Թարգմանական սխալները՝ նիստը հետաձգելու պատճառ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կրկին, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր, շարունակվում է ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Սիլվայի գործ» անվանմամբ:

Այս գործով որպես մեղադրյալներ են ներգրավված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Այսօր շարունակվում էր ապացույցների հետազոտումը: Գործընթացը, սակայն, ընդհատվեց՝ հրապարակված ապացույցների մեջ թարգմանական թերությունների պատճառով:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած ապացույցների մեջ կային ոչ հայերեն, լատինատառ կամ անգլերեն բառեր, որոնց թարգմանությունը հարցեր առաջացրեց պաշտպանական կողմի մոտ։ Մասնավորապես «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել էր թվերի։

Կարդացեք նաև

Այնուհետև թարգմանության հետ կապված խնդիր նկատեց նաև մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը․ թարգմանված փաստաթղթի մեջ նշված չէին գործով անցնող Սիլվա Համբարձումյանի անձնագրային տվյալները։

«Սա խոտան է և մեր պատկերացրած թարգմանության նման չէ։ Թարգմանության արդյունքում խեղաթյուրվում է ապացույցի բովանդակությունը»,- ասաց դատախազը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ այդ թարգմանիչը պատշաճ քրեադատավարական ընթացակարգով չի ներգրավվել, և կողմերը հնարավորություն չեն ունեցել ստուգել նրա թեկնածությունը։

Երկու կողմի համար էլ ներկայացված թարգմանությունը համարվեց անընդունելի և ոչ պատշաճ։

Դատավարության մասնակիցները խնդրեցին դատավորին դատարան հրավիրել թարգմանչին։

Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում, սակայն, պարզվեց, որ թարգմանիչը չի կարող ներկայանալ, իսկ թարգմանչական կազմակերպության ղեկավարին հայտնի չեն թարգմանչի չներկայանալու պատճառները։

Թարգմանչի՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։

Նշենք նաև, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից՝ մասնակցելու Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնելիս նկատեց, որ թողնում է դատարանի հայեցողությանը։

Տեսանյութեր

Լրահոս