Սովորական պաշտոնեական խա՞նդ, թե՞ լիազորությունների չարաշահում
Մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի շուրջ օղակը սեղմվում է, և, որ վերջինս դուրս է մղվում բոլոր այն հանձնաժողովներից ու խորհուրդներից, որոնցում ոչ վաղ անցյալում մասնակցություն է ունեցել:
Նաև գրել էինք, որ Գևորգ Բաղդասարյանն արդեն նաև դատախազների ընդունելության, կամ, ինչպես ավելի հայտնի է, ատեստացիայի հանձնաժողովի նախագահը չէ: Նրա փոխարեն՝ այդ հանձնաժողովում պաշտոնավարում է Գլխավոր դատախազի տեղակալներից Արթուր Պողոսյանը, ով թեպետ նախկին դատախազ է, բայց Գլխավոր դատախազություն է գործուղվել Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ), ուր վերջինս զբաղեցնում էր քննչական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Եվ հենց ընդունելության հանձնաժողովում պաշտոնավարման ընթացքից էլ հակասություններ են առաջացել նրա ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջև:
«Շատ է վրեն վերցրել»,- թեմայի վերաբերյալ իրավիճակը մեկնաբանեց Գլխավոր դատախազության մեր աղբյուրը:
Պարզվում է՝ ատեստացիայի հանձնաժողովի նախագահ, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը կադրային հարցերին չափից դուրս շատ է խառնվում:
«Քեզ այստեղ եմ տեսնում, այնտեղ եմ տեսնում»,- դատախազների հավակնորդներին, ըստ մեր աղբյուրի, ասում է Արթուր Պողոսյանը, ինչն էլ դուր չի եկել Աննա Վարդապետյանին: