Պարտքի սպասարկման համար հաջորդ տարի կառավարությունը չափազանց բարձր գին կվճարի

Պարտքի սպասարկումը գնալով ծանր բեռ է դառնում պետական բյուջեի վրա։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե այն ինչպիսի տեմպերով է աճում։

Հաջորդ տարի կառավարությունը ստիպված կլինի արտաքին ու ներքին պարտքի սպասարկման համար բյուջեից վճարել գրեթե 605 մլրդ դրամ։ Այսօրվա փոխարժեքով այն համարժեք է ավելի քան 1,5 մլրդ դոլարի։

Բյուջեից այդքան գումար կվճարվի միայն պարտքի տոկոսավճարների ու մայր գումարի մարման համար։

Խոսքը բացառապես կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվող գումարների մասին է։ Պարտքի սպասարկումը մեծ միջոցներ է խլում պետական բյուջեից։ Հաճախ նոր պարտքեր են վերցվում՝ եղածները սպասարկելու համար, ինչի հետևանքով էլ գնալով ավելանում է պարտքի բեռը։

Կարդացեք նաև

Պատկերացնելու համար, թե վերջին 2-3 տարիներին ինչքանով է պարտքի սպասարկումը ծանրացել պետական բյուջեի վրա, մի փոքր հետ գնանք։

Այս տարվա համեմատ հաջորդ տարի պարտքի սպասարկումը կավելանա շուրջ 87 մլրդ դրամով։ Այսօրվա փոխարժեքով այն անցնում է 200 մլն դոլարից։

Այս տարի պարտքի սպասարկման համար անհրաժեշտ կլինի 518 մլրդ դրամ։ 2021թ. այն կազմել էր 480 միլիարդ, 2020թ.՝ 448 միլիարդ, իսկ 2019թ.՝ 357 միլիարդ։

Պարտքի սպասարկման հաջորդ տարվա գումարը կհասնի 605 միլիարդի՝ 248 միլիարդով ավելի, քան 2019թ.։

Այսպիսի կարճ ժամանակահատվածում պարտքի սպասարկումն ավելացել է գրեթե 70 տոկոսով՝ 2019թ. 357 միլիարդից՝ 2023թ. հասնելով 605 միլիարդի։

Սրա պատճառն ինչպես՝ պարտքի անվանական աճն է, այնպես էլ՝ պարտքի թանկացումը։

Հայաստանը նախկինում էլ քիչ պարտքեր չուներ, բայց պարտքեր կուտակելու մոլուցքը կրկնապատկվեց ու եռապատկվեց հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Նախկինում նա ցույց էր տալիս, թե իբր դեմ է պարտքի ավելացմանը, հիմա արդարացնում է ու անընդհատ նոր պարտքերով ծանրացնում պետության բեռը։

Վերջին 4-4,5 տարիներին մեր երկրի պետական պարտքն ավելացել է գրեթե 3,3 մլրդ դոլարով։

Մինչև իշխանափոխություն 6,7 մլրդ դոլարի սահմաններում էր, հիմա հասել է գրեթե 10 միլիարդի։

Պարտքի աճը լավ օրից չի գալիս, բայց դա ավելացնում է նաև պարտքի սպասարկման ֆինանսական պահանջարկը։

Պարտքի սպասարկումը ծանրացել է նաև պարտքի թանկացման պատճառով։

Նախկինում պարտքի միջին կշռութային գինը 4-4,2 տոկոս էր, այս տարի կլինի 5,2 տոկոս, հաջորդ տարի, կառավարության կանխատեսումներով, կդառնա 6,5 տոկոս։ Այսինքն՝ կթանկանա ևս 1,3 տոկոսային կետով։

Սա պարտքի չափազանց ծանր բեռ է, որը հասնում է առևտրային վարկերի տոկոսադրույքներին։ Դրանով հանդերձ, այն գնալով ավելանում է, որովհետև մեծանում է ներգրավվող թանկ փողերի կշիռը կառավարության պարտքի կառուցվածքում։

Պարտքը թանկանում է հատկապես ներքին պարտքի ավելացման հետևանքով։

Կառավարությունը վերջին 2 տարիներին փոխել է պարտքի կուտակման ռազմավարությունն ու նախապատվությունը տվել է ներքին պարտքին։ Դրա համար էլ ներքին պարտքը շատ ավելի մեծ տեմպերով է սկսել ավելանալ։

Վերջին տվյալներով, այն արդեն կազմում է կառավարության պարտքի 40 տոկոսը։

Քանի որ ներքին պարտքը թանկ պարտք է, դրա հետևանքով տեղի է ունենում պարտքի սպասարկման թանկացում։ Պատահական չէ, որ հատկացվող գումարների մեծ մասը գնում է ներքին պարտքի սպասարկմանը, չնայած այն անհամեմատ ավելի փոքր է, քան արտաքին պարտքը։

Կառավարության ներքին պարտքը այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ շուրջ 3,8 մլրդ դոլար է, արտաքինը՝ 5,6 միլիարդ։ Բայց ներքին պարտքի սպասարկումն ավելի շատ գումարներ է խլում բյուջեից, քան արտաքինը։

Ներքին պարտքի միայն տոկոսավճարի դիմաց հաջորդ տարի կհատկացվի 164,5 միլիարդ դրամ, իսկ արտաքին պարտքի տոկոսավճարի դիմաց՝ 107,6 միլիարդ։

Պարտքի ավելացման ու թանկացման հետևանքով էլ աճում են այն գումարները, որոնք կառավարությունն ամեն տարի վճարում է իր պարտավորությունների դիմաց։

Հաջորդ տարվա համար նախատեսված շուրջ 605 մլրդ դրամից 332,8 միլիարդը կգնա պարտքի մայր գումարի մարմանը, իսկ 272,1 միլիարդը՝ տոկոսավճարների սպասարկմանը։

Այս տարվա համեմատ կավելանա՝ ինչպես պարտքի մարումը, այնպես էլ՝ սպասարկումը, բայց ավելի շատ՝ սպասարկումը։ Խոսքը տոկոսավճարների մասին է։

Կառավարության պարտքի տոկոսների սպասարկումը 2022թ. պետական բյուջեից կտանի 214,6 մլրդ դրամ։ Հաջորդ տարի այն կհասնի արդեն 272,1 միլիարդի։

Մեկ տարվա ընթացքում կավելանա 57,5 միլիարդով կամ գրեթե 27 տոկոսով։

Տոկոսավճարի այսպիսի կտրուկ ավելացումը հենց պարտքի անվանական աճի ու թանկացման ուղղակի հետևանքն է։

Փոխարենը՝ մայր գումարների վերադարձը, որն ավելի հաճախ կապված է տարիներ առաջ վերցրած պարտքերի մարումների հետ, շատ ավելի դանդաղ է աճում։ Այս տարի կլինի 303,6 միլիարդ, հաջորդ տարի՝ 332,8 մլրդ դրամ։ Կավելանա 29,2 միլիարդով։

Պարտքի սպասարկման համար հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված շուրջ 605 միլիարդից 355,1 միլիարդը կգնա պետական գանձապետական պարտատոմսերի մարմանն ու տոկոսավճարների կատարմանը։ Այն 142 միլիարդով ավելի կլինի արտաքին վարկերի սպասարկման նպատակով հատկացվող գումարներից։

Արտաքին վարկերի սպասարկումը բյուջեի վրա կնստի 213,1 միլիարդ, որից 142,2 միլիարդը՝ մայր գումարի մարման, իսկ 70,9 միլիարդը՝ տոկոսավճարների համար։

Եվս 36,7 միլիարդ կառավարությունը կվճարի եվրոպարտատոմսերի թողարկումից ներգրավված գումարների տոկոսների սպասարկման համար։ Մարում այս գծով նախատեսված չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս