«Պարո՛ն Սիմոնյան, սրանից հետո թույլ չտա´ք «վարման կարգով»-ի ժամանակ բովանդակությունից խոսեն». Ռուբեն Ռուբինյան

«Առաջարկվող նվազագույն աշխատավարձի 7000 դրամ կամ 10 տոկոս բարձրացումը, արդեն առիթ ունեցել ենք ասելու՝ ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք ահագնացող գնաճի այս ֆոնին։ Իրական լուծումը ոչ թե մի քանի հազար դրամով աշխատավարձի բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումն է, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից»,- այս մասին ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով նվազագույն աշխատավարձը 75.000 դարձնելու ՔՊ առաջարկին և այդ համատեքստում համատարած թանկացումներին։

Ըստ պատգամավորի, մինչև այժմ արձանագրված գնաճը մոտավորապես բարձրացրել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2 անգամ ավելի՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը։

«Գնաճի բոլոր նախադրյալները կան, հաջորդ տարվա մինչև ավարտը, մոտավորապես սպառողական նվազագույն  զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ 3 անգամ։ Այսինքն՝  նվազագույն զամբյուղը բարձրանալու է առնվազն 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75.000 դրամ։ Հետևաբար՝ սա լուծում չի, այդ պատճառով էլ մենք ձեր առաջարկած նախագծին ձեռնպահ քվեարկեցինք»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Նախագծի վերաբերյալ վարման կարգով հանդես եկավ նաև ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով նախ նշեց, որ վարման կարգով սովորաբար բովանդակության մասին չեն խոսում, սակայն ընդդիմադիրները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսների ընթացքում թե՛ հանձնաժողովի նիստերի ընթացքում, թե՛ քննարկումների ժամանակ իրենց առաջարկությունները ներկայացնել։

Կարդացեք նաև

«Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատելաոճը կորդեգրվի և հարցերն ու առաջարկները կքննարկվեն ան տեղում, որտեղ դրանք պետք է քննարկվեն»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Վարման կարգով խոսեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և խոսքն ուղղեց Բաբկեն Թունյանին։

«Ասել, թե վարման կարգով բովանդակության մասին խոսելը ճիշտ չէ․․․ Կարծում եմ՝ հիշողություններս չի դավաճանում, որ մենք օրենսդրական նախաձեռնություններով հանդես ենք եկել երկու անգամ, և դուք նույնիսկ չեք քվեարկել, որպեսզի այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից դարձնել 80.000 դրամ»,- շեշտեց նա։

Վարման կարգով խոսեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ընդգծեց.

«Պարոն Վարդանյանի հետ համաձայն եմ՝ վարման կարգով չի կարելի բովանդակության մասին խոսել, ուրախ եմ, որ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները կիսում են այս կարծիքը։ Պարոն Սիմոնյան, խնդրում եմ՝ այլևս թույլ չտալ վարման կարգով խոսել բովանդակությունից»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս