«Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի միջև կա հատուկ կապ և սերտաճվածություն. նա չի կարող անաչառ լինել». Սիրանուշ Սահակյան
ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Այսօր մեկնարկեց այդ վարույթի քննությունը: Պարզվում է՝ դատավոր Ստեփանյանին ևս ցանկանում են պատասխանատվության ենթակել՝ դատավարական ժամկետները խախտելու համար, որպիսի խախտում վերագրվում էր նաև դատավոր Աննա Փիլոսյանին, իսկ օրեր առաջ՝ Վահե Միսակյանին պատժեցին։
«Գտնում ենք, որ Ազգային ժողովի (ԱԺ) կողմից ընտրված ԲԴԽ իրավաբան-գիտնական հանդիսացող անդամները չունեն բավարար ինստիտուցիոնալ անկախություն գործադիր իշխանությունից և օրենսդիր իշխանական խմբակցությունից»,- այսպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկ հայտնեց ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցին, Դավիթ Խաչատուրյանին և Վիգեն Քոչարյանին՝ հավելելով, որ գտնում են՝ նրանք չեն կարող մասնակցել սույն կարգապահական նիստին:
Ուշագրավ է, որ վարույթը հարուցել է արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, ով ինքն ինքնաբացարկ հայտնեց այս վարույթից իր սեփական նախաձեռնությամբ, սակայն նիստին ներկա է նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Այս բացարկը մերժվեց:
Հիշեցնենք, որ Երանուհի Թումանյանցը՝ որպես փոխնախագահ, մի քանի վարույթներով նախարարի ներկայացուցչի կարգավիճակում հանդես է եկել ԲԴԽ-ում, որոշ դեպքերում կատարել է նախարարի պարտականությունները:
«Բացի այդ, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի միջև կա հատուկ կապ և սերտաճվածություն: Վերջիններս համատեղ աշխատել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում, որից հետո Երանուհի Թումանյանցն Անդրեասյանի հետ տեղափոխվել է «AM» իրավաբանական գրասենյակ, ապա՝ Արդարադատության նախարարություն, ներկայումս էլ՝ ԲԴԽ: Նաև հատկանշական է, որ Թումանյանցը և Անդրեասյանը գտնվել են ենթակայական որոշ հարաբերությունների մեջ, և մենք գտնում ենք, որ նման կապի և սերտաճվածության պայմաններում Թումանյանցը չի կարող անաչառ լինել իր նախկին ղեկավար, ներկա ընկեր ու գործընկեր Անդրեասյանի հարուցած վարույթի առնչությամբ: Եվ վերջապես, ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար է հանդիսանում Անդրեասյանի և Թումանյանցի գործընկեր, թիմակից, ընկեր Գրիգոր Մինասյանը, որոնց միջև գոյություն ունեն տևական փոխհարաբերություններ, և, բնականաբար, փոխկապվածություններ: Տվյալ պարագայում Թումանյանցը չի կարող մասնակցել իր գործընկեր, ընկեր Գրիգոր Մինասյանի միջնորդության քննարկմանը և լինել անաչառ: Ուստի գտնում ենք, որ Երանուհի Թումանյանցի պարագայում առկա է ինքնաբացարկի հիմք»,- ասաց Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը:
Նիստը նախագահող Ստեփան Միքայելյանի խոսքով՝ քանի որ Երանուհի Թումանյանցը չի մասնակցել այս վարույթով նյութերի պատրաստմանը, և ընդհանրապես նախարարության այդ ստորաբաժանման հետ ինքը՝ որպես տեղակալ, չի առնչվել, կարող է մասնակցել այս վարույթին:
«Երանուհի Թումանյանցը եղել է նախարարի պաշտոնակատար»,- հակադարձեց Սիրանուշ Սահակյանը, ինչին Ստեփան Միքայելյանը պատասխանեց՝ պաշտոնակատար լինելը քիչ է:
Սիրանուշ Սահակյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր այս վարույթը կարճելուն: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, բնականաբար, առարկեց այս միջնորդության դեմ:
Նիստը նախագահող Ստեփան Միքայելյանը տեղեկացրեց, որ Սիրանուշ Սահակյանի միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին:
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներն էլ միջնորդեցին այս վարույթին որպես վկա ներգրավել դատավորի դեմ հաղորդում ներկայացրած անձին, այսինքն՝ հայցվոր կողմին, ով նշել է, որ իր վերաբերյալ վճիռը դատավորի կողմից տրամադրվել է դատավարական ժամկետների խախտմամբ:
Այս որոշումը ևս կհրապարակվի հաջորդ նիստին:
ԲԴԽ-ն որոշեց՝ դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին: