներ, որոնց պատճառով Դուք ծանուցագրերը չեք ստացել: Դրանք հետ են վերադարձվել: Ինչո՞ւ հետամուտ չեք եղել՝ ստանաք Ձեր ծանուցագրերը»,- հարցրել էր դատավոր Միսակյանը՝ պնդելով՝ վկան ունի կարգավիճակ ու պարտավոր է ներկայանալ դատական նիստերին:
Ինչևէ, Սևան Քոչարյանը այսօր ներկայացել էր, բայց կրկին լսողական սարքի հետ կապված խնդիրն առկա էր: Որոշվեց, որ նա շատ մոտենա դատավորին, որպեսզի լսի հարցերը, իսկ եթե կդժվարանա, նրա փաստաբանը հարցը կկրկնի:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը վկայից հետաքրքրվեց՝ գործում կա՞ դրվագ, որն ինքը թաքցրել է նախաքննական մարմնից, ու մանրամասնեց.
«Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ է դեպք, երբ դուք հանրապետություն եք ներմուծել նյութական արժեքներ՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով, հետո դրանք կորել են, չեն արտահանվել»:
Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ապացույցներ կան, որ «Սոկոլ Օյլ» ընկերությունը 1094 հատ տակառ է ներմուծել՝ ժամանակավոր ռեժիմով, հետո դրանք չեն արտահանվել: Մակինյանը դատարանին պարզաբանեց, որ այս մանրամասները կարևոր են և նպատակ ունեն Սևան Քոչարյանի գործունեությունը հանրությանը ի ցույց դնելու:
«Մի տեղ ապրանքներն են անհետացել, մի տեղ՝ 10 միլիոն դոլարի վարկեր են վերցրել ու չեն տվել»,- ասաց Մակինյանը՝ հավելելով, որ տարակուսելի է, երբ այս իրավիճակում վկան պնդում է, որ ինքը վստահելի գործընկեր է և կարող էր շարունակել պետության հետ պայմանավորվել՝ հետագա աշխատանքի մասով:
Ամրամ Մակինյանը հայտարարեց, այս գործն իր պաշտպանյալի համար իրավականից բացի, նաև այլ կողմ ունի՝ բարի համբավի արատավորման, ուստի այս դատավարության ընթացքում պաշտպանական կողմի համար նաև շեշտադրումներն են հատուկ ընտրված: Փաստաբանը հրապարակեց վկայի բնակության հասցեն, վկան հաստատեց, որ այժմ էլ այդ հասցեում է բնակվում, ապա պաշտպանը նկատեց, որ 2019 թվականի փետրվարի 4-ին բանկի կողմից հայցադիմում է ներկայացվել՝ Սևան Քոչարյանին իր բնակարանից վտարելու պահանջով, սրանից կարճ ժամանակ անց, մարտ ամսին, վկան դիզվառելիքի գործով դիմում է ներկայացրել ոստիկանություն, և հարցրեց՝ իր բնակարանից իրեն վտարելու պահանջն օրինական ուժի մեջ է մտած, բայց մինչ օրս ինքը բնակարանից վտարված չէ. տրամաբանական կապ կա՞ այդ իրադարձությունների միջև: Հարցին պատասխան չտրվեց:
Դատական նիստից հետո Ամրամ Մակինյանը 168.am-ի լրագրողի հետ զրույցում պարզաբանել էր այդ հարցերի կարևորությունը. անդրադառնալով դատական նիստի ընթացքում վկային կատարած հարցադրմանը՝ ինչո՞ւ է հայցադիմումը ներկայացրել 2020թ. մարտի 15-ին, փաստաբանն ասել է, որ իր ներկայացրած փաստերից շատ ակնհայտ էր, որ այդ դիմումը ներկայացնելուց շատ կարճ ժամանակ, մոտավորապես մի ամիս առաջ Սևան Քոչարյանին միլիոնավոր դոլարների պարտավորությունների պատճառով իր տնիցվտարելու հայցադիմում էին արդեն ներկայացրել դատարան:
«Այսօրվա իշխանություններին հաճո դիմումով, որտեղ Սևան Քոչարյանը հանիրավի մեղադրում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, անձն իմ համոզմամբ՝ վարձահատույց է եղել այս իշխանություններին: Փաստերն այդ մասին խոսում են: Մինչև այսօր էլ վկան իր բնակարանում ապրում է և այլևս բանկերին չունի այդ միլիոնավոր դոլարների պարտավորությունները, քանի որ դրանք սնանկության արդյունքում «ջրվել են»»,- ասել է Ամրամ Մակինյանը, ավելացնելով.
«Վկան ոչ մի կոնկրետ ցուցմունք չէր տալիս այն հարցերի վերաբերյալ, որոնք գործի համար էական նշանակություն ունեին: Ես հարցադրումներ արեցի իր վկայակոչած բազաների հասցեների գտնվելու վերաբերյալ, ոչինչ չասաց, որովհետև այդպիսիք չկան, դատարանին ոչ ճիշտ տեղեկություններ հայտնեց իրենց տնտեսական հնարավորությունների, մասնավորապես՝ մեքենաներ ունենալու վերաբերյալ… Այսինքն՝ ստացվում է, որ մի անձ, ով ունեցել է միլիոնավոր դոլարների բացասական մնացորդ, «ազնիվ խոսքով» փորձ է արել մասնակցել ծրագրին և ներկայացնել անիրատեսական գին… Ինչո՞ւ… Որովհետև իմ խորին համոզմամբ՝ չէր էլ պատրաստվում այդ ծրագիրը մինչև վերջ հասցնել: Այդ ժամանակ պետական իրավասու համապատասխան անձինք հասկացել են, որ եթե ծրագիրը տրվեր «Սոբրանիե» ընկերությանը, այն պիտի տապալվեր: Տրվել է մի ընկերության, ով կարող էր այդ ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնել, որը և իրականացվել է»: