Հուսով ենք, որ, ի վերջո, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի․ Պուտինը՝ Երևանում

«Համաձայն եմ գործընկերների հետ, ովքեր արդեն խոսել են, որ հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերին առնչվող հարցերը մեր ուշադրությունն են պահանջում»,-ռուսական պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ` այս մասին այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ այս առումով իրենք դրական են գնահատում հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը։

«Տեղի ունեցած բանակցությունները լավ հիմք են ստեղծել ապագա հիմնարար հարցերի շուրջ փոխզիջումների համար։ Կարևոր է, որ համատեղ հայտարարությունը վերահաստատեց հավատարմությունը եռակողմ պայմանավորվածություններին ամենաբարձր մակարդակով, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ՝ 2020 և 2021 թվականներին, ինչպես նաև մեր փոխգործակցության համատեղ ձևաչափի առանցքային դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Միայն սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման շուրջ այս պայմանավորվածությունների հետևողական կատարմամբ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս նկատառումները մենք արդեն հակիրճ փոխանակել ենք [Հայաստանի] վարչապետի հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, և, իհարկե, այս մասին ավելի մանրամասն կխոսենք»,-նշել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս