Կարո Փայլանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին. դե նրան էլ հայտարարեք անցանկալի անձ. Ռուբեն Մելքոնյան

Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը կոչ է անում Հայաստանի ընդդիմությանը դադարել քննադատել Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ըստ նրա, Փաշինյանը հայասեր է, ուժեղ։ Ըստ Փայլանի, ի տաբերություն Փաշինյանի, ոչ կոնստրուկտիվ է հայաստանյան ընդդիմությունը, որը սխալ է անում, երբ Փաշինյանին անվանում է դավաճան։

Այս մտքերը Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորը հնչեցրել է օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում՝ միևնույն ժամանակ կոչ անելով բոլորիս համոզել Թուրքիային, որ մենք՝ հայերս, իրենց թշնամին չենք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Շուշիին Շուշա անվանող Կարո Փայլանի հնչեցրած վերը նշված մտքերը համարեց ընդամենը քաղաքական ռոմանտիզմի հետևանք. ռոմանտիզմի, որը կապ չունի իրական Թուրքիայի իրական նպատակների հետ։

«Կարո Փայլանի ասածները որևէ կապ չունեն թուրքական իրողությունների հետ, ուստի հասկանալու համար Կարոյի ասածների նպատակը, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ գաղափարախոսության կրող է նա, ու հիշել՝ Կարո Փայլանը Թուրքիայում ձախակողմյան մարգինալ ուժերի գաղափարակիրն է. նրա նման այդ շարժմանը հարող մյուս գործիչները ևս խոսում են հավասարության, մարդու իրավունքների մասին և այդ մասին խոսում են դեռևս 1960-ական թվականներից, և այն, ինչ հիմա ասում է Կարոն, նույնն ասում էր ժամանակին Հրանտ Դինքը, նրանից առաջ էլ՝ 1960-ականների ձախերը»,- ասաց Մելքոնյանը։։

Կարդացեք նաև

Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսորի մեկնաբանությամբ՝ Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորի տեսակետները հենված չեն օբյեկտիվ իրականության վրա, հետևապես, նա իր կարծիքը պարզապես փորձում է փաթաթել հայ հասարակության վրա։

«Ուշագրավ է, որ մեր հասարակությունը հիշում է, որ Կարոն Թուրքիայի խորհրդարանում խոսել է Հայոց ցեղասպանության մասին, բայց, չգիտես ինչու, չի հիշում, որ նույն Կարոն ցավակցել է ադրբեջանցիներին Խոջալուի համար, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում էլ Շուշիին անվանում է Շուշա ու չի խոսում Արցախի ինքնորոշումից, փոխարենը՝ բարձրացնում է ընդամենը Արցախի ժողովրդի անվտանգության հարցը»,- ասաց թուրքագետը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Կարո Փայլանի այս նույն տեսակետները նույնությամբ կրկնել են Ժիրայր Լիպարիտյանը, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, այդ երկրների արտգործնախարարները, Հայաստանի և Թուրքիայի ներկայիս բանագնացները։

«Մի կարևոր նշում ևս՝ Կարո Փայլանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, հետևապես՝ ի՞նչ վատ թեկնածու է persona non-grata հայտարարվելու համար. նա ի՞նչ իրավունք ունի քննադատել հայաստանյան ընդդիմությանը, ինչո՞ւ ոչ ինքը: Չէ՞ որ Զատուլինը, Մարգարիտա Սիմոնյանն արժանացել են այդ բախտին, երբ քննադատել են Փաշինյանին։ Ուշագրավ է, որ Կարո Փայլանը, ինքը լինելով Թուրքիայում ընդդիմադիր գործիչ, եկել է Հայաստան և քննադատում է Հայաստանի ընդդիմությանը»,- ասաց Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս