Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով վարույթը կարճելու ոդիսականը չի ավարտվել. Դատարանը բեկանել է. կուղարկվի նոր քննության
Նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) կարճել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ըստ ընթացակարգի՝ քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը դատախազի կողմից բավարարվելու դեպքում կողմը կարող է նաև ակտը ստանալուց հետո վերադաս դատախազին ներկայացնել բողոք նշված ակտի կապակցությամբ՝ սահմանված 15-օրյա ժամկետում, որից հետո հնարավոր է նաև դատական կարգով բողոքարկումը:
Այս վարույթի ընթացքն ու ավարտը, հիմա, փաստորեն, կրկին սկիզբը բավականին հետաքրքիր պատմություն ունեն:
168.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ասաց՝ ՔԿ-ի կողմից այս վարույթը կարճելու որոշումը, բնականաբար, իրենք բողոքարկել են, սակայն մինչ բողոքը ստանալը գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացնում է ՔԿ-ի կողմից վարույթը կարճելու որոշումը՝ այն հիմնավորմամբ, որ վարույթը պետք է քններ ոչ թե ՔԿ-ն, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն, և բացի դրանից էլ՝ կողմերը պատշաճ չեն ծանուցվել վարույթի ավարտի մասին:
«Վարույթի կարճման դեմ մեր բողոքները, բնականաբար, մերժվում են, քանի որ գլխավոր դատախազի տեղակալը, ինչպես ասացի, արդեն իսկ վերացրել էր կարճելու որոշումը: Սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն էլ չի շտապում որևէ գործողություն կատարել վարույթի առնչությամբ, և երեք ամիս անց հիմա էլ ինքն է որոշում կարճել վարույթը, ուշադիր՝ այն հիմնավորմամբ, թե գլխավոր դատախազի տեղակալը չէր կարող վերացնել որոշումը, հետևաբար՝ իրենց փոխանցված վարույթն ապօրինի է, քանի որ օրենքն ասում է՝ վերադաս դատախազը, տվյալ դեպքում՝ Արթուր Պողոսյանը, կարող է վերացնել անհիմն որոշումը դրա ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, բայց քանի որ որոշումն ուժի մեջ չէր մտել, չէր կարող այն վերացնել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ իրենք Հակակոռուպցիոն կոմիտեի այս որոշումն էլ են բողոքարկում այն հիմքով, որ նախ՝ երեք ամիսը ժամկետի առավելագույն շեմն է, ու բացի դրանից, օրենքին տրվել է սխալ մեկնաբանություն, որովհետև աբսուրդ է այն մեկնաբանությունը, որ ուժի մեջ մտած որոշումը վերադաս դատախազը կարող է վերացնել, իսկ ուժի մեջ չմտածը՝ ոչ:
«Հիմա արդեն համակարգը լքած դատախազ Արսեն Մարտիրոսյանը մերժեց մեր բողոքը, որից հետո 4 իրար հակասող բողոքներ ենք ուղարկել դատարան՝ հարցին լուծում տալու խնդրով: Այդ թվում՝ նախկինում մերժված բողոքներն ենք նոր հիմքով ներկայացնում, բողոքարկում ենք Արթուր Պողոսյանի կայացրած որոշումն ու վերջին մերժումները: Ի զարմանս ինձ՝ 9 տարվա փաստաբանական պրակտիկայիս մեջ առաջին անգամ դատախազությունը համաձայնում է ներկայացրած բողոքի հետ, որովհետև իրականում իրենք էլ են հասկացել, որ քննիչն ու դատախազը չեն կարող քննարկել վերադաս դատախազի կայացրած որոշումը»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ արդյունքում՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող իրենց բողոքը դատավոր Մերի Մուսինյանը բավարարել է նախորդ ամսվա վերջում, ճանաչել խախտումը:
«Սա նշանակում է, որ Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան ձայնագրության վերաբերյալ վարույթը կրկին կքննվի: Մենք պահանջում ենք, որ վարույթն ամենասկզբից նորից քննվի»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:
Ի դեպ, երբ Ռուբեն Վարդազարյանը հանրայնացրեց Գագիկ Ջհանգիրյանի հետ իրենց զրույցի ձայնագրության որոշակի հատվածներ, դատախազությունը քրեական գործ հարուցեց, ինչից հետո Վարդազարյանի ներկայացուցիչները պնդում էին՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր լիազորությունների չարաշահման փաստն ակնհայտ է, և պետք է գործողություններ անել, մասնավորապես՝ հարցաքննել նախկին դատախազ Արթուր Դավթյանին, զանգեր վերծանել, այլ գործողություններ անել:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց 2022 թ. հունիսի 16-ին տեղի ունեցած՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)` լիազորությունները կասեցված նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստի ժամանակ արձանագրված խնդիրների, վարույթին առնչվող տեղեկությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ: Ձայնագրության մեջ Ռուբեն Վարդազարյանին Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ անձի անունից առաջարկում է ինքնակամ հեռանալ:
«Դու երեխեք ունես: Քանի սաղ ենք, ես ու Ստեփանը գարանտ ենք: Ժամանակն արդեն տվել ենք, անցնելուց հետո ես էլ բան չեմ կարա անեմ: Ես ինչ կարացել, արել եմ, որ դու քո դեմքը պահես… Քո ասած ժամկետից հետո իմ համար անհնար կլինի: Էլ ինձ չեն լսելու: Էդ ժամկետը որ դու ասել ես, էդ մարդը կտրուկ դեմ է եղել, ես եմ խնդրել, համաձայնեցրել: Որոշումը քոնն ա: Բայց ես չեմ ուզում մեզ մոտ սարքել ՍԴ-ի սիտուացիան: Ես չեմ վախացնում»,- ձայնագրության մեջ մասնավորապես ասում է Գագիկ Ջհանգիրյանը:
Ասուլիսի ընթացքում 2 ժամ 40 րոպե տևողությամբ ձայնագրությունից հանրայնացվեց 14 րոպեն:
«Չեմ ուզել այս ձայնագրությունը հանրայնացնել, սակայն այն ցինիզմը, որ տեղի ունեցավ ԲԴԽ նիստի ընթացքում, ինձ թույլ է տալիս այսօր հրապարակել այն: Ավելին, նախաքննական մարմնին եմ զգուշացնում, որ ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով: Ես շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման, և ուզել եմ ձայնագրվի մեր զրույցը: Խոսքը 2021թ. փետրվարի 20-ի մասին է: Ձայնագրության բնօրինակը և ձայնագրող սարքը ՀՀ-ում չեն, մեր տանը չեն, իմ ամառանոցում չեն: Այնպես որ, քրեական գործի հարուցումը և դրանց բնօրինակը փնտրելը որևէ արդյունք չեն տալու, և եթե որևէ դեպք պատահի ինձ ու իմ ընտանիքի անդամների հետ, կլինի վթար, վրաերթ, կամ աղյուս կընկնի իմ գլխին, կգտնեք մեղավորներին»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ռուբեն Վարդազարյանը՝ ներողություն խնդրելով ձայնագրության մեջ հնչող ոչ եթերային բառապաշարի համար: