Ո՞վ է խարդախության համար դատապարտպված և ընդդիմադիր դաշտում «ջուր պղտորող» Հայկ Բաղդասարյանը․ antifake.am

Antifake.am-ը գրում է մինչ ընդդիմադիր դաշտը փորձում է կոնսոլիդացվել ընդդեմ կապիտուլյանտների ու դավաճանների իշխանության Հայաստանի գլխին կախված վերահաս վտանգը կանխելու համար՝ ֆեյսբուքյան տիրույթում թվացյալ ընդդիմադիր գործունեություն ծավալող Հայկ Բաղդասարյան անուն ազգանունով անձնավորությունն այդ հարթակում չի դադարում անվանարկել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց, շարունակում է ընդդիմադիր տարբեր թևերի մեջ կռիվ գցելու և խառնակչության փորձերը։

Այսօր ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց վերջինիս մասին, որում անդրադարձ կար նաև նրա քրեական անցյալին։ ՀՀԿ անդամ Հովհաննես Խաչատրյանը մասնավորապես գրել էր, որ Հայկ Բաղդասարյանը թաքնված դրամաշորթ է և պատմել էր 2019 թվականին տեղի ունեցած դեպքի մասին, թե ինչպես է Բաղդասարյանը Մասիս քաղաքի մի բնակչից խաբեությամբ 7 միլիոն դրամ շորթել։

AntiFake.am-ը ուսումնասիրեց Հայկ Բաղդասարյանի կենսագրությունը և ավելի ուշագրավ տեղեկություններ պարզեց նրա քրեական անցյալի մասին։ Պարզվում է՝ ընդդիմադիր դաշտում խառնակչությամբ զբաղվող Հայկ Բաղդասարյանը «փորձառու» խարդախ է և անգամ դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել խարդախության համար։ Բայց նա հիմա էլ չի դադարում խարդախությամբ զբաղվել և այժմ անցնում է խաբեությամբ տարբեր անձանցից գումար շորթելու ևս երկու քրեական գործերով։

Բաղդասարյանի քրեական անցյալի և ներկայի մասին տեղեկությունները հասանելի են «datalex» դատական-տեղեկատվական համակարգում։

Այսպես, Հայկ Բաղդասարյանը խաբեբայի «կարիերան» սկսել է 2015 թվականին։ Նրա խաբեության առաջին զոհերը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղի բնակիչ Բարսեղ Գաբրիելյանն ու վերջինիս ընկերը՝ Գուրգեն Շահբազյանն են, որոնցից Բաղդասարյանը խաբությամբ 5000 ԱՄՆ դոլար է շորթել։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հայկ Բաղդասարյանը 2015թ. դեկտեմբերին, երբ ժամանակավոր բնակվելիս է եղել Արարատի մարզի Գետափնյա գյուղի իր պապական տանը, նախապես տեղյակ լինելով, որ այդ տան հարևանությամբ գտնվող իր մորաքրոջ ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող կիսակառույց բնակարանը ու դրան կից օժանդակ շինությունն իր տնամերձ հողամասով վաճառվում է, չունենալով այն վաճառելու, առավել ևս` գնորդից կանխավճար ստանալու իրավասություն, խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանալով ուրիշի գույքը հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, այդ կիսակառույց բնակարանի ու դրան կից օժանդակ շինությունը գնելու ցանկություն հայտնած և իրեն հանդիպած Բարսեղ Գաբրիելյանին ու Գուրգեն Շահբազյանին հայտնել է, որ այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է իրեն և իր մայրիկին` Օժենա Բաղդասարյանին։ Հայկ Բաղդասարյանը գնորդներին հավաստիացրել է, որ իրենց սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը գտնվում են Ֆրանսիայում՝ իր մոր մոտ, և նշված անձանց այդ գույքը վաճառելու խոստման դիմաց որպես կանխավճար շորթել է 5000 ԱՄՆ դոլար գումար։ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին դատարանը Հայկ Ալեքսանի Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ։

Հայկ Բաղդասարյանի կողմից խարդախության մյուս երկու դեպքերը տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում՝ 2018 և 2019 թվականներին, որոնց առնչությամբ երկու տարբեր քրեական գործեր են հարուցվել 2020 և 2021 թվականներին։

Այսպես, 2020 թվականին Հայկ Ալեքսանի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, 2019 թվականի փետրվարին Մանվել Կասոյանից հափշտակել է խոշոր չափերով ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամ գումար, իսկ դրանից հետո՝ 2019 թվականի փետրվարի 27-ին, նույն եղանակով Ասլիկ Ղասոյանից՝ խոշոր չափերով 3.000.000 ՀՀ դրամ գումար: Գործը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։

Մյուս քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է Հայկ Բաղդասարյանը, վերաբերվում է Մասիս քաղաքի բնակիչ Զորիկ Ուսոյանից վստահությունը չարաշահելով և խաբեությամբ 7.000.000 դրամ հափշտակելուն։ Այսպես, Հայկ Բաղդասարյանը, օգտվելով այն առիթից, որ Մասիսի բնակիչը ֆինանասական ծանր դրության մեջ է գտնվում և ցանկանում է փաստաբան վարձել, 2018 թվականի դեկտեմբերի կեսերին այցելել է նրա տուն։ Խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով բնակչից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Հայկ Բաղդասարյանը բնակչին հայտնել է, թե կարող է օգնել նրան ծագած ֆինանսական խնդիրները լուծելու հարցում։ Չլինելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր ունեցող անձ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակից, նա բնակչին և նրա ընտանիքին խաբել է և ներկայացել է որպես ԱԱԾ նախկին աշխատակից, ինչպես նաև փաստաբան։ Նա նաև խաբել է, որ բանկում, որի նկատմամբ բնակիչը դրամական մեծ պարտավորություն ունի, Սամսոն անունով ծանոթ աշխատակից ունի, որի օգնությամբ կարող է մարել բնակչի՝ 7.000.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը։ Արդյունքում՝ Հայկ Բաղդասարյանը մաս-մաս, տարբեր օրերի միլիոնավոր դրամների գումար է պահանջել և հափշտակել 7.000.000 դրամ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված բնակչից։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում քննվող քրեական գործը դատավորի վերաքննիչ դատարան տեղափոխվելու հիմքով փոխանցվել է այլ դատավորի, ինչի արդյունքում գործի քննությունը սկսվելու է սկզբից։ Արդյունքում, Հայկ Բաղդասարյանի բախտից, նշված գործով դատավճիռը ուշ կլինի։

Ստացվում է, որ Հայկ Բաղդասարյանը, բացի ընդդիմադիրների շարքերում ջուր պղտորելուց, նաև «փորձառու» խաբեբա է։

Հայկ Բաղդասարյանի կողմից ընդդիմադիր գործչի քողի ներքո խառնակչություն իրականացնելու համատեքստում ուշագրավ են նրա քաղաքական կապերը։ Այսպես, Հայկ Բաղդասարյանը (իր իսկ պնդմամբ և երբեք չհերքված տեղեկատվությամբ) մտերիմ կապեր ունի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Հանդիսանալով Վանեցյանի աջակիցն ու համակիրը՝ Հայկ Բաղդասարյանը ազատ ելումուտ ունի նաև «Հայրենիք» կուսակցության և Վանեցյանին պատկանող լրատվամիջոցի՝ mediahub.am-ի գրասենյակներ։ Ասվածը հավաստող բազմաթիվ ապացույցներ են առկա համացանցում։ Հայկ Բաղդասարյանը տարբեր շրջանակների հետ հանդիպումներում այդ թվում հրապարակային գրառումներում ներկայանում է հենց որպես Արթուր Վանեցյանի ընկեր։

Ավելին, Հայկ Բաղդասարյանը տարբեր անձանց հետ հարցազրույցներ է վարում՝ օգտագործելով mediahub.am լրատվականի հարթակը։

Ի դեպ, Հայկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվից արդեն իսկ հեռացրել է Արթուր Վանեցյանի հետ լուսանկարն ու mediahub.am-ի հետ կապը հավաստող տեսանյութերը։

Հարց է առաջանում, թե որքանո՞վ է պատվաբեր ծանրակշիռ ընդդիմադիր գործչի համար խարդախության դրվագներով հարուստ անցյալ ու ներկա ունեցող Հայկ Բաղդասարյանի հետ առնչությունը, որը իրավունքի հետ լուրջ խնդիրներ ունենալուց բացի նաև քաղաքական դաշտում է նույնաբնույթ գործունեությամբ զբաղվում՝ տարատեսակ խառնակչություններով ու ընդդիմադիր թևի տարբեր շրջանակների միջև խժդժություններ հրահրելով։

Որքանո՞վ է հարիր ԶԼՄ-ին խարդախության համար դատապարտված և ներկայումս էլ շորթման համար որպես մեղադրյալ մի քանի գործերով անցնող Հայկ Բաղդասարյանին, որը ստեր ու կեղծիքներ է տարածում նաև քաղաքականությամբ զբաղվող անձանց մասին, հարցազրույցներ վարել վստահելն ու այդ նպատակով լրատվամիջոցի հարթակը տրամադրելը։

Եվ ամենավերջին հարցադրումը՝ համադրելով Հայկ Բաղդասարյանի մութ քրեական անցյալն ու ներկայիս «հրապարակային» գործունեությունը, արդյո՞ք չենք կարող ենթադրել, որ Հայկ Բաղդասարյանը իշխանությունների հետ գործարքի է գնացել քրեական հերթական պատժից խուսափելու համար և վարձահատույց է լինում ընդդիմության ներսում խառնակչությամբ զբաղվելով, որն իրագործելու համար որպես քաղաքական տանիք է օգտագործում այս կամ այն գործչի «ընկեր լինելը» շահարկելը։

Տեսանյութեր

Լրահոս