«Էլի կին ազատամարտիկ ու էլի մեծն «Իմ քայլին» է դիմել». Թեհմինա Վարդանյան

Երևան քաղաքի ավագանին որոշում է՝ թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն համարվող Լուկաշին 43/2 շենքի թիվ 77 ոչ բնակելի տարածքը (սեփականության վկայական թիվ 2461524) անհատույց օտարել (նվիրել) Հերմինե Յուրայի Բարսեղյանին:

Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին 43/2 շենքի թիվ 77 ոչ բնակելի տարածքը գտնվում է Լուկաշինի 43/2 շենքի թիվ 18ա բնակարանի ուղղահայաց ստորին գոտում, զբաղեցնում է կիսանկուղային հարթություն, իրենից ներկայացնում է կիսանկուղային տարածք, բնական մասնակի լուսավորությամբ, հարմարեցված է բնակության համար և Հերմինե Առաքելյանի կողմից բարեկարգվել է և օգտագործվում է՝ որպես ննջասենյակ:

Նշված տարածքի միակ մուտքը Լուկաշինի 43/2 շենքի 18ա բնակարանն է, այլ ելքեր և մուտքեր չկան, տարածքի ընդհանուր մակերեսը՝ 39.9 քմ է: Տարածքը 2001 թվականից առ այսօր առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում է դիմումատուն և փաստացի տիրապետում այն և 2 անձով (ինքը և որդին) բնակվում են տվյալ բնակարանում (հիմք՝ շենքը սպասարկող լիազոր կառավարչի 06.10.2022թ. տեղեկանքը և բնակիչների հայտարարությունը): Առկա են տվյալ հասցեի համար կատարված վճարումների անդորրագրերը, Լուկաշին 43/2 շենքի կիսանկուղային տարածքին հասցե տրամադրելու մասին Քաղաքապետի 18.05.2009թ. 4556-Ա որոշումը, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարների պատասխան գրությունները:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ «Իմ քայլին» դիմել է  նաև «Երկրապահից» կին ազատամարտիկ, ում հանել են երկար տարիներ զբաղեցրած տարածքից:

Նա հորդորեց երկակի ստանդարտներ չկիրառել:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Բաբաջանյանը, զեկուցելով հարցը՝ շեշտեց, որ բնակարան մուտքն ու ելքը միայն այդ տարածքով է հնարավոր:

Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց.

«Եթե 2009 թվականից դիմել է, ինչո՞ւ է հրատապով եկել: Ոնց հասկանում եմ՝ խնդրահարույց ու վիճելի հարց է:  Տպավորություն է, որ ափալ-թափալի մեխանիզմով է՝ ինչ-որ բան կոծկելու համար: 2009-ից ասում եք՝ փաթեթը կա, ուրեմն՝ ինչ-որ խնդիր է եղել, որ չի եկել օրակարգ: Էլի կին ազատամարտիկ ու էլի մեծն «Իմ քայլին» է դիմել»:

«Փաթեթը պատրաստ լինելուն պես ներկայացվել է: Կինը դիմել է հունիս ամսից»,- արձագանքեց Բաբաջանյանը:

«Այսինքն՝ բնակարան ունեցողին առավելություն տալիս ենք, չունեցողին՝ հե՜չ»,- նետեց Անի Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս