«Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել. պետք է ոչ թե ստատուս գրել, այլ՝ փողոց դուրս գալ». Նաիրա Կարապետյան
«Եվրոպական ինտերգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն այն կարծիքին է, որ Հայաստանի համար որևէ ձևով շահեկան չէ Արցախի հարցի հետաձգումը, պարզապես պետք է փոխել հայկական կողմի բանակցողին և առկա փաստաթղթային հենքի վրա Արցախի անկախության հարցը լուծել:
«Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն է՝ հարցը հիմա լուծել՝ արդեն իսկ գոյություն ունեցող ահռելի փաստաթղթային բազայի վրա: Սոչիի եռակողմ հայտարարության մեջ հղում է արվում Ալմա Աթայի փաստաթղթին, որտեղ հստակորեն նշված է վերապահում Արցախի կարգավիճակի վերաբերյալ, Արցախի՝ հետագայում ԱՊՀ անդամ դառնալու համար կա պարարտ հող, և չմոռանանք, որ, վերջիվերջո, Ադրբեջանը չի վավերացրել այդ հռչակագիրը: Ինձ համար զարմանալի է Ադրբեջանի կողմից ջանասիրաբար այդ հռչակագրին հղում ունեցող բոլոր փաստաթղթերի տակ իր ստորագրությունը դնելը:
Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի համար մեծ նշանակություն չունեն թղթերի բովանդակությունները, որոնք նա ստորագրում է, նա հիմա գտնվում է ձիու վրա և առաջ է սլանում: Մեր խնդիրն է՝ ունենալ բանակցողի փոփոխություն, որովհետև հայկական կողմն ունենալով իր զինանոցում բազում շահեկան խաղաքարտեր՝ ոչինչ չի անում: Հակառակը՝ համաձայնում է այն ամենին, ինչը տալիս են: Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը կրող անձնավորությունը, որը ներկայացնում է մեր երկիրը, իր համաձայնությունն է հայտնում ցանկացած փաստաթղթի, նա չի թաքցնում և ասում է, որ պատրաստ է ամեն ինչ ստորագրել: Այդ մարդու նպատակն իր իշխանությունը պահպանելն է, իր անձնական և խմբակային շահերի պաշտպանությունը՝ զոհաբերելով այն ամենը, ինչ իրենից պահանջվի այս պահին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ քանի Փաշինյանն է իշխանության, ճիշտ չէ՞ Արցախի հարցի լուծումը հետաձգել, որովհետև կարծիքներ կան, որ հակառակ դեպքում նա կստորագրի խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց. «Եթե հիմա Արցախի հարց հետաձգենք, Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, որ Արցախի հարցն իր համար փակված է, ի՞նչն է խանգարում Ադրբեջանին անցնել որոշակի գործողությունների՝ ունենալով Թուրքիայի և մի շարք այլ ուժերի աջակցությունը, նաև՝ եվրոպական կախվածությունը: Ոչինչ չի խանգարում Ադրբեջանին անել, այսպես կոչված՝ սպիտակ ցեղասպանություն՝ բերելով ավելի մռայլ իրադարձությունների: Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ ռեսուրս չունի պաշտպանելու Արցախի անվտանգությունը, կամ, ինչպես իրենք են լկտիաբար հայտարարում՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը: Այդ ե՞րբ Արցախի ժողովուրդն առանձնացավ: Եթե Արցախի ժողովուրդն առանձնանում է, ապա միմիայն ինքնորոշման անվան տակ է առանձնանում, իսկ դուք վերջին 4-5 տարում հետևողականորեն ինքնորոշման դրույթը դուրս թողեցիք հարցի լուծման ընդհանուր կոնտեքստից՝ չհասկանալով, որ հենց Հայաստանին եք կանգնեցնում աղետի առաջ: Ինքնորոշման իրավունքը բանակցային հիմքից հանելով՝ մենք ինքներս ենք կանգնելու աղետի դեմ»:
Նաիրա Կարապետյանը իշխող ուժի մոտ որևէ կարմիր գիծ չի տեսնում. «Ես այս իշխանությունների մոտ կարմիր գիծ չեմ տեսել: Կարմիր գիծ չկա նաև սահմանված որևէ պաշտոնական փաստաթղթով, մենք չունենք արտաքին ռազմավարություն, չունենք վեկտորներ, որոնք անդրժելի են: Մեր դիվանագիտական կորպուսն այսօր գտնվում է ոչ նախանձելի վիճակում, որովհետև միջազգային իրենց գործընկերների հետ շփումներում մարդիկ չգիտեն՝ որ գիծը պետք է տանեն առաջ: Ցեղասպանության ճանաչման հարցն է անորոշ, Արցախի հարցն է գնալով դառնում աղետալի, մեր արևմտյան, ռուսաստանյան, արևելյան գործընկերների հետ հարաբերություններն են կայծակնային արագությամբ փոխվում»:
Նա շեշտեց. «Հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրած մարդ է, որի հետ խոսում են թելադրողի լեզվով: Այնտեղ պետք է լինի կամք և դեմք ունեցող մարդ»:
Կարապետյանի խոսքով՝ փողոցային պայքարը կարող է արդյունք տալ. «88-ը ստացվեց, որովհետև չկային սոցիալական հարթակներ, և մարդիկ իրենց դժգոհությունը հայտնելու համար դուրս էին գալիս փողոց, փողոցում էին խոսում իրար հետ: Իսկ մենք հիմա քոմենթ ու ստատուս ենք գրում, ու ենթագիտակցորեն ներքին բավարարվածություն է լինում. ո՛չ, պետք է պայքարել փողոցում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում