ԲԴԽ-ն փրկեց Մնացական Մարտիրոսյանին, իսկ Վահե Միսակյանին պատժեցին իր իսկ գործընկեր-դատավորները
Նոյեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) լուծեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, բոլոր ժամանակների իշխանությունների սրտի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված գլխացավանքը: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին դատած, այժմ՝ նույն Փաշինյանի կողմից բավականին գնահատված դատավորը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության շատ հետաքրքիր պատճառաբանությամբ. Պարզվում է՝ դատավարական ժամկետներ էին բաց թողել:
ԲԴԽ-ում, ինչ խոսք, շատ կրեատիվ են, և որոշեցին Մարտիրոսյանին ֆորմալ չպատժելու փոխարեն կրկին չպատժել՝ իրենց պատկերացմամբ նվազ խոցելի հիմնավորմամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց առանց քննության թողնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը։
Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից եռամսյա ժամկետում:
Դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 2022 թ. հուլիսի 29-ին, այսինքն՝ ավելի, քան երեք ամիս առաջ։
Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը, հղում կատարելով այս դրույթին, միջնորդեց կարճել Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կամ մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը։
Եվ թեպետ նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պետք է տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարացնել, քանի որ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են, ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։
Նշենք, որ ներկայումս քննվող կարգապահական վարույթների քննությանը չեն մասնակցում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, քանի որ սրանք դեռ այն միջնորդություններն են, որոնք հարուցվել են Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց զույգի՝ արդարադատության նախարար-փոխնախարար եղած ժամանակ:
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով ավելի քան 10 տարի առաջ կայացված որոշման համար։ Վարդան Ջհանգիրյանը 2009թ. մարտի 31-ին Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով, սակայն 2021թ. մայիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել՝ արձանագրելով Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտումը, ինչից հետո Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթ էր հարուցվել։
Արձանագրենք ևս մեկ անգամ, որ այն դեպքում, երբ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են, ԲԴԽ-ն որոշեց այս վարույթն առանց քննության թողնել, ինչը նշանակում է՝ ելման դիրք, ասես չի էլ ներկայացվել միջնորդությունը: Այսինքն՝ ԲԴԽ-ն համարեց, որ դատավարական ժամկետներ են բաց թողնվել, հետևաբար՝ Մնացական Մարտիրոսյանը չպետք է պատժվի:
Այս որոշումից րոպեներ անց՝ 2022թ. նոյեմբերի 3-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը և դատավորին հայտարարեց նկատողություն:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտում, որոնք իրենց հերթին՝ հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Դատավոր Միսակյանը նույնպես թույլ էր տվել դատավարական ժամկետների խախտում, ավելի ստույգ՝ իր կողմից կայացված վճիռն ուշացմամբ է տրամադրել կողմերին:
Քիչ թե շատ անկախ դատավորներին նրանց ահռելի ծանրաբեռնվածության պարագայում հիմա էլ նոր թեմա են մտածել պատժելու: Տեսնելով, որ այլ զանցանքներ գտնելն իսկ բարդ է, հիմա էլ սա են փնտրում ու հաճախ գտնում, ինչը բնական է. մարդը չի կարող տարեկան հազարավոր գործեր քննելու պայմաններում ինչ-որ բան չմոռանալ:
Հիշեցնենք՝ դեռևս սեպտեմբերի նույն խնդրի առաջ էր կանգնած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ևս մեկ դատավոր՝ Աննա Փիլոսյանը, որին Արդարադատության նախարարությունը մեղադրում էր այն բանում, որ 2021թ. իր վարույթում գտնվող 5400 գործերից երկուսն ամիսներով աչքաթող է արել, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարությունը ԲԴԽ-ին մոռացել էր ուղարկել Դատարանի ուղարկած նյութերի մի մասը:
Ինչևէ, երկու նույնանման պարագաներում ԲԴԽ-ն կայացրեց իր համար հարմար որոշումներ:
Վահե Միսակյանի վերաբերյալ որոշումը ԲԴԽ-ն կայացրեց հետևյալ 7 հոգանոց կազմով՝ Ստեփան Միքայելյան, Դավիթ Խաչատուրյան, Նաիրա Հովսեփյան, Մեսրոպ Մակյան, Անի Մխիթարյան, Վիգեն Քոչարյան, Սերգեյ Չիչոյան: Այս կազմից 5-ը, բացի Դավիթ Խաչատուրյանից և Վիգեն Քոչարյանից, դատավորներ են: Վահե Միսակյանին պատժեցին դատավոր գործընկերները: Մեկնաբանություններն ավելորդ են:
Հիշեցնենք՝ Վահե Միսակյանն է քննում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը, որն արդեն այնպիսի փակուղի է մտել, որ բարդ չէ պատկերացնել այս գործի ճակատագիրը:
Երբ գործով վկային, ով ՀՀ երրորդ նախագահի դեմ ցուցմունք տված միակ անձն է, չեն կարողանում ոչ մի կերպ դատարան բերել, ապահովել նրա ներկայությունը դատական նիստին և, ի վերջո, հարցաքննել իր իսկ տված ցուցմունքների շրջանակում գոնե, կարելի է ենթադրել՝ ինչ ցայտնոտ է տիրում այս գործով պատվիրատուների շրջանում:
Վահե Միսակյանին էր մակագրվել նաև Վազգեն Մանուկյանի վերաբերյալ հարուցված քրգործը: