
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքը սկսված է

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքը սկսված է։ Այս մասին նշված է Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Սա այն օրն է, որին բոլորս այդքան սպասել էինք։ Բաց չթողնեք տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությանը ներկա գտնվելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տոմսերը վաճառվում են երկու եթերների համար. ժյուրիի շոուն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս շոուին ներկա գտնվելու տոմսերի արժեքն է 3-20 հազար դրամ։
Մրցութային շոուն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը՝ 5-30 հազար դրամ։
Տոմսերը վաճառվում են փուլային, այժմ հասանելի է 1 տրիբունա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում:
Հյուսիսային պողոտայի սկզբնամասում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»- ի հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությունը: Ժամացույցը միացրեցին 2021 թ.-ին Հայաստանին հաղթանակ բերած Մալենան և «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան պատվիրակ Նարեն:
«Երևանն այս տարի հատուկ տոնական պատրաստություններ է տեսնում»,- նշաել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հանրային հեռուտաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ հավելել է, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Եվրատեսիլի բացման արարողությունը:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին 16 երկիր է մասնակցելու: