«Այս պահին Արցախի ինքնորոշման իրավունքը բանակցություններում որևէ կերպ չի շոշափվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որ Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության շրջանակային պայմանագիր։ Արդյո՞ք շրջանակային պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի, թե՞ իրավիճակը կարող է ավելի սրվել, հարցին ընդդիմադիր խմբակցության քարտուղարը պատասխանեց.

«Այս ամենին իշխող քաղաքական ուժի ղեկավարն արդեն արձագանքել է, երբ հայտարարում էր, որ, եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք, այսինքն՝ հարցի պատասխանն իշխանությունն արդեն տվել է, այսինքն՝ չկա երաշխիք, որ 7 օր հետո պատերազմ չի լինի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ մարտավարական առումով կարելի է  քննարկել՝ միանգամից գնալ խաղաղությա՞ն պայմանագրի, թե՞ շրջանակային պայմանագրի։

«Նույն Մադրիդյան փաստաթղթի վրա հիմնված գործընթացը, երբ ընթանում էր՝ բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլում ենթադրում էր սկզբունքների շուրջ փաստաթղթի համաձայնեցում, իսկ երկրորդ փուլը՝  որտեղ, ի դեպ, նախատեսված էր նաև Արցախի ներգրավվածություն, արդեն ենթադրում էր դետալացված խաղաղության մեծ պայմանագրի մշակում ու հետագայում ստորագրում։ Այստեղ ամենակարևոր հարցը կախված է նրանից, թե ինչ սկզբունքների հիման վրա է գործընթացն ընթանում, որովհետև եթե պայմանական մեր ամենակարևոր սկզբունքներից մեկը, որոնք տարիներ շարունակ եղել են, օրինակ՝ ինքնորոշման իրավունքը, արձանագրված չէ ոչ շրջանակային, ոչ խաղաղության պայմանագրում, ապա այս տեսանկյունից գործընթացն արդեն որևէ նշանակություն չունի, և Հայաստանի և Արցախի շահերը որևէ կերպ չեն շոշափվում։

Կարդացեք նաև

Այս պահին ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը գլխավորն է Արցախի հետ կապված գործընթացում, որևէ ձևի բանակցային գործընթացում չի շոշափվում»,- նշեց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ նախկինում ճանապարհային ոստիկանության աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, կան հանգամանքներ, տվյալ փուլում՝ բյուջեով ստեղծված պայմաններ, որոնք այդ պահին թելադրում են պայմանները։

«Ճանապարհային ոստիկանությունում տրված է  եղել նաև խրախուսման ֆոնդեր։ Երբ մենք դիտարկում ենք պետության հնարավորությունները բյուջեով աճման պայմաններում, թե որտեղ պետք է ուղղել առաջնահերթությունները, ապա այդ ժամանակ ակնհայտորեն առաջ է գալիս, ըստ առաջնային խնդիրների, բյուջեն ուղղելու հարցը։

Երբ մենք խոսում ենք առաջնահերթությունների մասին, երբ ասում են, որ այսօր միակ խնդիրը զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու համար ատեստավորման գործընթաց պետք է լինի, ինչը միջինացված սկզբունքների պայմաններում  խնդրահարույց է լինելու շատ զինծառայողների համար։ Այստեղ առաջ է գալիս շատ ավելի մեծ խնդիր, քան մենք ունեցել ենք պայմանական 5-6 տարի առաջ։ Նախ՝ հետպատերազմական սինդրոմը, որը մեծ ազդեցություն է ունենում զինված ուժերի վրա, առաջին հերթին՝ հոգեբանական առումով։ Երբ մենք գնահատում ենք իրավիճակը ըստ առաջնահերթությունների, պետք է տեսնենք ստեղծված հիմքերը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով՝ այսօր ստեղծված իրավիճակը և 7 կամ 10 տարի առաջ եղած իրավիճակը հիմքային առումով որևէ ձևով համեմատելու չեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս