Բաժիններ՝

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արծաթե գոտիով

Հայաստանի ազգային պատկերասրահի 40 հազարից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն օրերս համալրվել է ևս մեկ արժեքավոր նմուշով։ Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը թանգարանին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում: Քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդ գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի կիրառական-դեկորատիվ արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանն ասաց՝ գոտիները տարբերվում են հիմնականում ճարմանդների շնորհիվ: «Կախված նրանից, թե ինչ ճարմանդից է գոտին, կարելի է հասկանալ այն կին է կրել, թե տղամարդ: Գոտին տարազի բաղկացուցիչ մասն է եղել: Կանանց դեպքում պտղաբերության թեմայի հետ է կապված եղել, տղամարդկանց դեպքում տղամարդկային առնականությունն է խորհրդանշել, իսկ ոսկյա գոտիների պարագայում ունևորությունն է շեշտել»,-նշեց նա:

Արվեստաբանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունից հետո նմանատիպ գոտիները համադրել են առօրյա հագուստի հետ և մոռացվել է, թե որ գոտիներն են կանանց համար նախատեսված, որոնք՝ տղամարդկանց: Պատկերասրահի նոր նմուշը, վստահաբար, տղամարդու գոտի է: Գոտու վրա կա փոքր պատկեր, որը վկայում է՝ հատուկ ինչ-որ մեկի համար է պատրաստվել:

«Այս նմուշը գալիս է լրացնելու պատկերացումը թիֆլիսյան դպրոցի վարպետների աշխատանքի մասին: Այդ օրինակները տարբերվում են թե՛ վարպետության, թե՛ տեխնիկաների կիրառման շնորհիվ: Սա անմիջապես նոր հետազոտության թեմա դարձավ ինձ համար: Վերջերս գտել էի նույն վարպետի մի քանի աշխատանք, որոնք պահվում էին տարբեր հավաքածուներում: Գոտին հրաշալի օրինակ է՝ ցույց տալու մի վարպետի աշխատաեղանակները, թե որքան բազմազան նմուշներ է նա ստեղծել»,-շեշտեց Չուգասզյանը:

Ի տարբերություն արվեստի այլ ճյուղերի՝ արծաթագործության պատմության մեջ բացթողումներ կան. շատ քիչ են տեղեկությունները վարպետների մասին: Մասնագետի համոզմամբ՝ բացերը հնարավոր է լրացնել ձեռնարկով, որում կընդգրկվեն աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում պահվող զարդեր, և պատկերն ամբողջական կդառնա:

«Թիֆլիսյան դպրոցի նմուշ է սա, որն ստեղծվել է 1899-ից 1908 թվականներին, իսկ վարպետի անունը կներկայացվի գիտական հետազոտության ընթացքում: Գուցե նաև դասախոսություն կազմակերպենք, որպեսզի լայն հասարակությունը հարցեր ուղղելու հնարավորություն ունենա»,-տեղեկացրեց Սաթենիկ Չուգասզյանը:

Պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուները և առարկաների առանձին խմբերը ներառում են Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի, Իրանի, Չինաստանի և Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Ֆլանդրիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Հայաստանի անցյալի և ժամանակակից վարպետների ստեղծագործությունները:

Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանի խոսքով՝ դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուն գալիս է ներկայացնելու տվյալ ժամանակաշրջանի կյանքը, նիստուկացը, թե ինչպես են հագնվել, ինչ են օգտագործել, ինչ զարդեր են կրել: «Այդ ֆոնին մենք կարողանում ենք տեսնել, թե ինչ հմտությունների են հասել մեր վարպետները: Բացառիկ աշխատանքներ կան, և մենք միշտ հպարտանում ենք մեր վարպետներով: Աշխարհում հայտնի է, որ հայն արհեստավոր է, և յուրաքանչյուր արհեստում կարողանում է հասնել կատարելության»,-ասաց ֆոնդապահը:

Ազգային պատկերասրահի տարբեր բաժիններում պահվում են Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի և այլ մեծերի հավաքածուներ: Մեծ մասը նվիրատվություններ են:

«Վերջին տարիներին շատ քիչ համալրումներ ենք ունեցել: Հավանաբար, իրավիճակն է այդպիսին: Հուսանք, որ կփոխվի դա: Ինձ լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ պատկերասրահը հիմնադրվել է շատ բարդ քաղաքական ու տնտեսական իրավիճակում, բայց կարողացել են հավաքածու ստեղծել: Հույս ունենանք, որ մենք ևս կկարողանանք հաղթահարել այս մի պահ դադարը»,-եզրափակում է Փունարջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս