
1 միլիոն լարիի խարդախություն. Վրաստանում 9 մարդ է ձերբակալվել անօրինական վարկ ստանալու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ինն անձանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսել ընդհանուր արժեքով ավելի քան 1 միլիոն լարի (ավելի քան 370 հազար դոլար) անօրինական վարկ ստանալու փաստով: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից:
Հետաքննության տվյալներով՝ անօրինական ճանապարհով վարկ ստանալու համար մեղադրյալները վարկային հայտեր են լրացրել տարբեր առևտրային բանկերում, որտեղ կեղծ տեղեկություններ են գրանցել ֆինանսական դրության վերաբերյալ: Բացի այդ, նրանք կեղծ փաստաթղթեր են ներկայացրել իբր դրամական փոխանցումներ ստանալու մասին:
Այդպիսով, նրանք անօրինական կերպով ստացել են ավելի քան մեկ միլիոն լարի: Հետաքննությունը շարունակվում է «Վարկի անօրինական ստացում» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում է ազատազրկում երկուսից մինչև հինգ տարի ժամկետով: