Էրդողանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան գործընթացով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստան մեկնելուց առաջ՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը, տեղեկություն հաղորդելով կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ վերջին անգամ թուրքական կողմը Հայաստանի հետ բանակցել է Պրահայում: Ըստ Էրդողանի՝ իրենք հայկական կողմին պարզորոշ ասել են, որ եթե Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները դրական ուղղությամբ տանեք, ապա Թուրքիայի հետ հարաբերություններն էլ դրական ուղղությամբ առաջ կգնան:
«Ինչպես պատվիրակությունների, այնպես էլ նեղ կազմով հանդիպումների ժամանակ, հայկական կողմին սա շատ հստակ ասել ենք: Արդյո՞ք կարող ենք ասել, որ այս պահին հասել ենք այդ փուլին: Ոչ, չենք հասել, քանի որ սփյուռքը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում շարունակաբար աշխատում է կարգավորման գործընթացի դեմ: Իհարկե, այս աշխատանքները բացասաբար են ազդում գործընթացի վրա: Այդ սփյուռքի բացասական աշխատանքները դրական ուղու վրա դնողը ո՞վ է: Անկասկած Հայաստանի ղեկավարությունն է: Եթե դա նրանց հաջողվի, ապա մեր տեսանկյունն էլ կփոխվի դեպի դրական ուղղություն»:
Էրդողանը նաև նշել է, որ այս հարցում Թուրքիան ցանկանում է ոչ թե թշնամի ձեռք բերել, այլ՝ բարեկամ ունենալ։
«Ցանկությունս է, որ Հայաստանի իշխանությունները հաջողեն այս հարցում։ Հատկապես Լաչինի ու Զանգեզուրի մասով Ադրբեջանի հետ նրանց կատարելիք քայլերը դրականորեն կազդեն մեր անելիք քայլերի վրա»,- եզրափակել է Էրդողանը: