Շատ փորձարկումների խաղ՝ առանց գլխավոր մարզչի․ Կոսովո-Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի ընկերական խաղ Կոսովոյի ընտրանու դեմ։ Մեր հավաքականն այժմ չունի գլխավոր մարզիչ․ այս պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ազգային ընտրանու նախկին դարպասապահ, այժմ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
Կոսովոյի հավաքականն ընդամենը հինգ տարի առաջ առաջին անգամ անցկացրեց պաշտոնական խաղ և մինչ այժմ ոչ մի հաջողություն չի գրանցել։ Այսօրվա տանտերերը չկարողացան նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր, որից հետո անհաջող հանդես եկան Կատարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլում: Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում «ոսկե տղաները» վեց տուրի ընթացքում վաստակեցին երեք հաղթանակ և ինը միավոր, ինչը թիմին բերեց ինը միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Կատարում ընթանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապարոսի սաները տասը տուրերում գրանցեցին երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, որոնք բերեցին 12 միավոր և մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ Ազգերի լիգայի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականը վեց տուրում վաստակեց ընդամենը մեկ հաղթանակ և երեք միավոր, ինչը համապատասխանում է մրցաշարային աղյուսակի միայն վերջին տեղին։ Նախորդ խաղում հյուրերը պարտվել էին Իռլանդիային (2:3):
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը խաղից առաջ նշում է, որ շատ ուրախալի է, որ երիտասարդ ֆուտբոլիստները մասնակցելու են այս ընկերական հանդիպումներին: «Մեզնից ինչ կախված է՝ կանենք, թե՛ փորձով, թե՛ խորհուրդներով միշտ նրանց կողքին ենք: Նրանց համար լավ հնարավորություն է ապացուցելու, որ արժանի են հավաքականում խաղալու և կարող են ամրապնդել իրենց դիրքերը:
Մրցակցին ուսումնասիրել ենք, շատ լավ թիմ է: Իրենք էլ երիտասարդ կազմով են ներկայացել: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց ընկերական հանդիպումները հիմնականում մարզիչների համար են, որ կարողանան փորձարկումներ կատարել և եզրակացություններ անել դրանցից»:
Ռոման Բերեզովսկին նշում է, որ իրենք ուսումնասիրել են Կոսովոյի ազգային հավաքականի խաղերը: «Գիտենք, որ խաղացողներից մեկը՝ թիմի գլխավոր աստղը ՝ Վեդատ Մուրիկին, բացակայում է: Բայց Կոսովոն շատ ուժեղ թիմ է՝ լավ խաղացողներով:
Մենք էլ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, իսկ այն փորձառու ֆուտբոլիստները, որոնք կան, հուսով ենք՝ կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ, կօգնեն, որ նրանք վստահություն ձեռք բերեն թե՛ դաշտում, թե՛ ընդհանրապես մեր թիմում:
Ես շատ հպարտ եմ և կարող եմ ասել, որ մեր մարզչական շտաբը շատ փորձառու է: Իմ կողքին գտնվող մարդիկ մեծ գործ են անում, ու իմ կարծիքով՝ նրանցից յուրաքանչյուրն իրեն կարող է համարել գլխավոր մարզիչ:
Ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, որովհետև մեր մարզաշապիկի վրա մեր զինանշանն է, ու մենք պիտի հպարտ լինենք դրանով, ամեն ինչ անենք, որ արդյունքն էլ լավը լինի:
Առաջին հերթին հնարավորինս շատ ֆուտբոլիստների փորձարկել՝ չմոռանալով արդյունքի մասին»:
Կոսովո-Հայաստան հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էլդորյան Համիտին (Ալբանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռիդիգեր Չոկայը (Ալբանիա) և Ռեյդի Ավդոն (Ալբանիա), 4-րդ պաշտոնյան է Գրամոս Շալան (Կոսովո)։
Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին` ժամը 21։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան