Ո՞ւր են իրավապաշտպան գրանտակեր կազմակերպությունները, ո՞ւր է Հ1-ը. Արմեն Աշոտյան

168.am-ը երեկ ուշ գիշեր տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ փոխնախագահը հայտնել էր, որ պատրաստվում է մեկնել Լիսաբոն, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառումից ժամեր անց, սակայն, Արմեն Աշոտյանը Զվարթնոց օդանավակայանում արդեն պարզել է, որ իրեն արգելում են լքել Հայաստանը՝ «անհեթեթ հիմքով, թե իբր մեղադրյալ է ինչ-որ գործով»։

«Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։

Կարդացեք նաև

Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները և իմ հանդիպումները։ Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ»,- Ֆեյսբուքում մանրամասնել էր նա:

Ի դեպ, 168.amը առավոտյան կապ էր հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Պաշտպանի գրասենյակը որևէ գործողություն կատարել է Արմեն Աշոտյանի՝ երկրից նրա ելքն արգելափակելու առնչությամբ այն դեպքում, երբ վերջինս պնդում է՝ մինչ այս պահն իրեն որևէ մեղադրանք առաջադրված չէ:

«Պաշտպանը Թեժ գծին գիշերն ահազանգ է ստացել, գրություն ենք ուղարկել ՔԿ, Դատախազություն, ԱԱԾ, պարզաբանում ենք պահանջել Հայաստանի Հանրապետությունից ելքը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ, որովհետև առերևույթ մտահոգիչ է այն, որ առանց անձին մեղադրյալ ներգրավելու որոշման անձի տեղաշարժի սահմանափակում է իրականացվել։ Այս մասով հետևողական ենք լինելու»,- պատասխանել էին ՄԻՊ գրասենյակից:

Հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում այս առնչությամբ մեր դիտարկումներին արձագանքելով՝ Արմեն Աշոտյանը նշեց. «Ես կգերադասեի, որ ՄԻՊ-ը (գուցե Թաթոյանի քաղցր հիշողություններով եմ ապրում, բայց) զբաղվեր, օրինակ, մեր ռազմագերիների հարցով, զբաղվեր ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ստեղծված սպառնալիքների հարցով, զեկույցներ տպեր այդ մասին, զբաղվեր չվերադարձված դիակներով, անհետ կորածներով. թող ինձնով չզբաղվի, իր մոտ չի ստացվելու:

Ինքը եթե կարող է զբաղվել, թող զբաղվի այն առաջնահերթ խնդիրներով, որոնցով ես եմ զբաղվում. ՀՀ և ՀՀ քաղաքացիների, Արցախի և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով, մնացյալը ծիծաղելի է»:

Հարցադրմանը, թե ինչո՞ ւ են այս դրվագի վերաբերյալ լռում ՀՀ-ում գործող միջազգային ու իրավապաշտպան կառույցները՝ նա պատասխանեց՝ նախ մատնանշելով ՀՀ-ից դուրս արձագանքները:

«Եվրոպական Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարն արդեն իսկ արձագանքել է շատ օպերատիվ ձևով՝ ծայրահեղ անհանգստություն, մտահոգություն հայտնելով այդ փաստի հետ կապված և հիշեցնելով ՀՀ կառավարությանը, որ այդպիսի գործելաոճն անընդունելի է, հրապարակումներ եմ տեսել ռուսական մամուլում,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը, ապա անդրադառնալով ՀՀ-ում գործող միջազգային ու իրավապաշտպան կառույցներին՝ հավելեց,- Վստահ եմ, որ ԵՄ տիկին դեսպանը հերթական մարզային այցի ընթացքում մի տաք բոքոն է ուտում այծի պանրով ու գովում է իրենց մանր և միջին բիզնեսի աջակցության ծրագրերի արդյունավետ կառավարումը: Հաճելիորեն կզարմանամ, եթե ԱՄՆ դեսպանատնից առարկայորեն արձագանքեն»:

Այս համատեքստում ՀՀԿ–ական գործիչն ուշադրություն հրավիրեց ասուլիսը լուսաբանող լրատվամիջոցների վրա՝  հարցով. «Ո՞ւր են իրենց «դոշերը» թմբկահարող ազատ խոսքի ջատագով իրավապաշտպան զլմ-ները՝ Ազատություն ռադիոկայանը, Ֆակտոր թիվին, իրավապաշտպան գրանտային փողերով ստեղծված այլ բազմաթիվ հ/կ-ները, ո՞ւր են այդ մարդիկ, ո՞ւր է Հանրայինը: Սա նորմալ չէ, բայց սա արդեն մեր «նոր նորմալն է»: Իսկ ո՞վ է այլ բան սպասում, ո՞վ է այլ բան սպասում իմ թվարկած շրջանակներից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս