«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով». Գուրգեն Մելիքյան
Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքի ժամանակ արևելագետ Գուրգեն Մելիքյանը ներկաներին դիմեց «հավերժական ժողովուրդ» արտահայտությամբ և բացատրեց, թե ինչու է այդպես դիմում։
«Տարիներ առաջ, երբ շատ պատկառելի մի խումբ Հայաստանում էր, և կամեցան լինել Բերձորում, ես նրանց ուղեկցում էի։ Գիտեք, Բերձորում առանձնապես շատ բան չկա, բայց գոյություն ունի մեր հավատքի տունը՝ Սուրբ Համբարձման եկեղեցին։ Երբ խումբը նայեց, տեսավ՝ եկեղեցու վրա պատկերված է արծիվը, հզոր հայոց արծիվը, որը ջարդել է թուրքի յաթաղանը, դրա տակը գրված է՝ թաղեցյալ լինիմ, բայց ոչ խոնարհիմ։ Ինձ ասացին՝ կարո՞ղ եմ բացատրել, թարգմանեցի, ասացին՝ դուք հավերժական ժողովուրդ եք, երբ եկեղեցու վրա նման կարգախոս եք գրում։ Մենք հավերժական ժողովուրդ ենք, պայքարի ժողովուրդ ենք, որովհետև կարող ենք ոտքի կանգնել ու մեր մեջքը շտկել»,- հայտարարեց Գուրգեն Մելիքյանը։
Այնուհետև ընթերցեց միասնության հանրահավաքի հայտարարության տեքստը.
«Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը։ Սպառնում է հայկական Արցախի գոյությունը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացումը, փչացնում է մեր հարաբերությունները և բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլյացիա։
Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում, արտաքին քաղաքականության կողմնորոշումը արցախյան կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր ու անընդունելի է։ Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, «Զանգեզուրի միջանցք» պահանջելու ադրբեջանական պահանջը չունի իրավական հիմք։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց և դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով, մեր առաջնային խնդիրները պետք է լինի հանրային համերաշխության, բանակի, Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիությունը»։
Շարունակելով հայտարարությունը, Գուրգեն Մելիքյանն արձանագրեց, որ այժմ հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են հայության համար սկզբունքային ու ճակատագրական հարցեր։ Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։
«Մենք հայտարարում ենք, որ ՀՀ սահմանադրության, ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով ՀՀ իշխանության գրավոր ու բանավոր հայտարարությունները, խոստումները չունեն որևէ իրավական ուժ։ Անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դրանք դիտվելու են առոչինչ։ Կոչ ենք անում արցախահայությանը, ՀՀ բնակիչներին՝ չհիասթափվեն, պայքարեն հանուն Հայաստանի, Արցախի»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում