Քաղաքապետարանն անավարտ բնակելի տունը կձևակերպի 44-օրյա պատերազմի մասնակցի անունով
Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոցի հ.64/6 հասցեում գտնվող 159.0 քմ մակերեսով անավարտ բնակելի տունն ու դրա զբաղեցրած 612.7 քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20062022-01-0230 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Միհրան Գասպարյանին, Լուսինե Չիլ-Գևորգյանին, Էվելինա Ղազարյանին, Գոռ Գասպարյանին և Էդմոնդ Գասպարյանին:
Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Վիլնյուսի փողոցի հ.64/6 հասցեում գտնվող 159.0քմ մակերեսով անավարտ բնակելի տունն ու դրա զբաղեցրած 612.7քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20062022-01-0230 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Միհրան Գասպարյանին, Լուսինե Չիլ-Գևորգյանին, Գոռ և Էդուարդ Գասպարյաններին և Էվելինա Ղազարյանին:
Վերջիններս հանդիսանում են Էրիկ Գասպարյանի ընտանիքի անդամները, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, հանդիսանում է ՀՀ ԶՈՒ սպա, պատերազմի ընթացքում ստացել է ականապայթյունային ծանր վիրավորում և 2020 թվականի նոյեմբերի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց՝ անգիտակից վիճակում:
Ներկայումս Էրիկ Գասպարյանը ստացած վիրավորումների հետևանքով հանդիսանում է 1-ին կարգի զինհաշմանդամ և գտնվում է անկողնային ծանր վիճակում: Մինչև պատերազմը Էրիկ Գասպարյանը հանդիսացել է ընտանիքի միակ աշխատողը և ընտանիքը ներկայումս գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Երևան քաղաքի ավագանու սույն որոշմամբ Վիլնյուսի փողոցի հ.64/6 հասցեում գտնվող 159.0քմ մակերեսով անավարտ բնակելի տունն ու դրա զբաղեցրած 612.7քմ մակերեսով հողամասը ձևակերպվում է Էրիկ Գասպարյանի ընտանիքի անդամների անունով, քանի որ Էրիկը ստացած ծանր վիրավորումների հետևանքով փաստացի անգործունակ է, խաթարված է կենսական կարևոր օրգանների աշխատանքը:
Համաձայն «Վիլնյուսի-36» համատիրության տրված տեղեկանքի՝ Էրիկ Գասպարյանը և ընտանիքի 5 անդամները 2008 թվականից բնակվում են քննարկվող հասցեում: