Թեհրանի նոր քաղաքականությունը հակաիրանական կրքեր է բորբոքել Բաքվում և Վաշինգտոնում. ՀՀ աշխարհաքաղաքական խնդիրները շատանում են

Հարավային Կովկասում Իրանի նոր դերակատարությունը՝ ՀՀ անվտանգության շուրջ դրված կարմիր գծերը, հակաիրանական վտանգավոր տրամադրություններ է հրահրում Իրանի դեմ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի կողմից: Միացյալ Նահանգներ-Իրանի Իսլամական Հանրապետություն դիվանագիտական փոխհրաձգությունն ինտենսիվանում է Թեհրան-Բաքու լարմանը զուգահեռ:

Հոկտեմբերի կեսին Իրանը լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, որոնց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Իսկ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերը Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ, Ադրբեջանի հարավային հատվածներում՝ Իրանի հետ սահմանին, զորավարժություններ էին սկսել։ Համաձայն զորավարժությունների պլանի՝ Հատուկ նշանակության ուժերն իրականացնելու են մի շարք առաջադրանքներ՝ ռազմաօդային ուժերի և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումների հետ փոխգործակցելով։

Նոյեմբերի 3-ին զորավարժությունների ընթացքին հետևելու համար հարավային շրջաններ են այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ-ն ներկայացնող Հատուկ հրամանատարական խմբի գեներալ-լեյտենանտ Բահտիյար Էրսայը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ին Շուշիում ունեցած ելույթում անուղղակի որոշ հոխորտանքներ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ առանց Իրանի անունը հնչեցնելու:

«Այստեղ թելադրողը մենք ենք, այստեղ հիմնական ուժը մենք ենք։ Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, անձնազոհություն է դրսևորել։ Եթե պետք լինի, նորից ցույց կտանք և կհասնենք ցանկալիին։ Դա գիտեն բոլորը, դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր մեր սահմաններին զորավարժություններ են անցկացնում ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- հայտարարել էր Ալիևը:

Ադրբեջանական մամուլում խորացող հակաիրանական տրամադրություններից ու այս ելույթից հետո Իրանի արտգործնախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպանը։ Իսլամական հանրապետության դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ պատճառը Իրանի հասցեին ադրբեջանցի պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարություններն են:

Իրանի արտգործնախարարի օգնականը պաշտոնական Թեհրանի վճռական բողոքն է հայտնել դեսպան Ալի Ալիզադեին՝ «Ադրբեջանի պաշտոնական անձանց ոչ բարեկամական հռետորաբանության», ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական քարոզչության կապակցությամբ, հաղորդում է Իրանի արտգործնախարարության մամլո ծառայությունը:

Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հնարավորինս կարճ ժամկետներում վերջ կտա այդ քայլերին և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դրանց կրկնությունը կանխելու համար։ Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի դեսպանը, ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի համար, խոստացել է «անհապաղ» իր երկրի իշխանություններին փոխանցել Թեհրանի բողոքը:

Իրանի հետ կապված ցանկացած զարգացման, բնականաբար, ԱՄՆ-ը անդրադառնում է: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել իր գործընկերների կողքին լինելու համար՝ դիմակայելու Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում:

Նախօրեի ճեպազրույցում՝ հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ Իրանի աճող սուր հռետորաբանության առնչությամբ, Փրայսը պատասխանել է.

«Մենք շատ հստակ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք մեր գործընկերների կողքին լինել, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելն էր անդրադարձել Հարավային Կովկասին՝ հայտարարելով, որ տարածաշրջանի երկրները «ռուս-իրանական դաշինքը» պետք է դիտարկեն՝ որպես «խորքային սպառնալիք»:

«Բայց ես կօգտվեմ այս առիթից ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը, ներառյալ՝ տարածաշրջանի երկրները, ներառյալ՝ ձեր նշած որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք: Մի կողմից՝ ունենք Ռուսաստան, որը մասնակցում է բարբարոսական, անօրինական և անարդար ներխուժմանը մեկ այլ երկիր, իսկ մյուս կողմից՝ ունենք Իրան, որը հայտնի է տարածաշրջանում ապակայունացնող, բռնի գործողությունների մասնակցությամբ: Այնպես որ, ամբողջ տարածաշրջանը պետք է մտահոգված լինի»,- ասել է նա:

Հայտարարությունների մի էական մասն էլ ուղղված է ռուս-իրանական համագործակցությանն Ուկրաինայում: Օրերս էլ Իրանում էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ինչը ևս անհանգստացրեց Արևմուտքին: Իրանի դեմ արևմտյան նոր արշավն ու իրանաադրբեջանական սրացումը պետք է մտահոգի Հայաստանին, որի համար հարևան իսլամական հանրապետությունը ներկայումս անվտանգային բարձիկի դերակատարություն է փորձում ստանձնել՝ անելով կոշտ դիվանագիտական հայտարարություններ և բացելով հյուպատոսություն Կապանում, խորացնելով հայ-իրանական համագործակցությունը, մոտեցնելով այն ռազմավարական գործընկերության մակարդակի:

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Իրան-Ռուսաստան առանցքի ձևավորումը լրջորեն մտահոգում է Արևմուտքին և թյուրքական երկրներին, քանի որ իրականում խոչընդոտում է Հարավային Կովկասում այս երկրների ծրագրերին:

Ըստ նրա, մշտապես զարգացնում են այն քարոզչությունը, թե Հարավային Կովկասում իրականացվում է ռուս-թուրքական ծրագիր, այնինչ ներկայումս ընթացող ավելի թափանցիկ ու պարզ գործընթացներն ակնհայտ են դարձնում շահերի այն տարբերությունները, որոնք ունեն Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում:

«Ներկայումս, Ռուսաստանից մի փոքր ավելի պակաս, Արևմուտքի թիրախում Իրանն է՝ իր ռուսամետ քայլերի համար: Տեսնում ենք նաև համարձակ քայլեր Ադրբեջանի կողմից, որոնք ոգեշնչված են Արևմուտքի դիրքորոշումից: Ուկրաինական պատերազմից սկսած ռուս-իրանական հարաբերություններում մեծ նորություններ են նկատվում, համագործակցության տարրեր սիրիական թատերաբեմից դուրս՝ անկախ Թուրքիայից: Այս համագործակցությունը որոշակիորեն նկատվում է նաև հարավկովկասյան գոտում: Այս մասին մենք նախկինում ևս խոսել ենք, և ես ասել եմ, որ այն բացերը, որոնք առաջանում են ռեգիոնում, և որոնք ՌԴ-ն չի կարողանում փակել, Իրանը փորձում է անել:

Սա կարող է ավելի լայն համագործակցության նշան լինել և հետագայում տարածվել, տարածվել այնքան, որ այս համագործակցությունը հանգեցնի ռուս-իրանական համագործակցության Եվրասիայում:

Ինչու եմ սա կարևոր համարում․ սա կարող է դառնալ իրական խոչընդոտ թյուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին, իսկ դրանք իրականացնողները ոչ միայն ռեգիոնալ, այլև արտատարածաշրջանային և որոշ արևմտյան երկրներ են: Այսինքն՝ սա պատահական զարգացում չէ ռուս-իրանական հարաբերություններում, թյուրքական ընդլայնման վտանգն անհանգստացնում է թե Ռուսաստանին, թե Իրանին: Սա հենց այդքան քննարկվող նոր աշխարհակարգի, ազդեցության նոր գծերի ձևավորման նշան է»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, երբ հասկանում ենք այս համագործակցության իրական ներուժը, հասկանալի է դառնում, թե ինչու են այս և հարակից ռեգիոններում ընդլայնման ծրագրեր ունեցող երկրները սկսում նոր թափով թիրախավորել Իրանին:

«Այսօր Իրանը փորձում է իրապես զբաղվել Հայաստանի անվտանգությամբ, դրա դեմ Ռուսաստանից դիմադրություն չկա, սակայն Իրանի այս նոր դիրքավորումը, ինչպես տեսնում եք և սպասելի էր, անհանգստացնում է Ադրբեջանին, ինչպես նաև արձագանք է ստանում Միացյալ Նահանգների կողմից, որոնք գոնե շաբաթը մեկ անգամ բացասական ուղերձ են հնչեցնում Իրանին ուղղված, փորձում են նույնիսկ միջամտել Իրանի ներքին գործերին: Իրական թիրախը ոչ միայն Իրանն է առանձին, այլև ռուս-իրանական համագործակցությունը»,- ասաց վերլուծաբանը:

Փորձագետը չի գտնում, թե ռուս-իրանական սրացումը կարող է լրջագույն տեսք ստանալ: «Իրանը բավականին հմուտ է գործում՝ պահելով շփումներն Ադրբեջանի հետ, նաև ժամանակ առ ժամանակ իր ուժն է ցույց տալիս: Ադրբեջանի ղեկավարությանը սա դուր չի գալիս, սակայն, բացի հայտարարություններից, ի՞նչ պետք է անեն: Բայց, իհարկե, գործընթացներին պետք է հետևել, և սա հարց է, որը վերաբերում է ՀՀ անվտանգությանը, ՀՀ անմիջական հարևանությանը, որտեղ լարվածության վեկտորներ են փոխվում, ուստի հարկավոր է հավելյալ զգոնություն, քանի որ խնդիրները միայն Հայաստանով ու Հայաստանի շուրջ չեն սահմանափակվում: Ինչպես տեսնում եք, աշխարհաքաղաքական գործընթացները շատ ավելի լայն են, իսկ խաղադրույքները՝ բարձր»,- նշեց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930