ՏՏ ոլորտի ահազանգերը
Դոլարի արժեզրկումը, դրամի արժևորումը քայքայում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները: Ի դեպ, թեմայով առաջին դժգոհությունները հնչել են դեռևս փետրվարին. նշում են՝ ՏՏ-ընկերությունները հարվածի տակ են, քանի որ պայմանագրերի մեծ մասը երկարաժամկետ է և կնքվում է ԱՄՆ դոլարով, մի շարք ընկերություններ նույնիսկ գնացել են կրճատումների, կամ փակվել են:
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավոր պետական աջակցություն ցուցաբերել ՏՏ ոլորտում աշխատող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին. համապատասխան նախագիծը քննարկվում էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը, սակայն, դեռևս չի ընդունվել: Իսկ մինչ այդ՝ մասնագետները ելքեր են փնտրում:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դրամի մոտ 25 տոկոս արժևորմանը՝ մատնանշեց փոխարժեքի վրա ազդող հիմնական գործոնները․ 9 ամիսների տվյալներով Հայաստան փոխանցված 3.5 միլիարդ դոլարի տրանսֆերտներ, արտահանման աճ, ներքին հարցեր:
Վերջինի առնչությամբ մասնագետը մանրամասնեց. «Օրինակ, Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն արժևորում է դրամը: Մյուս պատճառը կառավարության կողմից հարկաբյուջետային քաղաքականության ձախողումն է՝ ծախսերի թերակատարումը (այս տարվա 9 ամիսների հաշվարկով ընդհանուր ծախսերը թերակատարվել են 13.4 տոկոսով):
Դրամի գերարժևորման պայմաններում, սովորաբար, մեծ հարված է ստանում արտահանումը, բայց հակառակ այդ դասական իրավիճակի՝ այս պահին ունենք արտահանման աճ: Վերջինով պայմանավորված՝ պետական պաշտոնյաները փակում են բոլոր այն անձանց բերանը, որոնք հայտարարում են, թե արտահանումը վնասներ է կրում դրամի արժևորման պայմաններում՝ չցանկանալով ներկայացնել, որ արտահանման թվերի աճը վերարտահանման և մետաղների գների աճի հետևանք է:
Իսկ տնտեսության մնացած ճյուղերն այսօր դժվարին օրեր են ապրում, այդ թվում՝ նաև ՏՏ ոլորտը: Այս ոլորտի բողոքողների բերանը ևս կառավարությունը փորձում է փակել պաշտոնական վիճակագրությամբ, ըստ որի, 8 ամիսների հաշվարկով ոլորտը 32.5 տոկոս աճ է գրանցել: Մինչդեռ այդ աճն ապահովել են հիմնականում ռուսական, բելառուսական ընկերությունները: Հիշեցնեմ՝ այս տարվա ընթացքում մոտ 5000 ռուսական և բելառուսական ընկերություններ են բացվել ՀՀ-ում»:
Տնտեսագետը երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար կարևորեց տեղական ՏՏ ընկերությունների դերը՝ նկատելով, որ նորաբաց ռուսական ընկերություններն ինչպես մեկ օր ստեղծվել են, այնպես էլ՝ մեկ օրում կարող են անհետանալ:
Ի դեպ, ՏՏ ոլորտին ձեռք մեկնելու հարցում կառավարության հապաղումը Սուրեն Պարսյանը պարզաբանում է ֆինանսական հնարավորությունների սղությամբ, նաև կարծում է, որ դրամի գերարժևորումն այս պահին ձեռնտու է Կենտրոնական բանկին և Կառավարությանը՝ գնաճը զսպելու տեսանկյունից:
«Կառավարությանը ձեռնտու է, որ գնաճը բարձր չլինի, քանի որ դա սոցիալական բունտերի առիթ է, և կառավարությունը կարող է անտեսել մի քանի հազար ՏՏ կազմակերպությունների բողոքը՝ իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար»,- հավելեց նա:
«Արլուպայի» համահիմնադիր Արման Աթոյանը կարծում է, որ Կենտրոնական բանկը, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ավելի ակտիվ լինեն և հասարակությանն առավել մանրամասն ու պարզ ներկայացնեն տնտեսության վրա դրամի արժևորման ազդեցությունը, այդ ազդեցությունը մեղմելու առաջարկները:
«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում մեր արժույթի արժևորումը, բայց կարծում եմ՝ հարկավոր է աջակցություն ցուցաբերել այն ոլորտներին, որոնք տուժել են այս իրավիճակում: Առաջնահերթություն պետք է տալ հատկապես գյուղատնտեսությանը, գինեգործությանը, թեթև արդյունաբերությանը, որտեղ աշխատում են հասարակության ավելի խոցելի խմբեր,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՏՏ ընկերության ներկայացուցիչը, ապա անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նկատեց,- ԱՏՁՄ-ն ունի առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է․ որպես միության անդամ՝ միանում եմ այդ առաջարկներին»:
«Սմարթ Քլիք» ընկերության հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը ևս թեմայի առնչությամբ հիշեցնում է՝ դոլարի անկման պատճառով տուժում են ոչ միայն ՏՏ ընկերությունները, այլև արտահանող մյուս կազմակերպությունները, և հետևաբար՝ խնդիրը պետք է համակարգային լուծում ունենա:
«Այսինքն՝ ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությունը, այլև Կենտրոնական բանկն ու մյուս պատկան մարմինները պետք է հասկանան՝ ինչպես կանգնեցնել այս անկումը, որովհետև աշխարհում հակառակ պրոցեսն է կատարվում. այլ արժույթները դոլարի հանդեպ արժեզրկվում են»,- շեշտեց Ռեմ Դարբինյանը:
«ՍմարթՔլիք» ընկերության հիմնադրի համոզմամբ՝ Հայաստանի ապագա տնտեսական աճը կապված է ստարտափների հետ, իսկ դրանք այժմ հարվածի տակ են:
«Ստարտափի կյանքի համար շատ կարևոր է ժամանակին վերցնել ներդրումներն ու հասնել նպատակներին, բայց այստեղ ավելացել է մի ռիսկ, որը ոչ մի ստարտափ հաշվի չէր առել. երբ դուք, օրինակ, գնացել-վերցրել եք X գումար, որը ձեզ կհերիքեր մեկուկես տարի օգտագործելու և ստարտափը զարգացնելու համար, դա հիմա կհերիքի մի տարվա համար: Դա ձեզ թույլ չի տա զարգանալ, և չեք կարողանա մյուս փուլին հասնել, ներդրումներ վերցնել:
Դա բերում է նրան, որ զարգացող ստարտափները կա՛մ փակվում են, կա՛մ ավելի դանդաղ են շուկա դուրս գալիս, կա՛մ կորցնում են հնարավորությունը մրցունակ դառնալու շուկայում,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ ոլորտում այժմ նկատվում է այլ երկրներ արտահոսքի տենդենց,- Քանի որ դրամով աշխատավարձերը չեն փոխվել ՀՀ-ում, և քանի որ ՏՏ կազմակերպությունների գումարները հիմնականում գալիս են դրսից, ստացվում է՝ ձեռք չի տալիս Հայաստանում թիմ պահել, փոխարենը՝ հետաքրքրում է թիմ ունենալ այլ երկրում, որտեղ դոլարն ամրապնդվում է:
Այսինքն՝ այժմ Իսպանիայում կամ Պորտուգալիայում ավելի է ձեռք տալիս ունենալ ծրագրավորման թիմ, և ցանկացած հայկական ստարտափ վաղը կարող է փակի կազմակերպությունը, ազատի թիմի անդամներին, նույն չափի թիմ ունենա Իսպանիայում և Պորտուգալիայում, և իր վրա ավելի էժան նստի: Կստացվի՝ սպանեցինք հայկական ՏՏ կազմակերպությունները, իրենց դրդեցինք, որ գնան դրսի շուկա, որովհետև այն դարձել է ավելի էժան:
Ցավոք, սա չեն կարող անել արդյունաբերող կազմակերպությունները, գինի արտահանողները. այդ ընկերությունները, փաստացի, ավելի մեծ խնդրի տակ են, և նրանց էլ պետք է ուշադրություն դարձնել»:
Ոլորտի ներկայացուցիչներն արձանագրում են՝ եթե այս խնդիրներն արագ չլուծվեն, Հայաստանը, որ երկար տարիներ բրենդավորվում է՝ որպես ՏՏ երկիր, կկորցնի այդ այցեքարտը: