ՏՏ ոլորտին ֆինանսական աջակցության նախագիծ կդրվի շրջանառության մեջ. Մհեր Գրիգորյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում կառավարությունում՝ փոխարժեքի տատանման արդյունքում ՏՏ ոլորտում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ:
Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս պահին e-draft-ում դրված է կառավարության կողմից մշակված միջոցառումների նախագիծը. «Եթե դրված էլ չէ, մոտ օրերս կդրվի: Այն վերաբերում է դրամով արտահայտված վաստակի անկման հատուցման միջոցառմանը, որը ժամանակավոր պետք է լինի: Վաստակի պարագայում մարդիկ հաշվում են դրամով և խոսում են նվազեցման մասին, բայց չեն խոսում, որ դրան զուգահեռ գների աճը, որը պետք է տեղի ունենար ներմուծվող ապրանքների հետ կապված, չի աճել: Եթե եկամուտների մասով կա անկում, ծախսերի մասով չկա գների աճ, այնպիսի, որն այսօր կա աշխարհում, որովհետև մեր հարևան երկրներում ինֆլյացիոն ճնշումները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում: Բայց էլի խնդիր չկա, չեմ ուզում, որ հավելյալ էֆեկտներով այդ խնդիրը կոմպենսացված համարենք, և կարծում եմ, որ Ձեր կողմից նշված ոլորտում իրոք պետք է իրականացնենք միջոցառումներ»: