Ես չեմ ասում՝ Հայաստանը պատասխանատվություն չունի, ես ասում եմ՝ Ռուսաստանը պետք է պատասխանատվությունը համապարտ կերպով կրի. Էդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը 24News-ի եթերում Կարպիս Փաշոյանի հետ զրույցում դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում վարած բանակցությունների արդյունքները:
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին նորից մեղադրում են Արցախից ձեռքերը լվանալու մեջ, Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց:
Հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Է.Մ.– Ինչո՞ւ…Եթե լվանում ա, նշանակում ա էդ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ Հայաստանը ջանք չպետք է գործադրի: Մնացած բաները չեմ ուզում ասեմ՝ դասավորել, և այլն, և այլն…
Կ.Փ.- Գիտե՞ք՝ ուրիշ բան էլ են ասում: Տեսեք, Դուք բացատրեցիք՝ ինչու Արցախի մասին խոսք չի գնացել, բայց որոշ բավականին լուրջ քննադատներ ասում են՝ դա այնքան էլ նրա համար չի, որ Ադրբեջանը համաձայն չի եղել: Ուղղակի մեր բանակցողն է դա սխալ անում:
Է.Մ.– Գիտե՞ք՝ տպավորություն կա, որ բանակցողը մի գերուժերով, առանձնահատուկ ինչ-որ մարդ է, որը գնում է, և կապ չունի՝ քո ելակետային տվյալներն ինչպիսին են, ինքը ուժեղ բանակցող է, և դա լինում է: Պրիմիտիվ, պարզունակ բաներ են: Ցանկացած երկրի բանակցող բանակցում է իր երկրի ուժերի և հնարավորությունների, իր Զինված ուժերի հնարավորությունների համատեքստում, միջազգային իրավունքի կոնտեքստում իր ունեցած իրավաքաղաքական նարատիվների համատեքստում: Հիմա ով ինչ ուզում է՝ ասի: Հիմա եթե ասենք Ջո Բայդենը գա, լինի մեր բանակցողը, Ամերիկայի ուժերո՞վ է բանակցելու, թե՞ դառնում է…
Կ.Փ.- Այսինքն՝ այստեղ խնդիրը Հայաստանի մեջ է:
Է.Մ.– Խնդիրը նրա մեջ է, թե մենք ինչ պետություն ենք ներկայացնում, յուրաքանչյուր կողմի բանակցող ինչ պետություն է ներկայացնում: Սա սպորտը չէ, որ, օրինակ, փոքր երկրի հզոր մարզիկը գնա, ուժեղ վազի և օլիմպիական մեդալ բերի: Քո ներկայացուցիչը քո հնարավորություններով է խոսում, ոչ թե իր:
Կ.Փ.- Բայց մյուս կողմից էլ՝ անհատի գործոնն եք զրոյացնում ոնց որ… Մարդուց էլ է, չէ՞, կախված:
Է.Մ.– Անհատի գործոնը չեմ զրոյացնում: Անհատի գործոնը մեր քննադատների ձևակերպումների մեջ բերված է էն մակարդակի, որ կապ չունի՝ նա ինչ պետություն է ներկայացնում, եթե ինքն ուժեղ բանակցող է, ինքը կարող է հրաշքներ գործել: Դա այդպես չէ: Հիմա գանք բանակցողին: Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, այսինքն՝ վարչապետը, բացման խոսքում (ես չեմ հիշում, որ նման բան եղած լինի), որպեսզի որևէ բան դուրս չմնա կամ սխալ ձևակերպի, գրավոր Հայաստանի բոլոր նշաձողերը ֆիքսեց: Որո՞նք են դրանք: Ադրբեջանի զինված ուժերը պետք է մեր սուվերեն տարածքներից դուրս գան՝ հիմք ընդունելով Ալմա Աթայի դեկլարացիան, հետևաբար՝ Սովետական Միության փլուզման պահին ադմինիստրատիվ սահմանները:
Կ.Փ.- Պետք է դուրս գան ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքներից Արցախում:
Է.Մ.- Էդ Արցախի տրակն է, սպասեք, հիմա Հայաստանից եմ խոսում: Որ դուք ասում եք՝ սահմաններ չկան, սահմաններ, արդեն ֆիքսեցինք, որ կան: Էդ սահմանները պետք է գծվեն Ալմա Աթայի դեկլարացիայի հիման վրա: Հաջորդը՝ կոմունիկացիաները… Միջանցքը, չգիտեմ ինչը, որ խոսվում է… Կոմունիկացիաները պետք է լինեն ներքին օրենսդրությամբ, սուվերենության շրջանակներում:
Կ.Փ.- ФСБ-ի վերահսկողությամբ:
Է.Մ.- Հաջորդը՝ նոյեմբերի 9-ի հարցե՞րն ենք քննարկում: Նոյեմբերի 9-ի կատարման հետ կապված պրոբլեմ ունենք: Ո՞րն է պրոբլեմը: Խաղաղապահ ուժերի տարածքում՝ Փառուխ-Քարագլուխ, գազի պայթեցում, նոր գերիներ: Սրանք պետք է չեզոքացվեն, վերացվեն, և նման բան չպետք է շարունակի տեղի ունենալ: Հետ եկանք Ձեր ասած ФСБ-ին: Ի՞նչ ենք պարտավորվել: Պարտավորվել ենք տալ ճանապարհ Ադրբեջանին՝ արևմտյան շրջանները կապել Նախիջևանի հետ: Մենք ապահովում ենք ճանապարհը, Ռուսաստանը մեր քաղաքական խոստումը, պարտավորությունը հսկում է: Իսկ էն մեկնաբանությունները, որոնք որ կային, նրա մասին է, որ մենք հող ենք տալիս, ճանապարհը տալիս ենք ուրիշին, ասում ենք՝ անեք ձեզ, որպիսի պայմանավորվածություն չի եղել, չկա և չի լինելու: Հետևաբար՝ էդ իմաստով ևս նշաձողն արձանագրվեց:
Կ.Փ.- Պարոն Մարուքյան, կներեք, էլի, մի ռեպլիկ թողնեմ: Էս ամեն ինչը շատ հրաշալի նկարագրում եք, բայց էս ամեն ինչը վարչապետի մի ձևակերպմամբ կասկածի տակ է հայտնվում:
Է.Մ.– Ո՞րը…
Կ.Փ.- Թվիթերում ի՞նչ էր գրել՝ հույս ունենաք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր պարտավորությունները: Էս ամեն ինչը էդ մի ձևակերպմամբ կասկածի տակ է հայտնվում: Ի՞նչ է դա նշանակում:
Է.Մ.– Չէ… Նայեք, Դուք կոնտեքստից ուզում եք հանեք էդ թեման, բայց կոնտեքստը շատ կարևոր է: Ի՞նչ է տեղի ունեցել: Վալդայ ակումբի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը, ի պատասխան մեր ներկայացուցիչ, ՀՀ քաղաքացի, շատ հարգարժան քաղաքագետ պարոն Իսկանդարյանի հարցի, ասում է՝ գիտե՞ք ինչ կա, հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները պետք է ընտրեն… Որն ընտրեն, մենք իր հետ ենք: Եվ մենք լավ առաջարկներ ունենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգման վերաբերյալ, բայց այ, արևմտյան ծրագրով Ադրբեջանի սուվերենությունը ճանաչվում է Ղարաբաղի նկատմամբ: Դե, դուք որոշեք: Սա նաև պրոպագանդիստներն են ասում:
Կ.Փ.- Դուք էլ ասում եք՝ Վաշինգտոնի ծրագիր չկա:
Է.Մ.– Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենում: Պատասխանատվությունը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ բերվեց, տեղափոխվեց Հայաստանի ուսերին: Ես չեմ ասում՝ Հայաստանը պատասխանատվություն չունի, ես ասում եմ՝ Ռուսաստանը պետք է պատասխանատվությունը համապարտ կերպով կրի:
Կ.Փ.- Հայաստանն էլ պատասխանատվությունը հետ փոխանցեց Ռուսաստանին:
Է.Մ.– Հայաստանն ի՞նչ ասեց: Կներեք, պարոն նախագահ, բայց սեպտեմբեր ամսին Ձեր ներկայացուցիչը, երբ որ եկել էր ու ներկայացրել էր Ձեր մոտեցումները և Ձեր նախագիծը, Հայաստանն ասել է՝ մենք դրական ենք վերաբերվում, եկեք դրա շուրջ աշխատենք, ստորագրենք:
Կ.Փ.- Արձագանք չի եղել:
Է.Մ.– Որից հետո Ադրբեջանը մերժել է, բայց քարոզչությամբ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ուզում այ էդ ընտիր առաջարկները կյանքի կոչել: Հայաստանը երկու քայլ էլ առաջ է անում և ասում է՝ դե հիմա ես գալիս եմ Սոչի, համ դա եմ պատրաստ ստորագրել, դրան գումարած՝ խաղաղապահները 20 տարով էլ երկարացնենք, որ էս մարդիկ որոշակիություն ունենան, չասեն՝ բա լավ, երեք տարուց ինչ է լինելու, երեխեքին պահենք այստեղ, ինչ անենք: Լարում է, չէ՞, դա:
Կ.Փ.- Հիմա Հայաստանն այդ իր պատրաստակամությամբ Ադրբեջանին նե՞ղն է գցում:
Է.Մ.– Հայաստանն իր պատրաստակամությամբ ցույց է տալիս, որ այն իրականացվող քարոզչությունը, որ կա առ այն, որ, օրինակ, Հայաստանն է դեստրուկտիվ, կամ Հայաստանը չի ուզում այդ առաջարկները կյանքի կոչել, դրանք հօդս ցնդեցին: Էդ գնդակը տեղափոխվեց Սոչի: Դե, Սոչիում էլ ստացվեց մի տեքստ, որը հնարավորինի արվեստի շրջանակներում է, այսինքն՝ դա է եղել հնարավոր ռուսական միջնորդությամբ հասնել:
Որպես հետգրություն և հիշեցում
Ի դեպ, այս հարցազրույցում, Պրահյան պայմանավորվածությունները որպես հաղթանակ ներկայացնող ու Ալմա Աթայի հռչակագրին հղում տվող Էդմոն Մարուքյանը մոռանում է մի շատ կարևոր «մանրուք»:
Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ըստ որի՝ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այն ստորագրել են 11 պետություններ, չեն ստորագրել Բալթյան երեք երկրները և Վրաստանը, բայց Ադրբեջանը ստորագրել էր: Ամբողջ խնդիրը նրանում է, սակայն, որ Ադրբեջանը ստորագրել է, բայց չի վավերացրել այդ հռչակագիրը: Այսինքն՝ ինքը՝ Ադրբեջանը, Ալմա Աթայի հռչակագիը ստորագրած Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի ստորագրությունը համարել է առոչինչ:
1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիևը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի Գերագույն խորհրդի նիստը, որը վավերացնում է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը: Եվ այդ նույն օրը ԱՊՀ ղեկավարների խորհուրդն ընդունում է Ադրբեջանի անդամակցության մասին որոշում: Հետևաբար՝ ո՞ր սահմաններով է Ադրբեջանն անդամակցել ԱՊՀ-ին. այն սահմաններով, որով 1993 թվականին է եղել, այսինքն՝ այն սահմաններով, որոնք գրեթե կային մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը:
Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի տաղավարում, Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել https://168.am/2022/10/18/1782675.html ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասվում էր.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և, իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»: