ՌԴ-ի կարծիքով՝ ԼՂ կարգավիճակի հարցը կարելի էր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն պայմաններ բոլորի համար ընդունելի, արդար լուծման համար․ Սերգեյ Կոպիրկին
«Կարևոր է, որ ՌԴ-ն, չնայած խնդիրներին, մեծ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասի իրավիճակին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորումն առաջ մղելու հարցում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներին և ԼՂ կարգավիճակի հարցին։
Դեսպան Կոպիրկինն ասաց, որ ՌԴ նախագահը բանակցություններից հետո արդեն ասել է իր խոսքը, դրան ինչ-որ բան ավելացնելը բարդ է։
Ըստ նրա, չափազանց կարևոր է ինքնին նման հանդիպման փաստը և այն, թե որքան է այն տևել, ինչպիսին է եղել դրան նախապատրաստությունը, այդ ամենը խոսում է այն մասին, որ իսկապես այնտեղ կայացել է առարկայական, բովանդակային քննարկում կարգավորման բոլոր հարցերի՝ ամենաբարդ հարցերի շուրջ ևս և, ինչպես ասաց ՌԴ նախագահը, ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց պայմանավորվել, սակայն շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ, շատ կարևոր է, որ կողմերը, որքանով հնարավոր է դատել, կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու հարցում իսկապես ցուցադրեցին պատրաստակամություն։
«Ինձ համար նաև շատ կարևոր է այն, որ այդ հանդիպումը կայացավ Ռուսաստանում և ակնհայտորեն փաստում է, որ ՌԴ-ն, ՌԴ ղեկավարությունը, չնայած այն խնդիրներին, հարցերին, որոնք ստիպված են լուծել այլ տարածաշրջաններում, ամեն դեպքում մեծ ուշադրություն են հատկացնում Հարավային Կովկասի իրավիճակին և չեն թուլացնում ՌԴ ջանքերը կարգավորումն առաջ մղելու հարցում։ Ինչպես ՌԴ նախագահն ասաց, որը ևս շատ կարևոր է, ՌԴ առաջնահերթությունն է՝ ամեն կերպ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համակարգային կարգավորմանը»,- ասաց դեսպան Կոպիրկինը։
Նա հիշեցրեց նաև ՌԴ նախագահի հայտարարությունը, որ ՌԴ-ն լիարժեքորեն հանձնառու է ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերություններին։
«Ես կարծում եմ, որ դա չափազանց կարևոր ազդանշան է ոչ միայն հայ հասարակության, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասաց դիվանագետը։
Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցին՝ դեսպանն ասաց, որ ՌԴ-ի կարծիքով՝ ԼՂ կարգավիճակն այն հարցն է, որը կարելի էր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն պայմաններ բոլորի համար ընդունելի, արդար լուծման համար։ «Սակայն, ինչպես «Վալդայ» ակումբում ասաց ՌԴ նախագահը, ողջ կարգավորումը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք»,- ասաց Կոպիրկինը։
Ինչ վերաբերում է Սոչիում կայացած հանդիպմանը, դեսպանն ասաց, որ կարող ենք միայն ենթադրություններ անել, թե ինչի շուրջ չի եղել համաձայնություն Սոչիում։
«Ես հիմնվում եմ ՌԴ նախագահի խոսքի վրա»,- ասաց նա։