Մարմնավաճառությունն օրինականացնելու առաջարկությամբ հանդես եկող ԱԺ նախագահ ունեցող իշխանությունը թրաֆիքինգի ազգային ծրագիր է ներկայացնում

Իրավական նախագծերի միասնական e-draft.am հարթակում ս.թ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 3-ը քննարկման էր դրվել «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի հեղինակների կարծիքով՝ նախորդ, 2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք զգալի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա:

Ըստ նրանց՝ 2023-2025թթ. ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման  ընթացքում  զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող  ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման  միջոցով:

Այս բոլոր ձևակերպումները, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն, երբ առանձին նայում ենք զուտ բացահայտումների ու կանխարգելման արդյունքներին, ճիշտ հակառակ, հուսահատեցնող պատկեր է:

Կարդացեք նաև

Այսպես, նախագծի հիմնավորման մեջ  նշված է, որ 2021թ. ընթացքում նույնացվել է 31 զոհ, որոնցից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը`աշխատանքային: Նույնացված զոհերից 8-ը եղել է երեխա: 

2022թ.-ին հարուցված և փոխանցված քրեական գործերով տուժող են ճանաչվել 3 անձ` սեռական շահագործման, և 11 անձ` աշխատանքային շահագործման կապակցությամբ:

Ըստ ՀՀ դատախազության, 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարդկանց շահագործման վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ: 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է 2007թ. կասեցված սեռական շահագործման 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ, և 2013թ. կասեցված աշխատանքային շահագործման 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ:

 2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման չորս դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերից 3-ը՝ աշխատանքային, իսկ 1-ը՝ սեռական շահագործման դեպքեր են:

Ամպագոռգոռ ծրագրային դրույթների ֆոնին նշված աղքատիկ ցուցանիշները խոսում են միայն այն մասին, որ իշխանությունների մոտ, արդեն ավանդույթի ուժով, լավ է ստացվում աննպատակ փիառվելը և գրավիչ խոստումները, իսկ արդյունքը տասներորդական մանրուք է։

Ցավոք, հանրությանը հրամցվել  է բարի նպատակներով քողարկված հերթական անիմաստ շարադրանքը, ինչի արդյունքում կայքում գրանցվել է կողմ քվեարկածների աննախադեպ բարձր ցուցանիշ՝ 100 տոկոս։

Դե, իհարկե, իսկ ո՞վ է դեմ, որ պետությունը պայքարի սեռական ու աշխատանքային շահագործման դեմ, միայն թե որևէ մեկին չի հետաքրքրել, թե դա իրակա՞ն պայքար է, թե՞ հերթական քարոզ և յուրայիններին գրանտներով ապահովելու հնարք:

Խոսենք փաստերով:

Այս կենաց-ծրագիրը նախատեսում է աշխատատար և մեծ մարդկային ռեսուրսներ պահանջող միջոցառումներ, որոնք որևէ նորույթ չեն բովանդակային։

Վերը բերված թվային ցուցանիշները փաստում են բացահայտումների ակնհայտ ցածր, անհանգստացնող վիճակը, դրանք վկայում են այն մասին, որ չեն կիրառվում համալիր, պատկան մարմինների և շահառու կազմակերպությունների միջև փոխհամագործակցության գործնական քայլեր։

Շեշտը ծրագրում դրված է գրեթե ոչինչ չասող և գործնականում դյուրին կյանքի կոչվող, այսպես կոչված, իրազեկվածության միջոցառումների վրա, մինչդեռ խնդրի լուծման ուղղությամբ սոցիալական աջակցության հարցերն անտեսված են, ավելին՝ գրեթե հպարտությամբ ընդգծվել է, որ ազգային ծրագիրն էական ծախսեր չի ենթադրում։

Նախագծի հեղինակներին որևէ կերպ չի հուզել, թե այդ ինչ համալիր միջոցառումներ են պատրաստվում իրականացնել անմիջապես մարդկանց թրաֆիքինգի երևույթի տարածման պատճառները, դրանց նպաստող պայմանները վերհանելու, ինչպես նաև ոչ այնքան քողարկված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Ազգային ծրագրում ոչինչ ասված չէ, օրինակ՝ վեներական հիվանդությամբ տառապող երեխաների վերաբերյալ տվյալները անհապաղ պատկան մարմիններին փոխանցելու և կատարված հանցագործության փաստերը բացահայտելու ու կանխելու վերաբերյալ, մինչդեռ՝ 168.am-ի տեղեկություններով՝ նշված բուժհաստատություններում վեներական հիվանդություններով բուժվող անչափահասները բնավ սակավաթիվ չեն: Էլ չենք խոսում մասնավոր կարգով բուժումներ անցած դեպքերի բացահայտման ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մարմնավաճառ կանայք, համաձայնության գալով հատուկ կրթական ղեկավարների հետ, անարգել կարող են իրենց երեխաներին տեղավորել այդպիսի գիշերօթիկ հաստատություններում և երկար ժամանակ բացակայել երկրից՝ արտերկրներում զբաղվելով մարմնավաճառությամբ: Ծրագրի հեղինակներին հուզե՞լ է արդյոք՝ քանի՞ այդպիսի երեխա է «սովորում» հատուկ հաստատություններում, և այնտեղ տևականորեն գտնվելը հոգեպես ու ֆիզիկապես առողջ երեխաների համար ինչպիսի՞ հետևանքների կարող է հասցնել:

Մտահոգիչ է նաև, որ արտերկրում կանոնավոր մարմնավաճառությամբ զբաղվող խմբերը չեն բացահայտվում, ինչը խիստ վտանգներ է իր մեջ պարունակում ոչ միայն երկրի հեղինակության, հոգևոր արժեքների և ազգային արժանապատվության պահպանման, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։ Կարելի էր ենթադրել, որ միջազգային պայմանագրեր ստորագրելու սիրահար իշխանություններն այս դեպքում ևս կձգտեին անհրաժեշտ միջազգային համագործակցության ապահովման, սակայն տպավորությունն այն է, որ սա առանձնապես որևէ մեկին չի հետաքրքրում։

Էլ ավելի անհանգստացնող է այդ ոլորտում անտրամաբանական, ներքին հակասություններով ուղեկցվող քաղաքականությունը։ Օրինակ՝ տարրական տրամաբանությունից զուրկ է այն, որ ստրիպտիզ գիշերային ակումբները փակելու փոխարեն՝ ընդամենը բավարարվել են այդպիսիք մասնակի սահմանափակելու տարբերակով:

Վերջապես, շատ զավեշտալի է, որ մի կողմից՝ պետությունը հանդես է գալիս թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրով, մյուս կողմից՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հանդես են գալիս հասարակաց տներ բացելու անհրաժեշտության առաջարկով:

Ծրագրի քննարկմանը ներգրավված են եղել տասնյակ պատկան մարմիններ և ոչ պետակական կազմակերպություններ, և շատ հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է լինելու վերջիններիս արձագանքը՝ այն դրսևորվելու  է «одобряем» միակենտրո՞ն, թե՞ սրտացավ տարբերակով։

Տեսանյութեր

Լրահոս