«Կրակոցը նորմալ բան է․ վաղը կարող է ես լինեմ զոհը․․․»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մասնավորապես Ջերմուկ տուրիստական քաղաքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային և դրա ազդեցությանը տուրիզմի ոլորտի վրա։ Նախարարն ասել է, որ պետք է ապրել՝ հաշվի առնելով այս նոր, իր ձևակերպմամբ՝ նորմալ իրավիճակը․
«Իհարկե Կառավարությունը և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի անվտանգային միջավայրն օրըստօրե բարելավվի, բայց պետք է նաև ի նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ուեննալ»։
Լրագրողի հարցին՝ ամենօրյա կրակոցը ձեզ համար դարձել է նորմա՞լ, Էկոնոմիկայի նախարարը հարցով արձագանքեց, ապա շարունակեց․
«Իսկ ձեր համար չի՞ դարձել նորմալ բան։ Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, և այդ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, և եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և մեր երկիրն ավելի ապահով դարձնել»։
Դիտարկմանը՝ նոր զոհերով դարձնել նորմալ, Քերոբյանը նախ ցավակցեց բոլոր զոհվածների ընտանիքներին, ապա հավելեց․
«Վաղը կարող է ես լինեմ զոհը և ես պատրաստ եմ դրան»։