Չնայած բոլոր բարդություններին, որոնց բախվում են Հայաստանն ու Ռուսաստանը, հայ-ռուսական առանցքը դիմացկուն է, մարտահրավերները կհաղթահարվեն. ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության խորը ռազմավարական շահերը նույնական են»,- Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա խոսեց հայ-ռուսական հարաբերություններում ԵՊԼՀ ներդրման մասին: Դեսպան Կոպիրկինն ասաց, որ այս տարի նշում ենք Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, բայց ինչպես փաստում է համալսարանի գործունեության պատմությունը, իհարկե, այդ հարաբերություններն էականորեն խորն են, բազմակողմանի, արմատները հասնում են դարերի խորք, և շատ կարևոր է, որ այդ դարերի ընթացքում և հայկական կողմից, և Ռուսաստանի կողմից մշտապես եղել են ու կան մարդիկ, որոնք հոգով ցավում են մեր հարաբերությունների համար և որոնք իսկապես անկեղծ սիրով են վերաբերվում Հայաստանին, հայ ժողովրդին՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ռուսաստանին ու ռուս ժողովրդին:
Դիվանագետի որակմամբ, հենց նմանատիպ մարդիկ էլ այն հոգևոր առանցքն են, որը միավորում է մեր երկրները:
«Ես կարծում եմ, ես վստահ եմ, որ չնայած բոլոր բարդություններին, մարտահրավերներին, որոնց բախվում է հիմա թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ռուսաստանի Դաշնությունը, այդ առանցքը բավականին դիմացկուն է, որպեսզի մեր հարաբերությունները այդ բոլոր մարտահրավերները հաղթահարեն, և մենք այսուհետ ևս միասին ապրենք, միասին գործենք, համագործակցենք, պահպանելով մեր մշակութային, հոգևոր ավանդույթների ընդհանրությունը»,- ասաց դեսպանը՝ իր ելույթի մյուս հատվածը նվիրելով համալսարանին, դասախոսական կազմին ու Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դերակատարությանը: