Դիտավորությո՞ւն, ամենաթողությո՞ւն, թե՞ անտեղյակություն. ԿԳՄՍ-ն Շիրակի պետական համալսարանին ապօրինի լիցենզիա է տրամադրել
Հայաստանում կրթական համակարգը, հիրավի, ողբերգական օրեր է ապրում: Համակարգը, իհարկե, էլաստիկ չէ, և մի օր անպայման կպայթի՝ չդիմանալով պարբերական ցնցումներին, խմբային ու անհատական շահերով պայմանավորված կամայական որոշումների հետևանքներին:
168.am–ը բազմիցս է անդրադարձել Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) տիրող բարքերին, բուհ-ում ստեղծված անառողջ մթնոլորտին, կոռուպցիոն դրսևորումներին, որոնցով նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) է հետաքրքրվել:
Պարզվոււմ է՝ հերթական ապօրինությունն է տեղի ունեցել Շիրակի պետական համալսարանում, որի վերաբերյալ ահազանգ է հնչեցնում ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանը:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 23-ին Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ՇՊՀ-ի ֆակուլտետների և ամբիոնների կառուցվածքային փոփոխություններն ու ՇՊՀ-ի նոր հաստիքացուցակը, որոնք կազմակերպվել էին խիստ գաղտնի մթնոլորտում ու ընթացակարգային խախտումներով:
«Հոգաբարձուների խորհրդի անդամները գրեթե միաձայն հաստատեցին այդ ապօրինի նախագծերը, քանի որ ռեկտոր Երվանդ Սերոբյանը վայելում է Նիկոլ Փաշինյանի բարձր հովանավորությունը: Ռեկտոր Երվանդ Սերոբյանը, արհամարհելով օրենսդրական պահանջներն ու ներքին իրավական ակտերը, օպտիմալացման քողի տակ ազատվեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի լաբորանտից ու պատմության և փիլիսոփայության ամբիոնի գործավարից (որոշ ժամանակ հետո կազատվի նաև մեկ այլ երիտասարդ կադրից), որոնք իր թիմից չէին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոսը:
Ըստ նրա՝ կառուցվածքային փոփոխություններից հետո «Պատմության և փիլիսոփայության ամբիոնն» ու «Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնը» միավորվեցին, ինչն անհիմն էր ու չէր բխում ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին որոշումից, քանի որ պատմությունը ներառված է հումանիտար գիտությունների ոլորտում, իսկ իրավունքը գործարարության, վարչարարության հետ միասին այլ ոլորտ է:
Հետևաբար, ըստ մասնագետի, Իրավագիտությունը պետք է միավորվեր «Տնտեսագիտության ամբիոնին»՝ վերջինս վերափոխելով այլ անվանմամբ: Նշված որոշման իրավական ուժը հաշվի չի առնվել նաև այլ ամբիոնների պարագայում:
«Մասնագիտությամբ ֆիզիկոս ռեկտորն անօրինական միջոցներով շարունակեց պահպանել մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնը, այն դեպքում, երբ մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ վիճակը ողբերգական է, քանի որ ուսանողներ չունեն»,- ասաց Հովհաննես Խորիկյանը:
Նրա դիտարկմամբ՝ ըստ ՇՊՀ-ի օրինակելի կանոնադրության 2.1. կետի (ամբիոնը ստեղծվում է տվյալ ոլորտի մասնագիտություններին համապատասխան ուսանողական համակազմի, ուսումնական ծանրաբեռնվածության ծավալի /առնվազն 4000 ժամ/ և հինգից ոչ պակաս մասնագետ-դասախոսների առկայության դեպքում, որոնցից առնվազն երեքը պետք է ունենան գիտական աստիճան և /կամ/ գիտական կոչում) և 4.1.2. կետի (թողարկող մասնագիտությունների գծով ընդունելություն չի կատարվում (չհավատարմագրված մասնագիտություն, աշխատաշուկայի պահանջարկի բացակայություն, ֆինանսատնտեսական անարդյունավետություն և այլն)՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն չէր կարող լինել:
Այլ ամբիոններ, ՇՊՀ դասախոսի խոսքով, ևս նման խնդիր ունեն, բայց ռեկտորի ոչ թափանցիկ, թաքուն գործունեությունը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել առկա խայտառակությունների վերաբերյալ:
«Վերջերս պարզվում է, որ իրավագիտություն կրթական ծրագիրը և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում ապօրինի է, քանի որ չի բավարարում «Բակալավրի/մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգի» կարևորագույն պահանջներից մեկին, այն է՝ «ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը», այսինքն՝ այս պահին իրավագիտության գծով համալսարանն ունի պահանջված 3 մասնագետից մեկը: Ընդ որում, իրավագիտություն մասնագիտության դասավանդման պարագայում հաշվի չեն առել նաև, որ նույն կարգի համաձայն, որոշ դասախոսներ չունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն»,- իրավիճակը ներկայացրեց Հովհաննես Խորիկյանը:
Այսինքն՝ սա նշանակում է, որ գիտությունների մեկ թեկնածու ունենալու պարագայում, երբ պահանջվում է 3 գիտթեկնածու ունենալ, լիցենզիա են տվել ՇՊՀ-ին, որ իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի հեռակա և առկա մագիստրոսական ծրագրեր իրականացնի:
ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հունիսի 23-ի նիստին, դասախոսի խոսքով, ռեկտոր Սերոբյանը հայտարարել է, որ պատմաբանները դասավանդում են նաև իրավագիտական առարկաներ ու ղեկավարում ավարտական, մագիստրոսական աշխատանքներ, ինչը նրա համար նորմալ էր:
Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտը նշում է՝ նմանատիպ խնդիրները համալսարանում շատ են, օրինակ, սոցիոլոգիա մասնագիտության ուղղությամբ էլ կան բազմաթիվ իրավական խախտումներ:
Ըստ նրա՝ առ այսօր գաղտնի են պահվում իրավագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա կրթական ծրագրերի ուսումնական ծանրաբեռնվածության ծավալները (ժամաքանակները): Հետևաբար, ռեկտոր Սերոբյանն անհանգստանալու լուրջ պատճաներ ունի:
«Ռեկտորը երիտասարդ, բանիմաց կադրերին սեպտեմբերին ազատեց աշխատանքից, բայց 1957 թվին ծնված նախկին ավագ դատախազին որպես իրավախորհրդատու՝ ընդունեց աշխատանքի, այն դեպքում, երբ «նախկինների» ժամանակ լավագույն շրջանավարտներին էին աշխատանքի ընդունում: Պետությունից լուրջ կենսաթոշակ ստացող անձը հիմա արդեն ռեկտորի ցանկությամբ իրավագիտությունից լսարանային ու ոչ լսարանային ժամեր է ստանալու, երբ որևէ գիտական հոդված չունի ու հեռու է դասավանդելուց: Ընդհանրապես, ռեկտոր Սերոբյանի կողմից վարչական պաշտոններ ստացած անձինք նաև դասախոսներ են դառնում. դասախոսի աշխատանքն այսքան հասարակ է ՇՊՀ-ում»,- ասաց Հովհաննես Խորիկյանը:
ՇՊՀ դասախոսը շեշտում է՝ անչափ ամոթալի է, որ ՇՊՀ-ն 2 տարի պայմանական ժամկետով վերջերս ինստիտուցիոնալ վերահավատարմագրում անցավ, երբ 2016 թ. համալսարանը հավատարմագրվել էր 4 տարով:
«Միայն Երվանդ Սերոբյանն է կարողանում իր մոտ հիմնական աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք այլ հիմնարկում ևս որպես հիմնական աշխատողներ են գրանցված: Կարևորն այն է, որ ռեկտորի և նրա մտերիմների դեմ հարուցված քրեական գործերը կարճվում են, ու դատավորներն էլ բացահայտ պաշտպանում են Երվանդ Սերոբյանին, իսկ վերջինս էլ Ֆեյսբուքում ստուգում է՝ իր «թշնամիների» գրառումներն ու նկարներն ովքեր են հավանել»,- ասաց Հովհաննես Խորիկյանը:
Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է, և ըստ դասախոսի, յուրաքանչյուր հարցով իր պաշտպանության տակ է առնում ռեկտոր Երվանդ Սերոբյանին: Հետաքրքիր է՝ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղյա՞կ են, որ բուհ-ին ապօրինի լիցենզիա է տրամադրվել: