«Իշխանություն 2» ֆիլմի դեմ Փաշինյանի աջակից ՔՊ-ականների ձախողված ակցիան և վախերը

Նոյեմբերի 9-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։

Համացանցում ֆիլմի թրեյլերի հայտնվելուց կարճ ժամանակ անց իշխանության ներկայացուցիչների մոտ ջղաձգումներ սկսվեցին, ինչը երեկ երեկոյան արտահայտվեց Փաշինյանի աջակիցների ֆեյսբուքյան էջերում՝ գրառումների և տեսանյութերի տեսքով, ապա նաև՝ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած մոտ 10 հոգանոց հավաքով։

Նրանք գրառումներ էին անում՝ կոչ անելով հավաքվել Հանրապետության հրապարակում և քայլեր ձեռնարկել.

«Տարածել‼️Վաղը այսինքն նոյեմբերի 10-ին ժամը 18։00 հրապարակում հավաքվում ենք ֆիլմի ցուցադրությունը արգելելու նպատակով վաղը մեզանից յուրաքանչյուրը ցույց կտա թե ինչքանով է մեր Վարչապետի կողքին (Ասածս չի վերաբերվում դրսում ապրող մեր ընկերներին) բայց դուք էլ բոլորդ ձեր էջերում տեղադրեք , մենք պիտի էնպես անենք որ նման սուտ տարածող ֆիլմը մեր Վարչապետի մասին ոչ միայն չցուցադրվի այլև տուգանվի»,- գրել էր նրա աջակից Դիանա Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Ֆեյսբուքյան հազարավոր հետևորդներ ունեցող Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, փաստորեն, այդպես էլ արձագանքողներ չէին եղել, Հանրապետության հրապարակում մնացել էին իրենք իրենցով։

«Բարի լույս ժողովուրդ ջան, ժամը 18։00-ին բոլորս մեկ մարդու պես լինենք ՀՀ հրապարակում ի աջակցություն վարչապետին և Կառավարությանը։ Բոլորիդ մասնակցությունը շատ կարևոր է։ Միասին թույլ չենք տալու այդ խայտառակ ֆիլմի ցուցադրությունը․․․»,- գրել էր աջակիցներից մյուսը։

Այն, որ Փաշինյանի աջակիցների պահանջը չկատարվեց, ձախողվեց՝ միանշանակ է, սակայն ուշագրավն այն է, որ այդ տապալված հավաքից հետո նրանք բազմաթիվ գրառումներով փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, իբրև թե իշխանության որևէ ներկայացուցիչ տեղյակ չի եղել իրենց կազմակերպված ակցիայից, և, որ դա ինքնաբուխ է եղել։

«Բացառապես ոչ մեկ իշխանությունից տեղիակ չի եղել մեր որևիցե մի քայլից, ասեմ ավելին՝ հետո իմացան, ինչն էլ հենց իրենց էլ զարմացրեց»,- գրել է Փաշինյանի աջակիցներից Դիանա Մարտիրոսյանը։

Ընթերցողը թող ների կոպիտ ուղղագրական սխալների համար, սակայն նրանց գրառումները ներկայացնում ենք այնպես, ինչպես որ կա:

Ի դեպ, Փաշինյանի աջակից Դիանա Մարտիրոսյանը ոչ վաղ անցյալում անդրադարձել էր Բաքվում պահվող հայ ռազմագերին՝ ասելով, թե նրանց թշնամի պետությունում ավելի լավ են վերաբերվում։

«Էդ գերիներին հայերից լավ են պահում։ Ջուր էլ են տալիս, հաց էլ են տալիս․․․»,- ասել էր նա։

Ուշագրավ է, որ «Իշխանություն 2» ֆիլմի դեմ պայքարի դուրս եկած Փաշինյանի հավատարիմ աջակիցների մի մասն այսօր աշխատում է պետական տարբեր գերատեսչություններում՝ Աջափնյակ վարչական շրջան, Ավան վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ, և այլն։

 

Թեև Փաշինյանի աջակիցներն ամեն կերպ փորձում են համոզել, որ իրենց գործողություններն իշխանության ներկայացուցիչների կողմից ուղղորդված չեն եղել, երեկոյան ֆեյսբուքյան իրենց էջերում տարածած լուսանկարն ու գրառումները հակառակի մասին են փաստում։

Իրենց չստացված և ձախողված ակցիան ավարտելուց հետո, Փաշինյանի աջակիցները երեկոյան շտապել են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ, որտեղից լուսանկար են հրապարակել և գրառում կատարել․

«Այսօր մեր քաղաքական թիմով օրն ամփոփեցինք ՔՊ Գլխավոր Վարչությունում։  Արդյունքների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մեր պայքարն անկասելի է»,- գրել է Փաշինյանի իջևանցի աջակից Ռոբ Մովսեսյանը։

Ինչո՞ւ են այդպես անհանգստացած ՔՊ-ականներն ու նրանց աջակիցները: Ֆիլմը հասարակության շրջանում լուրջ հետաքրքրություն է առաջացրել, դրա մասին է վկայում տոմսերի աննախադեպ վաճառքը: Իսկ ֆիլմը կրկին անգամ հանրությանը ներկայացնում է, թե իրականում ինչ ուժեր (արտաքին ուժեր, թշնամական ուժեր, աղանդավորական կառույցներ, ևն) և ինչ նպատակներով են արել 2018-ի հեղափոխություն կոչվածը, որը կործանարար հետևանքներ է ունեցել երկրի համար՝ պատճառելով այդքան տարածքային կորուստներ, 5000-ից ավելի մարդկային զոհեր, գերիներ, հաշմանդամներ, աղետ և պետության կորստի իրական վտանգ: Եվ, ամենակարևորը, դիտելով ֆիլմը, քաղաքացին համոզվում է, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է փրկել պետությունը և  կանգնեցնել դավաճանական իշխանությունների գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս