«Իշխանություններն ինչ-որ խոստումներ են տվել, որոնք հնարավորություն են տալիս թշնամիներին նման հայտարարություններով հանդես գալ». Էներգետիկ հարցերով փորձագետ
Ադրբեջանից դարձյալ հնչել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական տեսլականի մասին հերթական հայտարարությունը:
«Ադրբեջանական երազանքն» այս անգամ Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն է հանրայնացրել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա տեղեկացրել է «Ջաբրայիլ» էներգետիկ հանգույցի նախագծի աշխատանքների մեկնարկի մասին և հավելել.
«Այս նախագիծը թույլ կտա «կանաչ» էներգիայի մատակարարում Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի Նախիջևանից դեպի Թուրքիա և հետագայում Եվրոպա»։
Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նման հայտարարությունները համարում է հայկական կողմի հնարավոր պայմանավորվածությունների հետևանք:
«Խնդիրն այն է, որ այսօրվա իշխանություններն ինչ-որ խոստումներ են տվել, թղթերի տակ են ստորագրել, որոնք հնարավորություն են տալիս մեր թշնամիներին նման հայտարարություններով հանդես գալ, իսկ հայկական կողմը ոչ հերքում է, ոչ հաստատում է:
Գործող իշխանությունների «շնորհիվ» հայտնվել ենք իրավիճակում, երբ արդեն Ադրբեջանն է ասում, թե այդ համակարգերը ոնց կաշխատեն՝ միջանցք կլինի, չի լինի, միջանցքով ինչ կանցնի:
Եթե հավատանք խոսակցություններին, որ մինչև տարվա վերջ խայտառակ կապիտուլյացիայի ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու (ու անկախ հանգամանքից՝ դա կլինի ռուսական, թե արևմտյան տարբերակ, միևնույն է, դրանից խաղաղություն չի հաստատվի), ապա կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը վստահ է, որովհետև կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին կիմանանք միայն վերջում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետը:
Արմեն Մանվելյանը, այդուհանդերձ, վստահեցրեց՝ Եվրոպայի գազի մատակարարման համար Ադրբեջանը չունի համապատասխան հզորութուններ:
«Խոսքը TANAP և TAP համակարգի մասին է, որի մաքսիմալ հնարավորությունը 16 միլիարդ է, իսկ որպեսզի այն ավելացնեն, պետք է կառուցեն նոր գազամուղ, որի մասին դեռևս միայն պայմանավորվածություններ կան, բայց ոչ պայմանագրեր:
Տեսականորեն կարող է կառուցվել այդ գազամուղը՝ մանավանդ, որ Թուրքիան էլ ուզում է ռուսների միջոցով դառնալ գազի վաճառքի hub: Այսինքն՝ ստեղծվելու է գազի վաճառքի պլատֆորմ, որտեղից եվրոպացիները կարող են գազ գնել, քանի որ Եվրոպայում գազի վիճակը չի բարելավվելու միանշանակ»,- հավելեց նա:
Հարցադրմանը, թե հաշվի առնելով գերտերությունների այս պահի տնտեսական հետաքրքրությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը ստիպված լինի նոր զիջումների գնալ՝ նրանց պահանջների համատեքստում, Արմեն Մանվելյանը պատասխանեց.
«Կապ ունի, թե ովքեր են ղեկավարները. եթե մենք կարողանանք գրագետ քաղաքականություն վարել, հիմար խոստումներ չտալ, հետագայում վատ վիճակում չենք հայտնվի, որ մեր հաշվին փորձեն իրենց շահերն առաջ տանել:
Միջազգային ծրագրերի առումով էլ հիշեցնեմ, որ Հայաստանը Հյուսիս-Հարավ բարձրավոլտի կառուցման շատ լավ ծրագիր ուներ ստորագրած, որը գործող իշխանությունները ձախողել են: 2016 թվականին կնքվեց Ռուսաստան-Վրաստան-Իրան-Հայաստան պայմանագիր, որի ամենամեծ շահողը ՀՀ-ն էր, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայկական կողմի ջանքերով այն ձախողվեց, Իրանի հետ հարաբերությունները խաթարվեցին: Նոր-նոր ինչ-որ բան ուզում են վերականգնել՝ 4 տարի շարունակ այդ հարաբերությունները փչացնելուց հետո»: