Բաժիններ՝

Հայկական ֆուտբոլի չխամրող աստղը՝ Հենրիխ Մխիթարյանը, փայլում է իտալական ակումբում

Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների չմարող աստղը՝ Հենրիխ Մխիթարյանը, փայլում է իտալական «Ինտերի» կազմում: Հայկական «Փյունիկից» իր ֆուտբոլային կարիերան սկսած Հենրիխ Մխիթարյանը, ով հետո խաղաց դոնեցկյան երկու ակումբների՝ «Մետալուրգի» և «Շախտյորի» կազմում, ապա տեղափոխվեց գերմանական Բունդեսլիգա՝ փայլուն մրցելույթներ ունենալով Դորտմունդի «Բորուսիայում», հետագայում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», ապա՝ Հռոմի «Ռոմայում», այժմ փայլուն է խաղում իտալական «Ինտերում», և դա այն տարիքում, երբ շատերն արդեն մեխից են կախում խաղակոշիկները:

Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Միլանի «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Անմիջապես այդ խաղից հետո արդեն Չեմպիոնների լիգայում՝ եվրոպական գլխավոր ֆուտբոլային մրցաշարում, «Ինտերը» վստահ հաղթանակ տոնեց Պլզենի «Վիկտորյայի» նկատմամբ՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ և «Բարսելոնային» զրկելով իր ելույթները շարունակելու հնարավորությունից: Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ հանդես եկավ նաև այդ խաղում՝ կրկին դառնալով գոլի հեղինակ:

Հենրիխ Մխիթարյանն արդեն իր հաստատուն տեղն ունի միլանյան ակումբի մեկնարկային կազմում:

Պլզենի «Վիկտորյայի» հետ հաղթական խաղից հետո Հենրիխ Մխիթարյանն, անդրադառնալով «Ինտերի» կազմում արդեն երկու գոլ խփելու փաստին, ասել է՝ դա կախված է նաև թիմի խաղից, և ինչքան թիմը լավ է խաղում, այնքան լավ է ստացվում նաև իր խաղը:

Կարդացեք նաև

«Ավելի վստահ եմ զգում, փորձում եմ նաև օգտակար լինել առջևի գծում: Գոլի հեղինակ դարձա, բայց ամենակարևորը թիմի հաղթանակն է»,- ասել է նա:

Այդ խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը դարձավ աշխարհի այն 4 ֆուտբոլիստներից մեկը, ով 7 թիմի կազմում եվրագավաթների խաղերում դարձել է գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ին Հենրիխ Մխիթարյանը որոշեց դադարեցնել իր մրցելույթները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում:

«Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:
95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել
ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ​​ամենը՝ ինչ կարող էի:
Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ,
և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը»,- գրել էր Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում:

Հենրիխի որոշումն անակնկալ էր շատերի համար, բայց ամեն ինչ գնում էր դրան։ Վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հենրիխի հարաբերություններն ակնհայտորեն վատթարացել էին։

Ինքը՝ Հենրիխը, չի խոսում այս մասին՝ հեռու մնալով սկանդալներից և ուշադրություն չհրավիրելով իր անձի վրա։ Ամեն դեպքում, չի կարելի չհիշել, որ Արմեն Մելիքբեկյանի գալով՝ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշյանը, երկար տարիներ ֆեդերացիայում աշխատելուց հետո չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930