
ՆԱՏՕ-ն պատրաստ է լրացուցիչ ուժեր տեղափոխել արևելք, այդ թվում՝ Լեհաստան. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն մշտապես գնահատում է՝ հարկավոր է արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել դաշինքի արևելյան սահմաններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժեղացնել սահմանները:
Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները, որը նվիրված էր Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին:
«Մենք մշտապես գնահատում ենք՝ հարկավոր է արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել արևելյան ուղղությամբ»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ցանկացած պահի հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր տեղափոխել արևելք, այդ թվում՝ Լեհաստան: Նրա խոսքով՝ նման համակարգերը կարող են լինել նաև օդային և ծովային տեղակայման: