Ընդդիմությունը 10 թեզ է առաջարկում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ներկայացրեց 10 թեզ՝ Հայաստանի և Արցախի ապագայի, «Դիմադրություն» շարժման անելիքների մասին.
«1. Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը: Եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ, համակերպվել է թուրք-ադրբեջանական պահանջների և նախապայմանների հետ, ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել: Բանակցողին փոխելով՝ մենք աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ: Պարտության դեմքը պետք է փոխվի, և վերջ:
2. Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց միակ բավարար պայմանը չէ: Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի նիկոլ, կամ նրան փոխարինի մի քյալլագյոզական մեկը, որը կասի, որ՝ ես մեկ-երկու օրում ծովից ծով եմ բերելու: Երկու դեպքում էլ կստանանք պատերազմ ու պարտություն, բայց մեզ կայունություն ու խաղաղություն է պետք, որ մեջքերս շտկենք:
3. Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, դա միջազգային արկածախնդրություն է ու միայն կորուստներ է բերում մեզ:
4. Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում. Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ:
5. Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա: Մենք պետք է բանակցենք, ամեն մի ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը:
6. Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը: Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով՝ Ռուսաստանի միջնորդությամբ և այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
7. Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականացնել, որպեսզի Արցախը չհայաթափվի: Առանց Արցախի Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու:
8. Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը:
9. Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան մեր բոլոր քաղաքացիները: Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք քաղաքացի զգալ: 4 տարի առաջ այս ստախոսները հասարակ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին պատերազմ, պարտություն, զրկանքներ, մահեր:
10. Իշխանափոխության համար անհրաժեշտ են հասարակական, քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձևաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն»:
Նա շեշտեց, որ թեզերը կյանքի կոչելու համար պետք է ըստ անհրաժեշտության օգտագործեն խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես իրենց օրակարգով: